«Շատ լավ, շատ բարձր տրամադրությամբ եմ, իսկ Ծառուկյանին ի՞նչ ա եղել, որ տրամադրությունը լավ չլինի»- Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, այսօր կայանալու է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննարկումը: Նախորդ նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմը դատարան չէր ներկայացել՝ պատշաճ ծանուցված չլինելու պատճառով:
Հիշեցնենք նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ընտրակաշառքի գործով: Հունիսի 15-ին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում միջնորդություն ներկայացրեց՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ կալանավորումը թույլատրելու համար: Հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում էր 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում: Վերաքննիչ քրեական դատարանը շուրջ 2,5 ամիս առաջ բեկանել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և այն հետ ուղարկել նոր քննության: Անակնկալ ձեւով հայտնի դարձավ, որ այս գործով նիստ է նշանակվել: ԲՀԿ-ից էլ հայտարարում են, որ այս ամենում քաղաքական ենթատեքստ կա, քանի որ երեկ երեք կուսակցությունները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», հայտարարեցին, որ հոկտեմբերի 8-ին հանրահավաք են հրավիրում Ազատության հրապարակում:
Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ հնարավոր համարում ե՞ք, որ ձեզ կալանավորեն, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Եթե մարդը խոսում է իր երկրի համար, իր ժողովրդի համար, իրավիճակի համար… սոցիալական, տնտեսական, քաղաքական իրավիճակը այնպիսի ծանր է, որ այդպես երբեք չի եղել: Ես ասել եմ հունիսի 5-ին, որ այդ վիճակից պետք է դուրս գալ, իրոք ժողովրդի վիճակը շատ ծանր է: Դուք տեսնում եք, որ այսօր աշխարհում գոնե մի պետություն չկա, որ աջակից լինի Հայաստանին: Ես ասում եմ՝ ուղղենք, թե չէ ավելի վատ է լինելու: Հունիսից մինչեւ հիմա նայելով՝ ավելի վատ ու ավելի լավ չի կարող լինել: Այս սկզբունքով մոտեցմամբ՝ այդ հիմնական կառավարության կազմը, որովհետեւ ասել եմ, ասում եմ, մարդիկ անփորձ են, փորձ չունեն, չեն տիրապետել ոլորտը: Այսօր պատմաբանին չեն կարա տանեն տնտեսության ղեկավար դնեն: Հիմնական խնդիրը սա է եղել: Ես ինչ-որ ասել եմ՝ իմ ասածին տեր եմ, ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Եթե էսօր Ծառուկյանին ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, հարկային պարտավորությունները կպակասի, չգիտեմ, ժողովրդի տոկոսները կիջնի, ուսման վարձը կպակասի՝ հարց չկա, եթե ներդրումները կավելանան: Ես ինչ-որ ասել եմ՝ իմ սկզբունքին եմ՝ ավելի համոզված, դեռ քիչ եմ ասել»:
Կարդացեք նաև
Երեկ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ որոշակի պաշտոնյաներ ուղղորդել են դատարանին: Այս մասին մեկնաբանություններ Գագիկ Ծառուկյանը չարեց, միայն ասաց, որ ամեն ինչ դատական գործընթացը ցույց կտա:
Դատարանի բակում, ի դեպ, հավաքվել են ԲՀԿ առաջնորդի աջակիցները՝ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ավագանու անդամներ եւ այլոք: Դատարանի մոտ են նաեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ