Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո ո՞վ է ժողովուրդը, ում անունից խոսում են քաղաքական գործիչները

Սեպտեմբեր 25,2020 13:30

Հատված փաստաբան Գեւորգ Գյոզալյանի տեսաիրավական վերլուծությունից

Գրեթե ամեն օր մենք լսում ենք ժողովրդի անունը, ամեն օր մենք տեսնում ենք, որ այս կամ այն անձը ինչ-որ խնդիր ներկայացնում է ժողովրդի անունից, հանուն ժողովրդի եւ այսպես շարունակ: Արդյո՞ք որեւէ անձ կամ խումբ արտահայտում է ժողովրդի կամքը: Ժողովուրդ բառի օգտագործումը տարբեր սուբյեկտների եւ խմբերի կողմից որքանո՞վ է արտահայտում օբյեկտիվ իրականությունը: Այս հարցերի պատասխանը ես կփորձեմ տալ համառոտ այս վերլուծությամբ:

Հայ ժողովուրդ

Բազմաթիվ են օրինակները, երբ հայ ժողովուրդ ասելով նկատի է առնվել ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլեւ ազգությամբ հայերին, ովքեր սփռված են համայն աշխարհով եւ մեծամասամբ ունեն այլ պետությունների քաղաքացիություն: Ներկայումս հայերի բնակության վայրերը կարելի է բաժանել երեք խմբի՝ Հայաստան, Արցախ եւ Սփյուռք։ Չժխտելով հանդերձ, որ հայ ազգը անվերապահորեն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք, այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության վարքագծի որոշողը բացառապես ընտրական իրավունք ունեցող անձինք են: «Հայաստանի անկախության հռչակագրի» (այսուհետ Հռչակագիր) 4-րդ հոդվածի երկրորդ պարբերության մեջ նշված է. «Արտերկրի հայությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք ունի»:

Ինչպես 1995 թվականին ընդունված, այնպես էլ 2015 թվականի նոր Սահմանադրության նախաբանում նշված է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Վկայակոչված նորմերից ակնհայտ է, որ մենք մեր պետականաշինության գործում աներկբայորեն նկատի ենք ունեցել հայ ազգին որպես մեկ միասնական ժողովուրդ՝ անկախ նրանց քաղաքացիությունից եւ բնակության վայրից: Միաժամանակ, սակայն, Հայաստանի Հանրապետության ճակատագրի հարցը, որպես կանոն, թողել ենք այն անձանց ձեռքը, ովքեր ունեն ընտրելու իրավունք: Սահմանադրության 47-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են՝ ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք: Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

Հռչակագրի 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին: Այս թեզն իր զարգացումն է գտել նաեւ Սահմանադրության մեջ, որի անփոխարինելի 2-րդ հոդվածում նշված է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաեւ Սահմանադրությամբ նախատեսված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իր հերթին, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի» 2-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն(…). մինչեւ քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ` քաղաքացիություն չունեցող ընտրող):

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրության 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ հասկացությունը ՀՀ օրենսդրության մեջ ընդունված է հասկանալ դրա քաղաքական իմաստով: Այսինքն, հայ ժողովուրդ ասելով հասկանում ենք բոլոր այն անձանց, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, 18 տարեկան են եւ կարող են մասնակցել ընտրություններին: Այս կանոնից ունենք մեկ բացառություն, որը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը՝ դրա առանձնահատուկ բնույթից ելնելով: Ի մի բերելով ասվածը՝ կարող ենք եզրահանգել, որ հայ ժողովուրդ հասկացությունն իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց (Հռչակագիր, Սահմանադրություն), Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող, սակայն Հայաստանի Հանրապետությունում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող անձանց (ՀՀ ընտրական օրենսգրքի 2-րդ հոդված), ինչպես նաեւ ազգությամբ բոլոր հայերին (Հռչակագրի 4-րդ հոդված, Սահմանադրության նախաբան եւ այլն):

Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետությունում ժողովուրդ բառը հիմնականում օգտագործվում է դրա քաղաքական իմաստով՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող անձանց նկատի ունենալով, անկախ նրանց էթնիկական պատկանելությունից: Ընդ որում՝ այս տենդենցը տարածված է աշխարհով եւ աստիճանաբար էական է դառնում ոչ թե անձի էթնիկական ծագումը, այլ նրա քաղաքական կարգավիճակը (քաղաքացիություն):

Ժողովրդի կամքը

Ավստրիացի իրավաբան ու համատեղությամբ ժողովրդավարության տեսաբան Հանս Կելսենը պնդում էր, որ պառլամենտի կամքն իրականում ժողովրդի կամքը չէ, քանի որ ժողովրդի կամք ասվածը հնարավոր չէ հստակ զատորոշել: Մենք միայն կարող ենք ստուգել ընտրությունների արդյունքները, իսկ մնացած ամեն ինչը, ըստ Կելսենի, «մետաքաղաքական պատրանք է»: Յան-Վերներ Մյուլլերը շատ դիպուկ նկատում է. «Պատրանք» բառը շատ տեղին է այստեղ: Չէ՞ որ ամբողջ ժողովրդին երբեք հնարավոր չէ հասկանալ կամ ներկայացնել: Նվազագույնն այն պատճառով, որ նա երբեք ու ոչ մի րոպե նույնը չի մնում: Քաղաքացիները մահանում են, նոր մարդիկ են ծնվում: Այս ամենով հանդերձ միշտ շատ գրավիչ է թվում պնդումը, թե որեւէ մեկը կարող է ճանաչել ժողովրդին որպես այդպիսին: Եթե ընդունենք անգամ, որ հայ ժողովուրդը (2017թ.-ի դրությամբ) բաղկացած էր 3,046,100 անձանցից, որից 2,593,140 անձինք ունեն ընտրելու իրավունք (2018թ.-ի դրությամբ) եւ որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընդամենը 1,261,105 անձ, ապա կարող ենք պնդել, որ 10-12 միլիոնանոց հայ ազգից միայն 2,593,140 անձ ունի ընտրելու իրավունք եւ դրանից միայն 1,261,105 անձ է արտահայտել իր կամահայտնությունն՝ ընտրությունների միջոցով: Ընդ որում՝ այս 1,261,105 ձայներն էլ բաշխվել են 11 քաղաքական կուսակցությունների միջեւ (ՀՀԿ-59,083, ՔՈ-8514, ՀՀԴ-48,816, ԻՔԴ-884,864, ԼՀ-80,047, ՔԺՎ-6458, ԱԱ-4121, ՄԴ-25,176, ՕԵ-12,393, ՍԾ-22,868, ԲՀ-103,801): Բավարա՞ր է արդյոք, որ որեւէ կուսակցություն կամ խումբ, կամ անհատ արտահայտի ողջ ժողովրդի կամքը: Պատասխանը թերեւս հստակ է՝ ոչ: Եթե անգամ վերցնենք ժողովուրդ հասկացության քաղաքական իմաստը եւ նկատի ունենանք այն 3,046,100 անձանց, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունում, ունեն ՀՀ քաղաքացիություն, ապա այս դեպքում խոսքը գնում է միայն 2,593,140 անձանց մասին, որոնցից միայն 1,261,105 անձ է մասնակցել ընտրություններին: Եթե անգամ վերցնենք ընտրելու իրավունք ունեցող 2,593,140 անձանց եւ նրանց ձայնը տանք կոնկրետ մեկ քաղաքական ուժին, ապա վերստին չենք կարող ասել, որ այդ քաղաքական ուժը արտահայտում է առնվազն 3,046,100 անձանց կամքը:

Հայտնի փաստ է, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխության մասնակիցներից շատերը 18 տարին չլրացած եւ ընտրական իրավունք չունեցող երեխաներն էին, որոնք անշուշտ մաս կազմելով 3,046,100 անձանց, չունեին ընտրական իրավունք եւ որեւէ ձեւով ներկայացված չէին Հայաստանի Հանրապետության կառավարման գործում: Ասել կուզի՝ ժողովուրդ բառի քաղաքական իմաստով նրանք չէին հանդիսանում ժողովուրդ: Բայց արդյո՞ք դա այդպես է, միանշանակ՝ ոչ: Մի կողմ թողնելով հայ ազգի դառը ճակատագիրը, որի արդյունքում մենք ունենք ողջ աշխարհով սփռված 8 միլիոնանոց սփյուռք, պետք է նշել, որ անգամ այն չունենալու դեպքում որեւէ քաղաքական ուժ կամ անհատ չի կարող ներկայացնել ողջ ժողովրդի կամքը, քանի որ այդ ժողովրդի մեջ մտնում են ոչ միայն ընտրական իրավունք ունեցող անհատները:

Հայկական օրինակով, եթե վերլուծենք, ապա կարող ենք պնդել, որ ժողովուրդ հասկացության (քաղաքական իմաստով) մեջ ներառված են 1,261,105 անձինք, ովքեր, բնականաբար, միաձեւ չեն քվեարկել: Տվյալ դեպքում, որպեսզի որեւէ մեկը արտահայտի ողջ ժողովրդի կամքը, ապա առնվազն պետք է ունենա ժողովրդի (քաղաքական իմաստով) ողջ ձայները: Արդյո՞ք սա նշանակում է, որ ընտրություններում հաղթած քաղաքական ուժը կամ անհատը չի ներկայացնում ժողովրդին, ոչ, չի նշանակում: Բայց սա նշանակում է, որ ընտրություններում հաղթած քաղաքական ուժը կամ անհատը պետք է հաշվի նստի 3,046,100 անձանց շահերի եւ քաղաքական տրամադրությունների հետ, մասնավորապես իր ձայները չներկայացնելով այնպես, որ դրանք ԲՈԼՈՐԻ ձայներն են կամ որ ինքը արտահայտում է ժողովրդի կամքը: Վերը բերված օրինակով մենք տեսանք, որ գործնականում ժողովրդի կամքը ներկայացնելը ուղղակի անհնար է, քանի որ հենց միայն 3,046,100 թիվը հաստատ չի մնում: Այս ամենը բերում է բաժանումների, երբ որեւէ քաղաքական ուժ, անհատ կամ խումբ փորձում է հանդես գալ այնպես, որ նա ներկայացնում է ողջ ժողովրդի կամքը եւ նրան ամեն ինչ թույլատրելի է, քանի որ նա գործում է ժողովրդի անունից, հանուն ժողովրդի:

Ամերիկացի ուսուցչուհի Ջեյն Էլլիոտը ցանկացավ իր սպիտակամորթ աշակերտներին (գյուղական դպրոցի երրորդ դասարանցիներ) ցույց տալ, թե ինչ են զգում խտրականության ենթարկված մարդիկ, նախապաշարմունքների զոհերը: Այդ նպատակով նա պատահական կարգով իր դասարանի սեւաչյա երեխաներին անվանեց «բարձր տեսակի», իսկ կապուտաչյաներին՝ «ցածր տեսակի»: Բարձր տեսակի աշակերտներին հատուկ իրավունքներ եւ արտոնություններ տրվեցին, մինչդեռ կապուտաչյա աշակերտները պետք է ենթարկվեին այն կանոններին, որ պարտադրում էր իրենց գրավված ստորին դիրքը: Անմիջապես նկատվեց, որ կապուտաչյա աշակերտներն սկսեցին ավելի վատ պատրաստվել դասերին, դարձան ճնշված, մռայլ ու զայրացկոտ: Նրանք իրենք իրենց նկարագրում էին որպես «չար», «վատ», «բութ», «միջակ» եւ այլն: Սեւաչյա աշակերտների մասին ուսուցչուհին ասում է, որ խելացի ու լավ սովորող աշակերտները դարձան գարշելի, չար, դաժան եւ սկսեցին ճնշել փոքրիկներին:

Նման միջխմբային խտրականության անմիտ (իռացիոնալ) լինելը ցույց տալու համար հաջորդ հանդիպման ժամանակ նա դասարանին հայտարարեց, թե ինքը սխալվել է. բարձրագույնների խմբում կապուտաչյաներն են, իսկ ցածր տեսակի են սեւաչյաները: Այժմ արդեն սեւաչյաներն արագորեն հրաժարվեցին իրենց նախկին բնութագրերից («երջանիկ», «լավ», «հիանալի» եւ այլն) եւ սկսեցին իրենք իրենց բնութագրել որպես վատ, տկար, մռայլ… նրանց ուսումնական աշխատանքի մակարդակը նույնպես ընկավ, մինչդեռ նոր «կառավարող դասի» անդամների մտավոր գործունեության մակարդակը բարձրացավ: Աշակերտների միջեւ նախկինում հաստատված ընկերական կապերը թուլացան կամ քանդվեցին՝ իրենց տեղը զիջելով թշնամությանը: Դա տեւեց մինչեւ գիտափորձի ավարտը:

«Առավոտ» օրաթերթ
24.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930