Հարցազրույց կանադաբնակ կոմպոզիտոր Աշոտ Արիյանի հետ
– Դուք 2007 թվականից ապրում եւ ստեղծագործում եք Կանադայում։ Թեեւ ոչ հաճախակի, բայց մեկ կամ երկու անգամ ներկայացել եք հայաստանցի երաժշտասերներին։ Վերջինը շատ լավ ենք հիշում. դա 2018 թվականն էր, ներկայացրիք ձեր հեղինակած օրհներգը։ Մինչ այդ Հայաստանի Հանրապետության օրհներգի իրենց տարբերակներն էին հնչեցրել Տիգրան Մանսուրյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Երվանդ Երզնկյանը եւ այլք, բայց այդպես էլ հայտարարված մրցույթում հաղթող չճանաչվեց։ Մինչ օրս էլ չեն դադարում դժգոհությունները Հայաստանի այսօրվա հիմնի մասին, իսկ հաճախ էլ կարծիքներ են հնչում, թե ինչու չվերականգնվի Խաչատրյանի հիմնը՝ այլ տեքստով։ Ի դեպ, այդ կարծիքին է նաեւ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, որը կարծես սկսել էր այդ գործընթացը, բայց հավանաբար քաղաքական իրադարձությունների պատճառով այդ հարցը «քնեց»։
– Այո, 2018թ. Երեւանում համահայկական խանդավառության օրերին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի եւ Ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ հնչեց իմ «Երկիր Հայրենի» օրհներգը։ Նշեմ, որ ամենեւին չեմ հասկանում Արամ Խաչատրյանի հեղինակած Խորհրդային Հայաստանի հիմնի երաժշտությունը ներկայիս Հայաստանի օրհներգ դարձնելու ջատագովներին։ Հիմն հասկացությունը անհամեմատ բարձր է անձ, հանճար կամ նոստալջի հասկացությունները միասին վերցրած։ Խաչատրյանի հիմնը երաժշտական բարձր որակներով հանդերձ ընդգրկում է կոնկրետ ժամանակաշրջան, դարաշրջան, «մեծ եղբոր» անմիջական առկայություն, Հայաստանի Խորհրդային Հանրապետության երկրորդական ու երրորդական դերակատարություն ԽՍՀՄ հանրապետությունների կոնգլոմերատի մեջ եւ այլն։ Այն, որ այսօրվա «Մեր հայրենիքը» պետք է զիջի իր տեղը ավելի արդիական ու խրոխտ որեւէ հիմնի տարբերակի՝ կասկածից վեր է։ Սակայն խորհրդային երաժշտության վերադարձը մի այլ որակի ծայրահեղություն է։ Եկեք չփորձենք համեմատվել կայսերական Ռուսաստանի հետ…ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը վերականգնեց կայսերական սովետմիության հիմնը։
– Ի՞նչ նորություններ կան ձեր ստեղծագործական կյանքում։
Կարդացեք նաև
– Անշուշտ, կան։ Նախատեսել էի Հայաստանում հնչեցնել վերջին շրջանի ստեղծագործություններիցս, սակայն համավարակը մեզ բոլորիս վատ իմաստով «հանգստացրեց»։
– Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ մտածում եք հայրենիք վերադառնալու մասին, ավելին՝ ասում են, որ հայրենիքում ձեզ տեսնում եք նաեւ մանկավարժի դերում։
– Այո, ճիշտ եք։ Երկար տարիներ գտնվելով հայրենիքից հեռու, ժամանակն ավելի քան հասունացել է վերադարձի ուղղությամբ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու համար։ Ինչ վերաբերում է դասավանդմանը Հայաստանում, այն ինքնանպատակ չէ։ Ունենալով դասախոսության երկար տարիների փորձ Մոսկվայի կոնսերվատորիայում, ինչպես նաեւ կանադական երկու համալսարաններում, պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ հայաստանյան երաժշտակրթական ոլորտում։ Այսօր Կանադայում, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում, ուսուցումը տեղափոխված է առցանց դասավանդման ոլորտ, որը բավականին տարօրինակ միջավայր է, հատկապես երաժշտական գիտություններ փոխանցելու համար։ Կարծես ընտելանում եմ, սակայն կորուստները գիտելիքների պատշաճ ընկալման տեսակետից չափազանց մեծ են։
– Վերադառնանք հայրենադարձությանը։
– Որքան էլ տարօրինակ հնչի, հայրենիք վերադառնալու որոշումը կայացրել եմ դեռեւս Մոսկվայում, 12 տարի առաջ։ Իսկ կորոնավիրուսը միայն տհաճ զուգադիպություն էր, որը, ցավոք, դեռ կարող է արգելք հանդիսանալ օդային ճանապարհների փակման համար եւ ոչ միայն։
– Հայաստանցի ձեր գործընկերները ասում են, թե շեղվել եք դեպի բալետային արվեստ, հավելում նաեւ, որ հեռակա համագործակցում եք խորեոգրաֆ Ռուդոլֆ Խառատյանի հետ։
– Գործընկերներիս որակմամբ՝ «շեղումը» փոքր-ինչ վաղ էր, երբ ստեղծվեց «Գիլգամեշ» օպերա- բալետը։ Ի դեպ, տեսարանների պարային, եւ ոչ միայն, դրամատուրգիան կառուցված է Խառատյանի հմուտ առաջարկների հիման վրա։ Իսկ օպերային տեսարաններն ամբողջովին «մեռած» շումերերեն ու աքքադերեն լեզուներով են, որոնց ներմուծումն իրագործվել է Տորոնտոյի եւ Չիկագոյի համալսարանների շումերագետների խստիվ հսկողությամբ։ Վստահ եմ՝ գիտեք, որ մասնակցություն եմ ունեցել Խառատյանի «Զույգ արեգակներ» ներկայացմանը։ Կարծում եմ, որ սա գոնե վերջին տասը տարվա ամենավառ բեմադրություններից մեկն է հայկական բալետում։ Ասվածիս ապացույցը վերջերս Mezzo TV-ի ցուցաբերած հետաքրքրությունն է այս բալետի հանդեպ. կնքվել է պայմանագիր, որը հնարավորություն կտա նշյալ հեղինակավոր TV-ի բազմահազարանոց հանդիսատեսին այդ ներկայացման միջոցով ծանոթանալ ոչ միայն մեր բալետարվեստին, այլ նաեւ պատմությանը։ Ցավով տեղեկացա, որ «Զույգ արեգակները» ընդգրկված չէ Երեւանի օպերային թատրոնի խաղացանկում։
– Դարձյալ գանք հայրենադարձության թեմային։ Հետաքրքիր է՝ Սփյուռքում ստեղծագործող մեր հայրենակիցներից ո՞ւմ գիտեք, որ ցանկանում է վերադառնալ։
– Վերադառնալ շատերը կցանկանան, սակայն իրականում ոչ բոլորն են պատրաստ հնարավոր զոհաբերությունների։ Կարծում եմ՝ միտքս առանց մանրամասնելու էլ հասկանալի է։ Հենց վերջերս այդ հարցը քննարկում էի լավ ընկերոջս՝ լոսանջելեսաբնակ փայլուն թավջութակահար Սերգեյ Կոսեմյանի հետ… Անշուշտ, կոմֆորտի տեսակետից կանադա-ամերիկյան իրականությունը համեմատելի չէ հայկականի հետ։ Մյուս կողմից՝ մի՞թե կոմֆորտի զգացումը այդքան մոգական ու անհաղթահարելի է, որ ստիպի բանական մարդուն տարբեր պատրվակների միջոցով անդադար ու հավերժ հապաղել իր նախնյաց հողի հետ հոգեւոր ու նյութական կապի վերականգնման գործում։ Ավելի քան այժմեական է, որպեսզի այսօրվա հայը, որպես ամենաքիչը 4000 տարվա պատմություն ունեցող ազգի ներկայացուցիչ, ունակություն ունենա տարբերակել որակյալը անորակից, իրականը կեղծավորից եւ վերջապես՝ բուն արժեքայինը մերօրյա անցողիկ «արժեքներից»։ Հակառակ դեպքում վերջնականապես կարժեքազրկվեն արդեն բուն հազարամյակները՝ ազգի համար բխող բոլոր կործանարար հետեւանքներով հանդերձ։ Որպես հին ազգ մենք դատապարտված ենք գնահատել, եթե ոչ պաշտել որակն ու որակյալը՝ թե մարդկային, թե մասնագիտական առումներով։ Իսկ եթե ԽՍՀՄ փլուզման հետեւանքով բարձրակարգ մասնագետների պակասը 30 տարի անց դեռ իրեն իմաց է տալիս, ապա այդ բացերը ժամանակավորապես կարող են լրացվել օտարազգի բարձրակարգ մասնագետների ներմուծմամբ։ Ժամանակ այլեւս չունենք։ Մի փոքր էլ այսպես շարունակվելու դեպքում ազգովի կարող ենք որակավորվել որպես հնարավոր վերելքին ոչ պիտանի մարդկային զանգված։
– Երեւանի կոնսերվատորիայում ուսանում էիք Արմեն Սմբատյանի դասարանում, փաստ է, որ դուք էլ ժամանակին գերադասեցիք օտար ափերը։
– Սմբատյանի մոտ ուսանել եմ ընդամենը երկու տարի եւ իր իսկ առաջարկով որոշում կայացվեց տեղափոխվել Մոսկվայի կոնսերվատորիա, որտեղ ուսանեցի Կարեն Խաչատրյանի դասարանում, այնուհետեւ ասպիրանտուրայում։ Ընդ որում, դրանից հետո 5 տարի դասավանդեցի նույն կոնսերվատորիայում։ Իսկ Կանադա տեղափոխվեցի դոկտորական դիսերտացիա պաշտպանելու նպատակով, ինչն իրականացրի Մոնրեալի համալսարանում։ Իսկ հետո, ժողովրդական լեզվով ասած՝ «ոտքս մի փոքր կախ գցեցի» այդ կողմերում…
Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2020
Հիմնը, այսօրվա, հայ երաժշտության ամենակարևոր խնդիրը չէ, ավելի կարևոր է հայ երաժիշտոների ազգային մտածողության զարգացումը: Առաջին անգամ չեմ ասում, որ Հայաստանը դառել է Եվրոպայի մշակութային գաղութը՝ մոռացվել են մեր դասականները, մեր մեծերը … Եթե հայրենադարձությունը զոհաբերություն է, ապա ես նման արվեստագետի անկեղծությանը չեմ վստահում … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան