Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը ներկայացրեց ծրագրերը` կորոնավիրուսից առաջ եւ հիմա
Թանգարանները շարունակում են իրենց կրթական ծրագրերի իրականացումն ու նոր եռանդով սկսում աշխատանքը։ Այս անգամ «Առավոտ» օրաթերթի զրուցակիցն է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։ «Արդեն շուրջ հինգ ամիս է, ինչ Հովհաննես Թումանյանի թանգարանը իրականացնում է առցանց բազմաբնույթ եւ տարիքային տարբեր խմբերի համար նախատեսված կրթական ծրագրեր՝ ինտերակտիվ եւ ուսուցողական: Առանցքում, անշուշտ, Թումանյան մարդուն եւ բանաստեղծին լայն աշխարհին ծանոթացնելն ու նոր հորիզոններ բացահայտելն է, սակայն կան նաեւ հարակից այլ նյութեր, որոնք բխում են Թումանյանի հետաքրքրությունների շրջանակից»,-նշեց Անի Եղիազարյանը: Տնօրենը հավելեց, որ օրինակ՝ «Թումանյանը գեղագետ» կրթական ծրագրի մասնակիցները՝ ծանոթանալով Թումանյան մարդու ճաշակի, կենցաղավարության, գեղեցիկի նկատմամբ ունեցած յուրահատուկ վերաբերմունքի նրբություններին, բոլորովին նոր հայացքով կսկսեն ընթերցել նրա ստեղծագործությունները, բացահայտել բաներ, որ մինչ այժմ անհայտ է եղել:
Առաջիկայում թանգարանը մեկնարկելու է նոր կրթական ծրագիր, ի շարս մյուսների, որը վերաբերում է մանկապատանեկան մի հրաշալի ամսագրի՝ «Հասկերին»: «Յուրահատուկ մեթոդով ստեղծված ամսագիրն այս տարի դառնում է 115 տարեկան: Մեծ մանկավարժ, բանաստեղծ, թարգմանիչ, նկարիչ մտավորականները, այդ թվում Հովհաննես Թումանյանը, Ստեփան եւ Կատարինե Լիսիցյանները, Գեւորգ Բաշինջաղյանը եւ այլք, չափազանց կարեւորելով երեխայի դաստիարակությունն ու կրթությունը, տարիներ առաջ մշակել են հատուկ մոտեցում՝ հրատարակելով այս ամսագիրը: Եվ ժամանակն է, որ մեր օրերի մանուկը եւս անմասն չմնա այդ կրթական ծրագրերին մասնակցելու հնարավորությունից»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Կորոնավիրուսով պայմանավորված` թանգարանները մի շրջան փակ էին, ու այժմ Թումանյանի տուն-թանգարանը նոր թափով է հանդես գալիս հանրությանը՝ հետաքրքիր ծրագրերով, ցուցահանդեսով եւ անակնկալներով: Մինչ տարեվերջ այցելուների համար բաց եւ հասանելի է լինելու թանգարանի Ձմեռային այգին, որտեղ մարդիկ կարող են շրջել եւ դիտել թումանյանական հերոսների՝ տարբեր քանդակագործների աշխատանքները:
Կարդացեք նաև
«Առաջին անգամ հասանելի է լինելու նաեւ բանաստեղծի անձնական գրադարանը ներկայացնող սրահը: Իհարկե, գրքերից օգտվել չեն կարող, սակայն սրահում շրջելիս այցելուները կարող են ծանոթանալ Թումանյան ընթերցողի հետաքրքրություններին: Նույն սրահում կլինեն ժամանակավոր ցուցադրություններ: Մինչ հոկտեմբերի վերջ ներկայացվում է «Հիշատակ 200-ամյա նահապետին» խորագիրը կրող ցուցադրությունը՝ նվիրված հայագետ Ղեւոնդ Ալիշանի հոբելյանին»,-հայտնեց տնօրենը:
Խոսեցինք եւս մեկ հետաքրքիր առցանց ծրագրի՝ «Թատերական ընթերցումների» մասին, որը Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի եւ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի համագործակցային ծրագիրն է: Այս հրաշալի ծրագրի շրջանակում հանրությունը կարող է ունկնդրել տաղանդաշատ հայ դերասանների ընթերցմամբ քիչ հայտնի, սակայն չափազանց այսօրեական շեշտադրմամբ ստեղծագործություններ` Հովհ. Թումանյան գրական ժառանգությունից: Ծրագրին մասնակցում են հայաստանյան այլ թանգարաններ եւս, իսկ մտահղացումը Մայր թատրոնին է:
Հաշվի առնելով կարանտինային իրադրությունը մեր երկրում՝ թանգարանը պահպանում է պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները: Ավելին՝ թանգարանն առաջիկա ամիսներին աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ 10.30-21.00, ապահովելու եւ աշխատակիցների անվտանգությունը, եւ հանրությանը հնարավորություն ընձեռելու թանգարան այցելել նաեւ երեկոյան ժամերի։
Թանգարանի տնօրենն այցերի մասով չցանկացավ համեմատություն կատարել նախորդ տարվա նույն շրջանի հետ, քանի որ նախ նախորդ տարի հոբելյանական էր, Թումանյանի ծննդյան 150-ամյակը, եւ այցելուների հոսքն աննախադեպ շատ էր, նաեւ չկային համաճարակային սահմանափակումները: Բայց ամիսներ շարունակ մշակութային օջախներ այցելել չկարողանալով՝ քաղաքացիները մեծ խանդավառությամբ ընդունեցին վերաբացումը: Ընտանեկան այցերն ավելի գերակշռող են դարձել, որն էլ տնօրենի նշմամբ՝ շատ ուրախալի փաստ է:
Այն հարցին` կայի՞ն, արդյոք, ծրագրված միջոցառումներ, որոնց իրականացումն առժամանակ անկատար մնաց՝ Covid-19-ի պատճառով, պատասխանն այո էր. «Կային ծրագրված միջոցառումներ, ցուցահանդեսներ, որոնք ենթադրում էին հասարակության լայն շերտերի մասնակցություն, բայց ստիպված եղանք չեղարկել առհասարակ կամ հարմարեցնել առցանց ձեւաչափի: Չեղարկվեցին հատկապես արտագնա ցուցահանդես-միջոցառումները, ինչպես նաեւ արտասահմանյան գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ թանգարանը որպես հյուրընկալող կողմ: Սակայն միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու կամ հուսախաբ լինելու»:
Ողջ ամառվա ընթացքում թանգարանն ակտիվ կապ է ունեցել հայաստանյան բոլոր մարզերի եւ Արցախի դպրոցականների հետ՝ մեկնարկելով «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոնը: Սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու ամփոփում- մրցանակաբաշխությունը: «Ծրագիրը լինելու է ամենամյա, որովհետեւ թե մասնակիցների ոգեւորությունը, թե նրանց հետ աշխատող գիտական հանրույթի արձագանքը վկայում է ծրագրի կարեւորության եւ անհրաժեշտության մասին: Ծրագրի համար որպես ուղենիշ ընտրված է Թումանյանի հետեւյալ խոսքը՝ «Ամեն մի ազգի ինքնաճանաչության համար ազգագրությունն ու հնագիտությունը բռնում է առաջնակարգ կարեւոր տեղ»: Եվ այդ ճանապարհին չափազանց կարեւոր է, որ մեր երեխաներն ու պատանիները ճանաչեն ու սիրեն իրենց հայրենիքը: Սիրեն ոչ թե կույր ազգասերի սիրով, այլ գիտակից, ինտելիգենտ մարդու սիրով, որ սերն ազնիվ լինի, առողջ ու բովանդակալի»,-նշեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը։
Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ
Լուսանկարները` Նարեկ Ավագյանի
«Առավոտ» օրաթերթ
24.09.2020