Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ռազմավարական երկխոսություն» կոնկրետ ինչի՞ շուրջ

Սեպտեմբեր 25,2020 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Հայ-ամերիկյան առեւտրաներդրումային հարաբերությունները խորացնելու հիմքը կա, մնում է այն կիրառվի

Այս տարի հուլիսին ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն էլ իր խոսքում վստահեցրել էր, թե Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրել էր. «1991թ.-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձեւավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման եւ խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջեւ առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ. մայիսին Երեւանում։ Մենք արժեւորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։

Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձեւաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում»: Մնացականյանը կարեւորել էր ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հետեւողական ջանքերը ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում տեւական խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը շեշտել էր, որ հայ-ամերիկյան քաղաքական հարաբերություններն ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, եւ այդ համատեքստում հիշեցրել էր հանդիպումը, որը տեղի ունեցավ 2019թ. մայիսին Երեւանում։ Խոսքը անցյալ տարի մայիսի 7-ին տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների վերահաստատման գործընթացն էր՝ հարաբերությունների հետագա ամրապնդման հանձնառությունների շուրջ:

Ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը, Երեւան ժամանած պատվիրակության կազմում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունից, ԱՄՆ առեւտրի դեպարտամենտից, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղարության մի շարք գրասենյակներից:

«Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ընթացքում պատվիրակությունները քննարկեցին ռազմավարական բարեփոխումների եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանման շուրջ համագործակցությունը: Քննարկումներում նաեւ անդրադարձ կատարվեց գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության, իրավապահ ոլորտում համագործակցության, աջակցության եւ փոխադարձ բարեկեցության խթանման հարցերին: Պատվիրակությունները վերահաստատեցին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության փոխադարձ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկկողմ հարաբերությունների օրակարգի բոլոր ոլորտներում»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում:

Այս հանդիպմանը ՀՀ-ն եւ ԱՄՆ-ը ստորագրեցին աջակցության համաձայնագրեր, որոնցով տնտեսական աճի խթանման եւ արդյունավետ կառավարման նպատակով հստակեցվեց մինչեւ 16 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորումը: ԱՄՆ ՄԶԳ-ը նաեւ ազդարարեց 2-3 տարի տեւողությամբ նոր նախաձեռնության մասին, որի անդրանիկ տարվա համար նախատեսված է 6 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում:

Այս նախաձեռնությունն աջակցում է Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, խթանում քաղաքացիների ներգրավվածությանը:

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկանում ենք, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առեւտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական եւ բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առեւտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաեւ COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների եւ այլնի վերաբերյալ։ Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։

Ինչ առարկայական պայմանավորվածություններ էր հաջողվել ձեռք բերել Հայաստանի ու ԱՄՆ-ի իշխանություններին ավելի վաղ:
2015թ. մայիսի 8-ին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրել էին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Վաշինգտոնում համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԱՄՆ առեւտրի ներկայացուցչի տեղակալ Դեն Մուլանին:

Հայաստանը եւ Միացյալ Նահանգները, ըստ փաստաթղթի, հավաստեցին իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։

Ասվում էր, որ ձեւավորելու է Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որի հանդիպումներն անցկացվելու են առնվազն տարին մեկ անգամ։ Խորհուրդը կոչված էր բացահայտելու երկկողմ ներդրումների եւ առեւտրի նոր ոլորտներ եւ աշխատանքներ տանելու դրանց զարգացման ու այդ ճանապարհին հնարավոր խոչընդոտների վերացման ուղղությամբ։

Վաշինգտոնի հայ համայնքի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանում տարեցտարի մեծանում է նաեւ ամերիկյան գործարարության ներկայությունը, «եւ այժմ մեր երկրում գործում են ամերիկյան կապիտալով 400-ից ավելի ընկերություններ, իսկ այս տարի՝ կարծում եմ հաշված օրերի ընթացքում, հայկական շուկայում կսկսի գործել ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը՝ իր 250 մլն ԱՄՆ դոլարի հասնող ներդրումային կապիտալով, որը Հայաստանի պատմության ընթացքում ամենախոշոր ամերիկյան ներդրումն է»:
«Եվ պատահական չէ, որ քիչ առաջ մենք ստորագրեցինք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որն արձանագրում է Հայաստանի տնտեսության, ինչպես նաեւ հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ոլորտում մեր հաջողությունները եւ փոխգործակցության նոր դռներ է բացում: Սա նշանակում է, որ երկու երկրների գործարարների միջեւ համագործակցությունը պետականորեն խրախուսվում է: Եվ հորդորում եմ բոլոր հայերին, որպեսզի շարունակեն ակտիվորեն ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործին», – ասել է ՀՀ նախագահը:

Այսպես, հայ-ամերիկյան Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագրով, դեռ 5 տարի առաջ նշվեց, որ նախատեսվում է ձեւավորել Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առեւտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը եւ կուսումնասիրի երկու երկրների միջեւ առեւտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:

«Համաձայնագիրը հայ-ամերիկյան առեւտրային ու ներդրումային հարաբերությունները խորացնելու ու ընդլայնելու կարեւոր գործիք է»,- ասել էր Դեն Մուլանին՝ հավելելով, որ սպասում են Առեւտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի քայլերին՝ ուղղված աշխատողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների, ծառայություն մատուցողների, արդյունաբերողների ու սպառողների համար հնարավորությունների բացահայտմանը:

Հայ-ամերիկյան առեւտրային ու ներդրումային հարաբերությունները խորացնելու ու ընդլայնելու հիմքը՝ կա: Մնում է այն կիրառվի ու իսկապես ընդլայնվի, ինչն էլ կնպաստի տնտեսական աճին: Հենց այստեղ է, որ Հայաստանի իշխանությունները պետք է ցուցադրեն ամերիկյան կողմին մեր երկրի գրավչությունը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 24.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930