Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ դրության օրերին ավելի շատ ընկերություններ են դադարեցրել գործունեությունը, քան վերաբացվել

Սեպտեմբեր 25,2020 14:00

Արտակարգ դրության օրերին շատ բիզնեսներ փակվեցին, շատերը ժամանակավոր դադարեցրին գործունեությունը։ Մարտի 16-ից մինչեւ սեպտեմբերի 11-ը Հայաստանում արտակարգ դրություն էր գործում, այս ընթացքում տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18-ից էլ թեեւ տնտեսական գործունեության սահմանափակումները մեղմացվեցին՝ ռեստորանները վերաբացվեցին, հանրային տրանսպորտն ամբողջովին գործարկվեց, վերաբացվեցին նաեւ առեւտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները սկսեցին ծառայություններ մատուցել նաեւ փակ տարածքներում, սակայն տնտեսվարողները դժգոհ էին, հաճախորդներ քիչ էին լինում։

Այսօր էլ տնտեսական ճգնաժամի պատճառով շատ բիզնեսներ չեն համարձակվում վերաբացվել։ Մայրաքաղաքի փողոցներում ամենուրեք կարելի է հանդիպել «տարածքը տրվում է վարձով» ցուցանակների։ Այս տարածքներում նախկինում գործող բիզնեսը կամ ժամանակավոր դադարեցվել է կամ ընդհանրապես փակվել։ Տարածքի սեփականատերերն էլ նոր վարձակալներ են փնտրում։
Տնտեսական գործունեության ո՞ր տեսակներն են ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը լուծարվել, ժամանակավոր դադարեցվել ու վերաբացվել։ ՊԵԿ-ի՝ «Առավոտ»-ին տրամադրած տվյալներից պարզ է դառնում, որ մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների վերանորգման ոլորտի օբյեկտները գերակշռում են թե՛ լուծարված, թե՛ վերաբացված եւ թե՛ ժամանակավոր դադարեցված բիզնեսների շարքում։

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ՊԵԿ-ը տրամադրել է տվյալներ այն տնտեսվարող սուբյեկտների թվաքանակի վերաբերյալ, որոնք ամենամեծ տեսակարար կշիռ ունեն եւ որոնք այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը կամ լուծարվել են կամ հաշվառումից դուրս եկել, վերաբացվել ու ժամանակավոր դադարեցվել։

Ըստ այդմ՝ մեծածախ եւ մանրածախ առեւտրի, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների վերանորգման ոլորտում նշված ժամանակահատվածում 1213 օբյեկտ լուծարվել է կամ հաշվառումից դուրս եկել։ Նույն ոլորտի 5058 ընկերություն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը, եւ ընդամենը 874-ը վերաբացվել դիտարվող ժամանակահատվածում։

Զբոսաշրջության ոլորտն ամենաշատն է տուժել, սահմանները փակ էին, զբոսաշրջիկներ չէին ժամանում, բայց կարծես ներգնա տուրիզմը մի փոքր ակտիվացավ՝ երբ սահմանափակումները մեղմացվեցին։ Սակայն, ՊԵԿ-ի տվյալներով, կացության եւ հանրային սննդի կազմակերպում ոլորտում 118 բիզնես է լուծարվել, 974-ը՝ ժամանակավոր դադարեցվել են, վերաբացվել է ընդամենը 217-ը։

Մշակույթ, զվարճություններ եւ հանգիստ. այս ոլորտում լուծարվել կամ հաշվառումից հանվել է 34 ընկերություն, 201-ը՝ ժամանակավոր դադարեցվել, 29-ը՝ վերաբացվել։

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն իրականացնող 5 ընկերություն լուծարվել է, 205-ը՝ ժամանակավոր դադարեցվել, եւ ընդամենը 32-ը վերաբացվել։

Մշակող արդյունաբերության ոլորտում լուծարվել է 192 ընկերություն, 855-ը՝ ժամանակավոր դադարեցվել, 178-ը՝ վերաբացվել։ Դիտարկվող ժամանակաշրջանում շինարարության ոլորտում 23 ընկերություն լուծարվել կամ հաշվառումից հանվել է, 231-ը՝ ժամանակավոր դադարեցվել, վերաբացվել է ընդամենը 49-ը։

ՊԵԿ-ի՝ «Սպասարկման այլ ծառայություններ» նշված ոլորտում լուծարվել են 234 ընկերություններ, ժամանակավոր դադարեցվել են՝ 1057-ը, վերաբացվել են ընդամենը 154-ը։

Մասնագիտական, գիտական եւ տեխնիկական (այսպես է ՊԵԿ-ը ոլորտը ներկայացրել) գործունեությամբ զբաղվող 67 ընկերություն է լուծարվել, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 493-ը, վերաբացվել՝ 70-ը։ Հիշեցնենք, խոսքը այս տարվա ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանի մասին է։ Այս շրջանում, ՊԵԿ-ի ներկայացմամբ՝ վարչարարական եւ օժանդակ գործունեություն համարվող 39 ընկերություն է հաշվառումից հանվել կամ լուծարվել, ժամանակավոր դադարեցվել է՝ 449-ը, վերաբացվել է 56-ը։ Իսկ կրթության ոլորտում լուծարվել է 21 ընկերություն, ժամանակավոր դադարեցվել՝ 136-ը, վերաբացվել՝ 25-ը։

Առողջապահություն, բնակչության սոցիալական սպասարկում ոլորտում 10 ընկերություն լուծարվել է, գործունեությունը ժամանակավոր դադարեցրել նույն ոլորտից 120 ընկերություն, վերաբացվել է ընդամենը 50-ը։

Բացի թվարկած ոլորտներից, ՊԵԿ-ը մի քանի այլ ոլորտներից էլ է տվյալներ տրամադրել, լուծարման կամ վերաբացման ցուցանիշներն այնքան էլ մեծ չեն, սակայն, պետեկամուտների տվյալների համաձայն, բոլոր ոլորտներում ընկերություններն ավելի շատ ժամանակավոր դադարեցրել են գործունեությունը, քան վերաբացվել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930