«Ես նման պայմանավորվածության մասին տեղյակ չեմ, չեմ էլ կարծում, որ կարող է նման պայմանավորվածություն լինել»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ դատավոր, ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ տպավորություն ունի, թե իշխանությունների հետ պայմանավորվածություն կա, որ հենց Երվանդ Խունդկարյանն ընտրվի ՍԴ նախագահի պաշտոնում: Ալեն Սիմոնյանն ասաց, թե դիտել է Հրայր Թովմասյանի ճեպազրույցը և ընդհանրացնելով՝ ավելացրեց. «Ես տեսա, որ նա լեգիտիմության հետ կապված խնդիրներ է տեսնում: Ընդհանրացնելով հարցազրույցը՝ կարող եմ ասել, որ ինքը լեգիտիմության խնդիրներ չէր տեսնում՝ օրինակ Սերժ Սարգսյանի պարագայում և ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ ինքն ընտրվում էր ԱԺ պատգամավոր, ուստի իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, քանի որ ինքն անձնական շահ ունեցող, քաղաքականության մեջ գտնվող անձնավորություն է: Չեմ ուզում այդ բառն օգտագործել, բայց ճիշտ կլիներ, որ ինքը հրաժարական տար ու այսքանից հետո հեռանար, քանի որ բավականին ձանձրացրել է իր կերպարը ոչ միայն քաղաքական դաշտում, այլև հանրության շրջանում»:
Լրագրողները հիշեցրին՝ Երվանդ Խունդկարյանի անունը շոշափվում էր «Ա1 պլյուս»-ի գործով, որ նա աշխատել է նախկին իշխանությունների հետ, և եթե նա ընտրվի ՍԴ նախագահ, արդյոք այդ ՍԴ-ն կլինի՞ իշխանության պատկերացրած ՍԴ-ն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կմեջբերեմ վարչապետի խոսքը, որտեղ նա ասում է՝ արդյոք սա մեր երազների Սահմանադրական դատարա՞նն է, իհարկե, ոչ: Բայց մենք պետք է հասկանանք շատ տարբեր գործոններ, որոնք այսօր կան և միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ բոլորը չենք կարող փորձել, շահագրգռված անձանց բավարարել: Մենք պետք է դա անենք՝ պետականության շահերից ելնելով: Կարծում եմ՝ այն որոշումը, որը կայացրել է ԱԺ-ն բուռն քննարկումներից հետո, որոշում է, որը բոլորի համար պետք է ի գիտություն ընդունվի և շարժվենք առաջ»:
Այն փաստմանը՝ Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե ցանկացած եղանակով շարունակելու է պայքարել, չի լքելու խրամատը և հարցին՝ որտեղի՞ց իշխանությանն այն լավատեսությունը, թե Հրայր Թովմասյանն ինքը հեռանալու որոշում կկայացնի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Իշխանությունն ամեն ինչ արել է, որ հնարավորինս անցնցում անցկացնի այս ժամանակահատվածը, քանի որ 30 տարի մի խումբ մարդիկ Հրայր Թովմասյանի փաստաբանությամբ Հայաստանի հետ արել են ամեն ինչ, ինչ հնարավոր է: Հիմա փորձում ենք հնարավորինս անցնցում ՀՀ-ն բերել այն արժեքներին, ինչ հայտարարել ենք, և դրա վառ օրինակն էր վաղ կենսաթոշակի մասին օրինագիծը. այդ ձեռքը մեկնեցինք, մինչդեռ քննադատություններ կային: Ճիշտ է՝ որոշ համաքաղաքացիների զայրացնում է, քանի որ շատ մարդիկ մշտապես ցանկություն ունեն որոշ մարդկանց Հանրապետության հրապարակում այրել: Ես նույնիսկ դրա մասին բարձրաձայնում եմ, բայց պիտի հասկանանք, որ մենք մեծ պետություն ենք և գործ ունենք ժամանակի հետ, որը պետք է անցնցում անցկացնենք»:
Կարդացեք նաև
Այն զուգահեռին, թե Հրայր Թովմասյանի անունը կապում են նախկին իշխանության հետ, Երվանդ Խունդկարյանինն էլ կապում են այս իշխանության հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքեց հարցով. «Եթե կապվում է Երվանդ Խունդկարյանի անունը այս իշխանության հետ, բա ինչո՞ւ են նրան մեղադրում նախկին իշխանությունների հետ աշխատելու մեջ: Դատական խորհուրդն է ներկայացրել Խունդկարյանին, ոչ թե մենք, նախագահը ներկայացրել է մեկ այլ թեկնածու, կառավարությունը՝ այլ: Ում էլ ընտրեինք, ասելու էին՝ իշխանությունն ուժեղ է, իր թեկնածուին ընտրել է: Երբ հարմար է, ասում ենք Խունդկարյանը նախկինների հետ է աշխատել, դրա համար իրավապաշտպանները դժգոհում են, երբ հարմար է, ասում են, որ մեզ հետ կա պայմանավորվածություն: Չկա որևիցե պայմանավորվածություն և չի կարող լինել: Մենք մեր վստահության քվեն մինչև վերջ արդարացնելու ենք: Կգա ընտրության ժամանակը, կասենք, որ մեր մասին գնովի քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ նման բաներ են ասել: Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք այսօր մարդկանց պաշտոնի նշանակելու հարցում: Մասնագետներ չկան, լուրջ խնդիրներ ունենք: Մենք մասնագիտական ռեսուրսի հետ խնդիր ունենք: Շաթիրյան էդգարն իմ համակուրսեցին է, բերենք կապե՞նք, ասենք Ալենը… միշտ բոլորի հետ կարելի է կապել: Հայ ազգային կոնգրեսը թմբկահարում էր տարբեր թեկնածուների անուններ, ասում էին՝ Հայ ազգային կոնգրեսն ազդեցություն ունի այսօրվա իշխանության վրա: Մշտապես հնարավորություն կա շահարկելու: Մեր կապը քաղաքացու հետ չի կտրվել ու չի կտրվելու, դրա համար եռյակների հավաքը, այդ օրակարգը որևէ կերպ ազդեցություն չեն ունենալու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ