Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Առանց Գագիկ Ծառուկյանի չի՞ կարող հանրահավաք լինել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է իմ ասածը, որ սա անձի շուրջ ձևավորվող գործընթաց է». Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 24,2020 23:42

«Այս հանդիպումները կրելու են պարբերական բնույթ, քննարկում ենք օրակարգային հարցերի, խորհրդանական կառավարման ձևին վերաբերող հարցեր»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ հնարավո՞ր է կառավարման համակարգի փոփոխություն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ոչ, սա ուղղակի գործնական քննարկում է, թե ինչ առավելություններ կան և որ առավելություններից պետք է օգտվենք, ինչ փոփոխություններ կարող են լինել կուսակցությունների հետ կապված: Զուտ ներկուսակցական մասով այդ հարցերն ենք քննարկել»:

Լրագրողների հիշեցմանը՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին սպասվող հանրահավաքի հետ կապված որոշ փակագծեր են բացել՝ ասելով, որ պահանջելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և հարցին` այս պահանջի բավարարումը ո՞ր դեպքում է հնարավոր համարում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Խիստ մտահոգված եմ, քանի որ ենթադրում եմ, որ համաճարակի այս իրավիճակում, առավել ևս երբ վերջերս ունենք թվերի աճ, նման միջոցառումները հղի են տարբեր հետևանքներով. մենք կունենանք կորոնավիրուսային հիվանդացության աճ: ՀՀ քաղաքացիները շատ լավ ճանաչում են թե′ Դաշնակցության անցած ճանապարհը մասնավորապես վերջին տասնամյակում, շատ լավ գիտեն ԲՀԿ-ի անցած ճանապարհը և շատ լավ գիտեն այն գնահատականները, որոնք հնչում են և տեղեկությունները, որոնք կան «Հայրենիք» կուսակցության հետ կապված»:

Հարցին՝ արդյոք այս եռյակն ունի՞ այն չափով հասարակական աջակցություն, որ իշխանությունը մտածի այդ պահանջը բավարարելու մասին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Առկա հանրահավաքի դեպքում այսպես կոչված նոր եռյակի պարագայում բոլորն էլ ունեն իրենց անձնական շահագրգռվածությունը: ԲՀԿ-ի պարագայում այդ շահագրգռվածությունը Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, որը կարծես չի ստացվում, քանի որ փոխվել է առաջին դեմքը զուտ վիզուալ առումով, բայց տեղի չի ունեցել այն գործունեության վերագնահատում, որի հետևանքով Դաշնակցությունը չկարողացավ նույնիսկ անցողիկ շեմը հաղթահարել: Արթուր Վանեցյանի դեպքում չեմ ուզում մեկնաբանություններ տալ: Այդ հին ֆորմատի տրամաբանությամբ գործելը մշտապես վնասելու է այդ երեք ուժերին: ՀՀ իշխանությունը ուղիղ կապի մեջ է ՀՀ քաղաքացիների հետ. մենք բոլոր դժգոհությունների, մտահոգությունների մասով մեր քաղաքացիների հետ զրուցում ենք, լսում այդ ամենը, հարկ եղած դեպքում փորձում ենք բացատրել, եթե ստացվում է, ստացվում է, եթե ոչ, մենք հետևություններ ենք անում, փորձում շտկել այդ իրավիճակը: Ուստի մեզ ժողովրդով վախեցնելը և ժողովրդի հետ կապված ինչ-որ խոսակցություններ առաջ բերելը քաղաքական օրակարգում մի քիչ ճիշտ չէ: Դա կարելի էր անել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի պարագաներում, ինչո՞ւ այդ նույն ուժերը չարեցին, հին ֆորմատ և հին տրամաբանություն, որի պատճառով մենք չենք քննարկում և որևէ բան այդտեղ չենք տեսնում քաղաքական առումով»:

Լրագրողների դիտարկմանը՝ հենց հանրահավաքի մասին հայտարարություն եղավ, անմիջապես իշխանության քարոզչամեքենան լծվեց այն թեզն առաջ տանելուն, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվելու է, ինչո՞ւ այդ կապը կա, Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Արդեն ծիծաղելի է. ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, այլև Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը քաղաքական ակտիվություն են սկսում այն պարագայում, երբ իրենց հետ կապված քրեական գործ է լինում: Բա ի՞նչ պիտի անեն: Կներեք: Երկու տարբերակ կա` կամ քաղաքական ակտիվություն են սկսում, կամ պարզվում է, որ այլ երկրի քաղաքացիներ են, և այդ դեմքերը շտապում են ճողոպրել Հայաստանից»: Հիշեցմանը՝ մեկնաբանություններ կան, թե Գագիկ Ծառուկյանին սեպտեմբերի 25-ին կալանավորելու որոշում է կայացվելու, որ հանրահավաքը տապալվի, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Առանց Գագիկ Ծառուկյանի չի՞ կարող հանրահավաք լինել: Սա ևս մեկ անգամ ապացուցում է իմ ասածը, որ սա անձի շուրջ ձևավորվող գործընթաց է: Այդ ի՞նչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ԱԺ-ում, փողոցներում ի՞նչ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, որ իշխանությունը ինչ- որ քրեական գործերով փորձում է ինչ-որ մեկին լռեցնել… բայց ՀՀ-ում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել, հարկերի հետ կապված խնդիրը կա՞, թե ոչ: Որևէ քննադատության և բանավեճի իրենց ասածը չի դիմանալու»:

Փաստմանը՝ լուսանկարներ տարածվեցին, որոնք հավաստում էին, որ Միքայել Մինասյանը գտնվում է Սոչիում, նույնիսկ օգտատերը նշել էր հյուրանոցն ու հասցեն, նաև Ալեն Սիմոնյանն էր ժամանակին հայտարարել, որ Միքայել Մինասյանը գտնվում է ՌԴ-ում, այդ դեպքում իրավապահներն ինչո՞ւ նրան չեն ձերբակալում, Ալեն Սիմոնյանն այս առիթով ասաց. «Այո, ասել ենք, որ Սոչիում է գտնվում: Մտածում եք՝ պիտի գնանք, գողանանք, բերե՞նք: Դա իրավական գործընթաց է այլ պետության հետ: Ենթադրենք գիտի տեղը՝ նույնիսկ հասցեով, հեռախոսահամարով, բայց երկիրը պետք է ձերբակալի ու փոխանցի Հայաստանին: Կալանքի հետ կապված որոշումը երկու օր առաջ է կայացվել, ես նման տեղեկություն չունեմ, որ մեր գործընկերները դիմել են ՌԴ-ին, և մենք մերժում ենք ստացել: Ես ուղղակի տրամաբանությունն եմ բացատրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930