Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը չի հաստատում Վլադիմիր Գասպարյանի փեսայի ձերբակալման մասին լուրը

Սեպտեմբեր 24,2020 22:56

Փաստաբան Հրանտ Անանյանը չի հաստատում տեղեկությունն ԱՄՆ-ում իր պաշտպանյալ՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանի ձերբակալման մասին:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության տարածած տեղեկության համաձայն՝ Արթուր Գեւորգյանը Միացյալ Նահանգներում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում:

«Չեմ ուզում մեկնաբանել գլխավոր դատախազության տեղեկությունը, Արթուր Գեւորգյանը որեւէ քրեական գործով ԱՄՆ-ում կալանավորված չէ, ես չեմ էլ հաստատում ձերբակալման մասին տեղեկությունը »,- ասաց փաստաբանը: Նրա խոսքով, Արթուր Գեւորգյանի մասին հրապարակումները մարդու արժանապատվության, գործարար համբավի ու անմեղության կանխավարկածի խախտումներ են:

Գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել էին, որ նախապատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ Գեւորգյանի հետախուզման շրջանակներում Հայաստանի իրավասու մարմիններին փոխանցման հարցով ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) եւ 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ հետախուզում հայտարարվել։

Այս առումով փաստաբան Անանյանն ասաց. «Մենք գլխավոր դատապխազությանն ու Հատուկ քննչական ծառայությանն ենք ներկայացրել բնօրինակին հավասարազոր փաստաթղթեր, որոնցով ուղղակիորեն հերքվում է այն մեղադրանքը, որը վերագրվել է Արթուր Գեւորգյանին, նախաքննական մարմինը մեզ պատասխանել է, որ եթե պաշտպանական կողմի փաստաթղթերն իրականությանը համապատասխանեն, քրեական հետապնդումից կհրաժարվեն, բայց ներկա պահին քրեական հետապնդումից հրաժարվելը քրեական հետապնդման մարմիններին, կարելի է ասել, ձեռնտու չէ զուտ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվելու պատճառով: Մեզ պատասխանել են, որ քննչական պահանջ են ուղարկել, նշված հանգամանքները ստուգվելու ու հաստատվելու դեպքում գնահատական կտրվի, բայց խնդիրն այն է, որ հատկապես Միացյալ Նահանգները Հայաստանի քննչական պահանջներին չի պատասխանում. կամ ընդհանրապես չի պատասխանում, կամ պատասխանում է, որ դրանք չեն իրականացվում կամ պատասխանում է, որ չկա պայմանագիր, որ դրանք իրականացվեն, բայց քրեական գործերով ամիսներ կամ տարիներ են անցնում: Ինչ վերաբերում է Արթուր Գեւորգյանի՝ Հայաստան տեղափոխման հարցով դիմելուն, ՀՀ-ն ԱՄՆ-ի  հետ չունի էքստրադիցիոն գործընթացի վերաբերյալ միջպետական պայմանագիր կամ համաձայնագիր»:

Մեր հարցին,՝ այսինքն Հայաստան տեղափոխումն անհնա՞ր է, փաստաբանը պատասխանեց, որ պայմանագիր չունենալը դեռ չի բացառում այդ իրավիճակի ի հայտ գալը, այլ ընդամենը իրավական հիմք է, որ ԱՄՆ-ն նման պարտավորություն չունի, միգուցե հայեցողական մոտեցում դրսեւորի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930