«Ես առաջադրել եմ պարոն Խաչատրյանին ու անդրադարձել եմ նաեւ մյուսներին, թե ինչու իրենց չեմ առաջադրում՝ երեք գործոններից ելնելով: Պարոն Խաչատրյանն ամենափորձառուն է, տարիքով ամենաավագը, գիտական առումով՝ գիտությունների դոկտոր է, այսինքն, որպես հեղինակություն՝ իմ համար ամենամեծն է ու ունի որոշակի կառավարչական հմտություններ»,- Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես բացատրեց ՍԴ նախագահի պաշտոնում Աշոտ Խաչատրյանին առաջադրելը:
Նա նաեւ ասաց, որ Խաչատրյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին 2 տարի է մնում, ու սա կլիներ յուրօրինակ անցում, մինչեւ կճանաչեին իրար. «4 դատավոր հիմա ՍԴ-ում նոր են, չեն ճանաչում իրար կամ, համենայնդեպս, այդ մթնոլորտում չեն եղել»:
Աշոտ Խաչատրյանը հանել է իր թեկնածությունը ու արդյունքում մնացել է մեկ թեկնածու՝ Երվանդ Խունդկարյանը:
Հրայր Թովմասյանն ասաց. «Երբ որ մնացել է մեկ թեկնածու, ես դադարեցրել եմ նիստին իմ մասնակցությունը: Իմ մոտ տպավորություն է, որ այս ամեն ինչը ըստ էության ուղղորդված ու պայմանավորված է»: Հրայր Թովմասյանն ասաց, որ դատավորներից յուրաքանչյուրի լեգիտիմության պակասի մասին իր կարծիքն ասել է, ընդգծել է, թե նրանցից յուրաքանչյուրը լեգիտիմության ինչ աստիճանի պակաս ունի. «Աշոտ Խաչատրյանը 4 դատավորներից մեկն է, որը լեգիտիմության պակաս չունի, նրան առաջադրելը նաեւ պայմանավորված էր այդ հանգամանքով»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ե՛ւ ասում եք, որ օրինական չէ այս գործընթացը, ե՛ւ մասնակցում եք աշխատակարգային նիստերին՝ լեգիտիմացնելով գործընթացը, արդյո՞ք սա նշանակում է, որ չեք լքելու խրամատը՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել: Պայքարել, մինչեւ Հայաստանում սահմանադրականությունը վերականգնեմ»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ էր մեկնարկել, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն էր քննարկվում: Քվեարկությունը կլինի վաղը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ