«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածու, դատավորներից մեկն առաջադրել է եւս մեկ թեկնածուի»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Թե ովքեր են առաջադրվել՝ Շաթիրյանն անուններ չհրապարակեց, բայց ասաց, որ մամուլում զուգահեռ տեղեկությունները հրապարակվում են:
Հիշեցնենք, որ Երվանդ Խունդկարյանի անունն էր շրջանառվում՝ որպես ինքնառաջադրված թեկնածու: Ինքնառաջադրված թեկնածուն ելույթ է ունեցել, դատավորների մի մասն ուղղել են իրենց հարցերը թեկնածուին, բայց ոչ բոլորն են դա հասցրել:
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ էր մեկնարկել, որի օրակարգում Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցն էր քննարկվում: Սակայն աշխատանքային օրն ավարտվեց ու ո՛չ հասցրեցին նախագահ ընտրել, ո՛չ էլ փոխնախագահ:
Կարդացեք նաև
Այսօր նիստը շարունակվեց, բայց, ինչպես տեղեկացանք, այսօր էլ աշխատանքային օրն ավարտվեց, բայց ՍԴ-ն չունի նոր նախագահ ու փոխնախագահ:
Էդգար Շաթիրյանն ասաց, որ հարցուպատասխանի փուլին են հասել, ավարտից հետո թեկնածուն հանդես կգա եզրափակիչ ելույթով, եթե կլինեն հայտարարություններ դատավորների կողմից, դրանք նույնպես կհրապարակվեն, այնուհետեւ կլինի փակ, գաղտնի քվեարկություն:
Վաղը նիստը կսկսվի 10:30-ին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ