«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության արդեն նախկին տնօրեն Մանվել Սոկրատի Զաքարյանը 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ հաշվի առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննված թիվ 26151220 քրեական գործով գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին 24.07.2020թ. որոշմամբ հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները:
Բանն այն է, որ հիշատակված քրեական գործով հիմնավորվել է, որ Մանվել Սոկրատի Զաքարյանը, մինչև կրկին նույն դպրոցի տնօրեն վերանշանակվելը, նախկինում տնօրեն աշխատած ժամանակահատվածում, զբաղեցնելով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ և օժտված լինելով պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները տնօրինելու գործառույթով, գործով անցնող որոշ անձանց օժանդակությամբ, անձնական այլ դրդումներով, ինչպես նաև խմբակային շահերից ելնելով՝ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթղթերում մտցնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ: Հիմնավորվել է, որ վերջինս կատարել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված հանցանքը, այն է՝ օգտագործելով իր պաշտոնական դիրքը, վատնման եղանակով կատարել է իրեն վստահված՝ Եղեգնավանի միջնակարգ դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն:
Մանվել Սոկրատի Զաքարյանի նկատմամբ որոշ դրվագներով պաշտոնեական կեղծիք կատարելու մասով և պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով դպրոցի զգալի չափով գույքի հափշտակություն կատարելու մասով քրեական հետապնդում չի իրականացվել կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու կամ իրադրության փոփոխության հիմքով, քանի որ Մանվել Զաքարյանը 2020թ. հուլիսի 3-ից իր դիմումի համաձայն ազատվել է Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնից:
Քրեական գործի շրջանակներում Մանվել Զաքարյանը տվել է խոստովանական ցուցմունքներ:
Ստացվում է, որ քրեական գործով հաստատված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքներ՝ հանցագործություններ կատարած անձը 2020թ. հուլիսի 3-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվելուց հետո նորից է մասնակցել նույն դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և հաղթող է ճանաչվել:
Ցանկանում ենք ընդգծել, որ Արարատի մարզպետը, օրենքով սահմանված կարգով, ընտրված տնօրենի հետ 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքել է աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով օրենքի պահանջը, կաշկանդված լինելով նրան պաշտոնում չնշանակելու օրենքով սահմանված համապատասխան հիմքերի բացակայության հանգամանքով:
Կարդացեք նաև
Նշանակումից հետո, Արարատի մարզպետի որոշմամբ, հաշվի առնելով թիվ 26151220 քրեական գործով հաստատված Մանվել Սոկրատի Զաքարյանի կողմից կատարված հանցավոր արարքները, ինչի հետևանքով դպրոցին պատճառվել է նյութական վնաս և հիմք ընդունելով նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հանգամանքը՝ վերջինիս 2020 թվականի սեպտեմբերի 23-ից ազատել է զբաղեցրած պաշտոնից:
Հատկանշական է նաև այն, որ Եղեգնավանի միջնակարգ դպրոցում իրականացված ներքին աուդիտի արդյունքում հայտնաբերված խախտումների առնչությամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ, որով քննությունը շարունակվում է:
Շեշտենք նաև, որ դպրոցում համավարակի ժամանակ կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է:
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ