Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նոր, սակայն կիսատ-պռատ վերանորոգված շենքը (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 24,2020 17:56

Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբը, որը 31 տարի շարունակ գործել է Տեքստիլագործների թաղամասում՝ տնակի մեջ, այժմ նոր շենք ունի։

Ինչպես անդրադարձել ենք, տնակի տարածքը տրամադրվել էր ամերիկահայ բժիշկ-բարերար Հովհաննես Օյունջյանին, որն իր մահվանից օրեր առաջ՝ ծննդյան 98-ամյակին Տեքստիլագործների թաղամասի այդ հատվածում հերթական ներդրումն էր արել՝ անձամբ մասնակցելով ֆիլհարմոնիայի դահլիճի հիմնարկեքի արարողությանը։

Բարերարը, ըստ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի տնօրեն Մուրադ Մալխասյանի, մոտ 20 միլիոն դրամ էր հատկացրել նվագախմբին՝ նոր վայր տեղափոխվելու նպատակով, մոտ 26 միլիոն դրամ էլ հատկացրել էր կառավարությունը։

Նվագախմբին տրամադրվել է Գյումրու «Վան» պանսիոնատի նախկին շենքը, որտեղ ժամանակին նշանավոր հյուրերի են ընդունել, այդ թվում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թեթչերին․ նրանք հյուրանոցներում գիշերելու փոխարեն մնացել են պանսիոնատում։

Պանսիոնատի ողջ տարածքը՝ շենքով, բակով, քոթեջներով, տրամադրվել է Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբին։ Նվագախմբի անդամները շատ են ոգևորված, վերջապես կունենան մարդավայել պայմաններ ստեղծագործելու, նոր շենքում կլինի փորձատեղի, համերգասրահ՝ բեմով, որտեղ 120 հոգի կտեղավորվի, թանգարան՝ երգահանների, աշուղների ժառանգությամբ, գրադարան, դասասենյակներ։

Ի դեպ, ժողգործիքների պետական նվագախումբը տնակներում երգի, դուդուկի ու դհոլի դասեր է անցկացնում, սակայն նոր շենք տեղափոխվելուն պես՝ մտադրված են անցկացնել նաև թառի, քամանչայի, ուդի, քանոնի դասեր, որպեսզի կադրեր պատրաստեն նվագախումբը համալրելու համար, ժողգործիքները «չմեռնեն»։

Այսօր մենք այցելեցինք նոր շենք,որի հիմնական մասը թեև գեղեցիկ վերանորոգված էր, սակայն, չգիտես ինչու, մի հատվածին ձեռք չէին տվել՝ փչացնելով նոր շենքի վերանորոգված տեսքը։ Մյուս հատվածում էլ հին, մեծ պատուհաններն էին՝ կոտրված ապակիներով, բակը բարեկարգ չէր։ Պարզվում է շենքի վերանորոգման ծրագրի մեջ այս ամենը ներառված չէ։

Մեզ հետ զրույցում Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանն ասաց․ «Վերջապես տեղափոխվելու ենք նոր կառույց, որտեղ մարդավայել կաշխատենք, մարդ կհրավիրենք ու չենք ամաչի մեր պայմաններից, մեզ չի սազում, որ նվագախումբը այդ տեսակ կառույցի մեջ աշխատի»։

Նա նշեց, որ տարածքի բարեկարգման ու շենքի մի հատվածի վերանորոգման համար, որտեղ ժամանակին եղել է պանսիոնատի լողավազանը, նորից գումար են խնդրելու կառավարությունից։ Տվյալ դեպքում տարածքը չի կարող անբարեկարգ մնալ, որովհետև բացօթյա համերգներ են նախատեսվում, այն դառնալու է կարևորագույն համերգների ու զբոսաշրջության կենտրոն։ Նույնիսկ մտադրված են վերանորոգել քոթեջները, դրանք դարձնել հյուրատներ՝ դրսից երաժիշտների հրավիրելու համար։

«Շատ ենք խնդրելու կառավարությունից՝ գումար տրամադրի շուրջբոլորը բարեկարգելու համար, չստացվի այնպես, որ հյուրերը ցեխերի միջով անցնեն կառույց մտնելու համար, հասկանան, որ գալիս են մշակութային օջախ»,-ասաց Մուրադ Մալխասյանը։

Այս տարածքում խնդիր կա նաև՝ ջրահեռացման հետ կապված։ Նշենք, որ շինարարը, ըստ մեր զրուցակցի, մրցույթը շահել է ավելի էժան գնով, մնացորդային գումարը, ինչպես կարգն է, վերադարձվել է պետական բյուջե, արդյունքում շենքի երկրորդ կորպուսը, բակը մնացել են անբարեկարգ, այժմ ստիպված են նորից գումար խնդրել կառավարությունից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930