Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական բարեփոխումների և կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար Եվրահանձնաժողովը 60 մլն եվրո կհատկացնի Հայաստանին 

Սեպտեմբեր 24,2020 17:40

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 30 մլն եվրո արժողությամբ ծրագրի 3 մլն եվրոն միտված է տեխնիկական աջակցությանը (հիմնականում խորհրդատվական ծառայություններին), իսկ մնացած 27 մլնը՝ 3 հավասար մասնաբաժիններով հատկացվելու է պետական բյուջեին՝ ըստ համաձայնագրի ընդհանուր և հատուկ պայմանների իրականացման։ Ծրագիրն ուղղված է արդարադատության ոլորտում ՀՀ բարեփոխումների իրականացման գործընթացին աջակցելուն։ Ծրագրի ընդհանուր նպատակն է հնարավոր դարձնել արդարադատության ոլորտում օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովումը։ Հատուկ նպատակներն են արդարադատության համակարգում անկախության, բարեվարքության և հաշվետվողականության ամրապնդումը, ծառայությունների մատուցման և դրա կատարողականի բարելավումը, ինչպես նաև կոռուպցիայի նկատմամբ դատական համակարգի հակազդեցության ուժեղացումը։ Ծրագրում արտացոլված են նաև ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունում տեղ գտած առաջնահերթությունները, որոնցից է մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի և համապատասխան կանխարգելիչ, դատախազական և քննչական մարմինների ստեղծումը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ առաջին 9 մլն եվրոն ակնկալվում է ստանալ արդեն այս տարի, որը տրվում է 3 բաղադրիչի համար: «Առաջինը՝ դատավորների բարեվարքության և գույքային դրության ստուգման համար: Այսինքն՝ մենք պետք է այդ պայմաններն ապահովենք, դատական օրենսգրքի անցումային դրույթներով նախատեսված է, և այս պահին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի և ՍԴ դատավորների գույքային դրության ստուգում: Սա բերելու է կոռուպցիայից զերծ դատական համակարգ ունենալու մեր նախանշված ծրագրի իրականացմանը: Երկրորդ բաղադրիչը դատական համակարգում ծառայությունների մատուցման որակի բարձրացումն է: Այսինքն` այստեղ ներառված է նաև էլեկտրոնային գործիքների, այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների ներդրումը, արբիտրաժային դատավարության հետագա զարգացումը: Եվ, որպես վերջնարդյունք, օրինակ` նշված է, որ մինչև 2025 թվականին վարչական և քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածությունը 40 տոկոսով պետք է նվազի»,-ասել է նախարարը:

Երրորդ բաղադրիչը վերաբերում է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգին: «Պետք է կոռուպցիայի դեմ պայքարը բարելավելու տեսանկյունից դատախազությունում՝ սահմանված ստանդարտներին համապատասխան ձևավորվի հակակոռուպցիոն ստորաբաժանումը, ձևավորվեն հակակոռուպցիոն և հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանները, և այս բաղադրիչի մասով է սահմանված առաջընթացը»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Գործադիրի հավանության է արժանացել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Ծրագրով նախատեսված 30 մլն եվրոն տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով։ Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները: Այս բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում: Մնացած 6 մլն եվրո աջակցությունը տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում: Ծրագրի նպատակներից է առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։ Նախատեսված է նաև օգնել կառավարությանը՝ աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։

Անդրադառնալով ընդունված որոշումներին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համատեքստում: Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին և նշել է, որ Ռուսական վերլուծական կենտրոններից մեկը հրապարակել է «Ռուսաստանի դաշնակիցներ» թեմայով աշխատություն:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ «Ռուսաստանի դաշնակիցները» թեմայով աշխատության մեջ գնահատվում է ՀԱՊԿ-ի շրջանակում գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դաշնակցային հարաբերությունների կոնտեքստում այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ»,-ասել է Արմեն Գրիգորյանը:

Կառավարության ղեկավարն էլ հայտնել է, որ առաջիկայում ԱՄՆ-ի հետ նախատեսվում է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը: «Հույս ունենք, որ այն կորոնավիրուսի պատճառով որևէ սահմանափակում չի ունենա: Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում և դա շարունակելու ենք: Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն՝ մեզ համար շատ կարևոր գործընկերներ են:

Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ Երևանում: Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք: Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են: Եվ մենք հետևողական արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի նյուանսներ, որոնք գուցե թե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը: Մեր գործընկերների հետ մեր հարաբերությունները խորացնելու ենք և դրանք պետք է ունենան և ունենում են կոնկրետ արտահայտություն, և այսօրվա կառավարության նիստին երկու այս որոշումները նաև վկայում են այդ մասին»,-ասել է վարչապետը:

Կապահովվի համայնքային նշանակության ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ իրականացումը

Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ համայնքային նշանակության, այդ թվում՝ գյուղական բնակավայրերի, ճանապարհների բարեկարգման ծրագրի արդյունավետ ապահովման և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված: Ներկայում, համայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների մի մասն արդեն իսկ իրականացվում է համայնքների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետության համատեղ մասնակցությամբ, համայնքային միջոցների ներգրավմամբ: Ըստ հիմնավորման՝ դրանց համար ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ամրագրված ընթացակարգերը բարդ են, ժամանակատար և համայնքների սահմանափակ բյուջեների մասով կատարման համար ոչ ծախսարդյունավետ: Համայնքային ոչ առևտրային ու մասնավոր կազմակերպությունների պատվիրատվությամբ նմանատիպ աշխատանքների կատարումը դյուրին դարձնելու նպատակով առաջարկվում է՝ ոչ տարանցիկ, ՀՀ մարզերի համայնքներում տեղական նշանակության ճանապարհների սալարկման, խճապատման, երթևեկելի մասի և մայթերի բարեկարգման աշխատանքները դիտարկել, որպես ընթացիկ բնույթ կրող միջոցառումներ և ընդգրկել կառավարության որոշմամբ հաստատված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ցանկում, որոնց համար չի պահանջվի շինարարության թույլտվություն: եկավարումն ընդունելու համար:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բավականին երկար ժամանակ քննարկվել է գյուղական տեղական նշանակության ճանապարհների որակի լավարկման հարցը: «Գիտեք, ցավոք, որ մեր գյուղերում շատ փողոցներ ուղղակի հողային վիճակում են: Եվ մեզ համար ռազմավարական խնդիր է գյուղական համայնքներում կյանքի որակի փոփոխությունը»,-ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընթացակարգերի դյուրացումը կնպաստի գործընթացի ավելի արդյունավետ իրականացմանը:

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը կանոնակարգելու և կամրջի նախագծանախահաշվային փաստաթղթերի հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում: Արդյունքում՝ համապարփակ կկարգավորվի Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցապատման գործընթացը: Մեկ այլ որոշմամբ էլ կամրջի կառուցման համար անհրաժեշտ տարածքները ճանաչվել է հանրության գերակա շահ: Արդեն իսկ պատրաստ են նախագծային փաստաթղթերը, որոնց համաձայն՝ կամրջի կառուցման արդյունքում ազդեցության են ենթարկվում ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքում գտնվող 3 միավոր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի որոշ հատվածներ: Ազդակիր հողամասերի օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը առաջարկվում է սահմանել 2020 թվականի դեկտեմբերի 25-ը:

Կառավարության որոշմամբ թույլատրվել է «Սթարմեդ» ՓԲԸ-ին գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930