Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ. Մարիամ Զադոյան, Սյուզաննա Սողոմոնյան

Սեպտեմբեր 24,2020 17:36

Հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը Հայաստանում հակակոռուպցիոն մարմինների ձևավորման և գործունեության ընթացքը երեք փուլերի է բաժանում: Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին նվիրված քննարկման ժամանակ փորձագետը ներկայացրեց այդ փուլերը, որոնցից առաջինը կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված փուլն է՝ 2003-2015 թվականները։

«ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալ առումով սկիզբ է դրվել 2003թ.-ից՝ ՀՀ առաջին հակակոռուպցիոն ռազմավարության ընդունմամբ։ Այդ ռազմավարությամբ խոսվում է միայն իրավապահ մարմինների մասին, որոնք մասնակցում են կոռուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանում տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու հիմնական խոչընդոտներից մեկը եղել է այն, որ երկիրը, որպես այդպիսին, չի ունեցել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ: Հակակոռուպցիոն պայքարը մշտապես ուղեկցվել է իրադրային և կոսմետիկ լուծումներով և իրականացվել է ապակենտրոնացված համակարգի միջոցով, երբ կոռուպցիայի դեմ պայքարելու լիազորություններ են ունեցել մի շարք պետական մարմիններ»,- ասաց Սյուզաննա Սողոմոնյանը։

Հաջորդը, ըստ նրա, կոռուպցիայի դեմ պայքարում տարանջատված մոդելին անցման նախնական փուլն է՝ մինչհեղափոխական Հայաստանում՝ 2016-2017թվականներ։ Դեռևս 2016թ.-ի հունիսի 15-ին տեղի ունեցած Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ներկայացրել է «Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները» և, որպես միջազգային փորձի հիման վրա ամփոփված լավագույն տարբերակ, կառավարությանն առաջարկել է ձևավորել ինստիտուցիոնալ համակարգ՝ ստեղծելով անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որն օժտված կլինի հակակոռուպցիոն կրթություն, կոռուպցիայի կանխարգելում, օպերատիվ հետախուզություն ու նախաքննություն իրականացնելու գործառույթներով: Այդ տարբերակի իրականացման անհնարինության դեպքում միայն, որպես պահեստային տարբերակ, առաջարկել էր ստեղծել երկու առանձին անկախ հակակոռուպցիոն մարմիններ՝ կանխարգելիչ, որը կզբաղվի հակակոռուպցիոն կրթության և կոռուպցիայի կանխարգելման գործառույթների իրականացմամբ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կարողությունների հենքի վրա, և իրավապահ, որը կզբաղվի միայն կոռուպցիոն հանցագործությունների նախնական քննությամբ, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու գործառույթներով: «Նախորդ կառավարությունը, բավարար քաղաքական կամք չցուցաբերելով, նախընտրելի համարեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից ներկայացված երկրորդ` պահեստային տարբերակը: Իսկ սրա արդյունքում էլ, 2017թ.-ին ընդունվեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին ՀՀ օրենքը , որին հաջորդեց հեղափոխությունը»,- ասաց բանախոսը

Իսկ երրորդ փուլն արդեն հետհեղափոխական Հայաստանում էր՝ կոռուպցիայի դեմ պայքարում տարանջատված մոդելին անցումը:

Հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանն էլ ներկայացրեց ունիվերսալ մարմնի տարբերակի առավելությունները: Ըստ այդմ, նրա գնահատմամբ, այդ տարբերակի ընտրություն-կիրառությունը չեզոքացնում է գերատեսչական շահերի ռիսկը, ֆինանսական ռեսուրսներն ավելի արդյունավետ են բաշխվում, այդ տարբերակով մարմինն ունի անկախության ավելի լայն նախադրյալներ եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930