Այս տարվա հունվարից մինչև սեպտեմբերի 23-ը ՀՀ ՄԻՊ գրասենյակը բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից քաղաքացիների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ ստացել է 200 դիմում-բողոք, իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում՝ 83 դիմում-բողոք: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Քաղաքացիների իրավունքների խախտումներից է, այդ թվում՝ ոչ պատշաճ իրազեկումը: Վարկային պայմանագրերը բարդ ձևակերպումներ ունեն, իսկ քաղաքացիները ստորագրում են մեխանիկորեն: Անհրաժեշտ է կամ պարզեցնել պայմանագրերը, կամ բարելավել բանկերի կողմից իրազեկումը: Քաղաքացիներին կոչ եմ անում կարդալ այն, ինչ ստորագրում են: Մյուս խնդիրը քաղաքացու՝ դատական քաշքշուկում հայտնվելն է: Պատճառն այն է, որ չկա այլընտրանքային մարմին: Մեր համոզմամբ՝ պետք է ստեղծել արբիտրաժային լիազորություններով առանձին մարմին, որպեսզի քաղաքացիները դատարաններում չհայտնվեն»,-նշեց Արման Թաթոյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ