Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոստացավ փոխել, բայց գնաց նախորդների ճանապարհով. Կարեն Զադոյան

Սեպտեմբեր 24,2020 16:29

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարեւոր է համարում, որ հակակոռուպցիոն մարմնի իրավական կարգավիճակը ամրագրվի Սահմանադրությամբ, որ հետագայում այն հնարավոր չլինի հեշտությամբ փոփոխել՝ օրվա իշխանության քաղաքական կամքի փոփոխության հետ զուգահեռ: Նա օրինակ բերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հակակոռուպցիոն պայքարի ոլորտում կգնա միասնական մարմնի մոդելի ճանապարհով, սակայն այդպես էլ անփոփոխ թողնվեց նախորդ իշխանության կողմից որդեգրված ապակենտրոնացված մոդելը: Ի դեպ, հակակոռուպցիոն մարմնում Կարեն Զադոյանը կարեւոր է համարում բացառել քաղաքական ուժերի կողմից թեկնածուների նշանակումը:

Այս դիտարկումները բանախոսը ներկայացրեց այսօր, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին նվիրված քննարկման ժամանակ:

Հայաստանի համար նա առաջարկում է երեք տարբերակ՝ ստեղծել կենտրոնացված անկախ հակակոռուպցիոն մարմին, որը կունենա սահմանադրական կարգավիճակ՝ ամրագրելով նախնական քննության, կանխարգելիչ և կրթական գործառույթների կենսագործման համար անհրաժեշտ լիազորությունների շրջանակը։ Իբրեւ անցումային տարբերակ, ըստ նրա, կարող է դիտարկվել նաեւ ապակենտրոնացված, այսինքն` առանձին մարմինների միջոցով վերոնշյալ գործառույթների կազմակերպումը, պայմանով, որ անցումային դրույթներում ամրագրվի որոշակի ժամանակ անց ունիվերսալ մարմնին անցնելու անհրաժեշտությունը։

Երկրորդ տարբերակը՝ ապակենտրոնացված հակակոռուպցիոն մարմինների ստեղծումն է: Մասնավորապես՝ սահմանադրական կարգավիճակ ունեցող երկու առանձին մարմին։ Առաջինը՝ կանխարգելիչ և կրթական, երկրորդը՝ նախնական քննության գործառույթներ իրականացնող անկախ սահմանադրական մարմիններ։

Առաջարկվող երրորդ տարբերակն է՝ Սահմանադրության հակակոռուպցիոն մարմիններ գլխում ամրագրել հակակոռուպցիոն մարմինների սահմանադրական կարգավիճակը և անկախության երաշխիքները՝ առանց հստակեցնելու, թե կոնկրետ ո՞ր մոդելն է գործելու ՀՀ-ում, միաժամանակ սահմանելով Հակակոռուպցիոն մարմինների գործառույթներն ու լիազորությունները, ԱԺ կողմից պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով Հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների ընտրության մրցութային կարգը, ժամկետները և պահանջները, ինչպես նաև Հակակոռուպցիոն մարմինների գործունեության երաշխիքները` անձեռնմխելիության իրավունք, անհամատեղելիության պահանջներ և այլն։ Այս ուսումնասիրությունն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով՝ սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգ մշակելու նպատակով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930