Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանում ներկայացվեց Արթուր Վանեցյանի ծննդյան վկայականը. նոր զարգացումներ՝ Արթուր Վանեցյանն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ 1in.am լրատվականի գործով

Սեպտեմբեր 24,2020 16:17

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում (նախագահող դատավոր Նաիրա Հովսեփյան) սեպտեմբերի 24-ին քննվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ 1in.am լրատվականի, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Արամազդ Կիվիրյան

Aravot.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն ասաց, որ այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացվեց Արթուր Վանեցյանի ծննդյան վկայականը, այլ ապացույցներ:

Նշենք, որ ավելի վաղ 1in.am լրատվականը տեղեկություն էր հրապարակել, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել, և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին, համատեղ ձեռնարկել են լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր»:

Ըստ հայցադիմումի՝ Արթուր Վանեցյանը և նրա ծնողները պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

Արամազդ Կիվիրյանն ասաց, որ ներկայացրել են ապացույցներ առ այն, որ իրենք ժամանակին՝ մինչև դատարան դիմելը, դիմել են կոնկրետ լրատվամիջոցին՝ պատասխանողին, որ նա հերքման տեքստը հրապարակի:

Արամազդ Կիվիրյանը դատական նիստի առիթով ասաց. «Տեղի է ունեցել ապացուցման բեռի բաշխում: Դատարանը համապատասխան քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ այդ թվում նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների, ապացուցման բեռը դրել է պատասխանող կողմի վրա. այսինքն՝ պատասխանող կողմի հրապարակած հոդվածում տեղ գտած՝ որպես փաստ ներկայացվող տվյալների առկայությունը կամ բացակայության ապացուցման բեռը կրում է պատասխանող կողմը»:

Հետաքրքրվեցինք՝ պատասխանող կո՞ղմն ինչ դիրքորոշում ուներ, նա ասաց. «Պատասխանող կողմն արդեն երկրորդ դատական նիստն է ներկա չէ, չեմ էլ կարծում, որ նրանք ներկա կլինեն, քանի որ դա նրանց գործելաոճն է. հրապարակել զրպարտչական բնույթի հոդվածներ, և դրանից հետո, երբ հարց է առաջանում, որ պետք է իրենք գան դատական նիստի կամ գործողություններ կատարեն այդ ուղղությամբ, քանի որ զրպարտել են, բնականաբար, պետք է պատասխան տան դրա համար, իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում: Տեսնում եմ, որ դրանից հետո կրկին որոշակի հոդվածներ են հրապարակվել՝ կրկին զրպարտչական բնույթի: Այսինքն՝ իրենք կատարում են պլան՝ օգտագործելով այդ հարթակը տարածել զրպարտչական բնույթի տեղեկություններ և փորձել դրանով վարկաբեկել անձին: Տարաբնույթ գործերով կան դատական հայցեր «Սկիզբ Մեդիա Կենտրոն»-ի դեմ, որոնք ունեմ իմ վարույթում: Որևէ ներկայացուցիչ չի ներկայացել դատական նիստին: Ավելին, չի կատարել օրենքի պահանջը՝ ներկայացնելու հայցադիմումի պատասխանը երկշաբաթյա ժամկետում, ինչը իրենց պարտականությունն է, որը չկատարելը հանգեցնում է համապատասխան դատավարական հետևանքների, ընդհուպ մինչև այդ փաստերի ընդունման, որոնք վկայակոչված են հայցադիմումում»:

Հարցին՝ նորից վիճարկելո՞ւ են դատարանում, նա պատասխանեց. «Ինչպես որոշի մեր վստահորդը»:

Սեպտեմբերի 24-ի դատական նիստին դատարանը նաև սահմանեց ապացույցների ներկայացման վերջնաժամկետ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 17-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930