Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ սահմանն անցնել. վաղը ես էլ պաշտոնի չեմ լինի, դու էլ կհոգնես այդ գործով զբաղվելուց». Երիցյանը՝ Մանուել Մանուկյանին

Սեպտեմբեր 24,2020 15:56

Ամիսներ շարունակ վարկային արձակուրդի պահանջով բողոքի ցույցեր անող «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանն այսօր «Բարգավաճ Հայաստանի» նախաձեռնած՝ «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների եւ վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման եւ այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ դիմեց կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին. «Դուք շարունակում եք պնդել, որ վարկային արձակուրդը երկար ժամանակ չի կարող տեւել, իսկ ես շարունակում եմ ասել, որ դուք չեք տիրապետում իրավիճակին: Նախ, դուք չեք տվել վարկային արձակուրդ, որովհետեւ եթե երկիրը հինգ ամիս արտակարգ դրության մեջ էր, երեք ամսով չէր կարող վարկային արձակուրդ տրվել: Երեք ամիս անց այդ պայմանագրերը կարող են անվավեր դառնալ: Դուք այդ ժամանակահատվածում մարդկանցից տոկոսներ եք գանձել: Դա մեր համար վարկային արձակուրդ չի համարվում»:

Մանուել Մանուկյանը շարունակեց. «Ասում եք, թե պրոֆեսիոնալներ եք: Ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է որոշում, որ դուք պրոֆեսիոնալներ եք: Դուք որոշել եք, որ դուք եք պրոֆեսիոնա՞լ: Ես էլ որոշել եմ, որ դուք պրոֆեսիոնալ չեք, դուք վատ աշխատող եք, եւ ձեր վատ աշխատանքի հետեւանքով այսօր քաղաքացիներն այսպես են վերաբերվում բանկային համակարգին: Վարչապետն է ասել, որ որոշողը ժողովուրդն է: Ձեզ կոչ եմ անում դուրս գալ փողոց եւ մարդկանց հարցնել՝ դուք պրոֆեսիոնա՞լ եք»:

Նախաձեռնության անդամները Մանուկյանի խոսքերի ավարտին ծափահարեցին:

Prosperous Armenia faction hold parliamentary hearings on loans and penalties for overdue liabilities and other credit issues in the banking system at the RA National Assembly

Լսումների վարող, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Արման Աբովյանը մասնակիցներին կոչ արեց հարցերը տալ ըստ էության, զերծ մնալ այս կամ այն որակումներից, վարել երկխոսություն:

Prosperous Armenia faction hold parliamentary hearings on loans and penalties for overdue liabilities and other credit issues in the banking system at the RA National Assembly

Ներսես Երիցյանն արձագանքեց. «Բարեբախտաբար, պրոֆեսիոնալները դիլետանտներից տարբերվում են նրանով, որ ոչ թե զգացմունքներին եւ երեւակայությանն են տրվում, այլ փաստերին, իրականության վերլուծությանը: Դուք համարում եք, որ մենք իրականությանը չենք տիրապետում: Գուցե դրանում ճշմարտություն կա, չեմ ուզում մերժել, բայց մենք լավագույն ջանքն ենք ներդնում, որպեսզի կարողանանք մարտահրավերներին դիմակայել: Մեր պրոֆեսիոնալիզմը գնահատելու տարբեր չափանիշներ կան: ԿԲ խորհրդի անդամներն ընտրվել են ազգային ժողովի կողմից, ինչը ժողովրդավարական ընտրություն է: Նրանք պրոֆեսիոնալներ են՝ օրենքի տառին համապատասխան: Ինչ վերաբերում է մնացած զգացմունքային հարցերին, բնականաբար, պատկերացումների տարբերություն կա: Մենք հարգում ենք ձեր կարծիքը, բայց ձեզ չենք վիրավորում երբեք: Երբ խոսում եք՝ համբերատար լսում ենք, հանդիպում, բացատրում, բայց բաներ կան, որ պետք չէ սահմանն անցնել: Վաղը մյուս օրը ես էլ պաշտոնի չեմ լինելու, դու էլ հոգնելու ես այդ գործով զբաղվելուց, կարող է իրար հանդիպենք, հարաբերվելու եւ հարցերը լուծելու ճիշտ ձեւը պետք է գտնել»:

 

Հիշեցնենք՝ Ներսես Երիցյանն այսօր պարզաբաներ էր, թե ինչու նպատակահարմար չէ վարկային համաներում հայտարարելը, եւ թե ինչու վարկային արձակուրդները երկարատեւ չեն կարող լինել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930