Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը մինչեւ հոկտեմբերի 1-ը պատրաստ կլինի. Եղիշե Կիրակոսյան

Սեպտեմբեր 24,2020 15:42

Մինչեւ հոկտեմբերի 1-ը սահմանադրական բարեփոխումների նախագիծը հավանաբար պատրաստ կլինի եւ կդրվի հանրային ոլորտային քննարկումների: Այս մասին այսօր ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը՝ սահմանադրական հակակոռուպցիոն մարմնի/մարմինների հայեցակարգին նվիրված քննարկման ժամանակ: Առցանց քննարկումը կազմակերպել էին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, Իրավաբանների հայկական ասոցիացիան, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի ղեկավար Կարեն Զադոյան ասաց, որ ԵՄ ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի աջակցությամբ կատարած իրենց ուսումնասիրության հիման վրա հայեցակարգ են մշակել, որը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Առաջիկայում հայեցակարգը կքննարկվի հանձնաժողովում եւ որոշ դրույթներ, մասնավորաբար, հակակոռուպցիոն մարմնի կամ մարմինների մասով դրույթը, հուսով են՝ տեղ կգտնի Սահմանադրության մեջ: Հիշեցնենք, Իրավաբանների հայկական ասոցիացիան կողմնակից է Հայաստանում մեկ ունիվերսալ անկախ հակակոռուպցիոն մասնագիտական մարմին ստեղծելու տարբերակին:

Թեեւ նախապես հայտարարվել էր, որ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, պարզվեց, որ ԲԴԽ-ում հրատապ խնդիր էր առաջացել:

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Մարիամ Գալստյանն էլ տեղեկացրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծն այսօր կուղարկվի վարչապետի աշխատակազմ: Նաեւ ասաց, որ ամենօրյա աշխատանք է տարվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության եւ գործունեությանը վերաբերվող արդիականացումների մասով: Ըստ արդարադատության նախարարության ներկայացուցչի, վերջնականացման փուլում է նաեւ հակակոռուպցիոն դատարանների փաթեթը եւ կախված քննարկումների արդյունքներից եւ վերջնական որոշումներից, օրենսդրական դաշտն ի մի կբերվի:

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանն էլ նկատեց՝ 2018-ի հեղափոխությունը եղավ նաեւ Հայաստանում կոռուպցիայի աննախադեպ մակարդակի պատճառով եւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ կոռուպցիայի կանխարգելումը Հայաստանի հետհեղափոխական իշխանության առաջնահերթությունների շարքում է: Դա արտացոլված է տարբեր փաստաթղթերում, դրա մասին խոսել են վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տարբեր ամբիոններից: Ըստ նրա, Հայաստանը, լայն առումով, լինելով եվրոպական ընտանիքի անդամ, ուստի նաեւ եվրոպական գործընկերների առջեւ է ստանձնել կոռուպցիայի կանխարգելման պարտավորություն, դա ամրագրված է նաեւ 2017-ին ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության համաձայնագրում: Հուսով է, որ քննարկումը կնպաստի Հայաստանի համար ճիշտ մոդելի ընտրությանը եւ սահմանադրորեն ամրագրմանը: Ինքը ամբողջական եւ փաստարկված է համարում Իրավաբանների հայկական ասոցիացիայի ուսումնասիրությունն ու իրենց տեսակետի հիմնավորումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930