«Մրցույթի արդյունքում ես ստացել եմ բուհի խորհրդի անդամների ձայների 2/3-ը, եւ արդեն երկու ամսից ավելի է՝ մենք սպասում ենք նշանակմանը: Խնդիրն այն է, որ նշանակման երկարաձգման հետ կապված՝ տնտեսագիտական համալսարանի գիտական խորհուրդը դիմել է վարչապետին, ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով անհապաղ հաստատել մինչեւ սեպտեմբերի 1-ը, քանի որ նոր ձեւաչափով պետք է սկսեինք դասերը՝ հիբրիդային եւ այլ եղանակով, որպեսզի հստակ հասկանանք՝ ինչ ենք անելու կամ առնվազն պետք է պարզաբանեն՝ ինչու է երկարաձգվում հաստատման գործընթացը: Դրանից անցել է շուրջ մեկ ամիս եւ մենք պատասխան չենք ստացել: Եվ դա էր պատճառը, որ երեքշաբթի օրը տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը որոշեց ակցիա իրականացնել, քայլերթով գնաց կառավարության մոտ՝ հարցի պատասխանը ստանալու համար»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր ընտրված, բայց չհաստատված Դիանա Գալոյանը:
Նա ասաց, որ կառավարությունում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ընդունել են, խոստացել մեկ-երկու ժամվա ընթացքում պատասխան տալ, սակայն մինչ օրս չեն արձագանքել:
«Մեզ համար անընդունելի է այս վիճակը, որովհետեւ պետք է ուշադրություն դարձնել այն հարցին, որ արդյունքների հաստատումը ղեկավարության կողմից դա կրթության օրենքի պահանջն է, հետեւաբար այս պահին ձգձգվում է օրենքի իմպերատիվ պահանջի կատարումը, ինչը բնական է, որ առաջացնում է որոշակի անհանգստություն, մտահոգություն կոլեկտիվում: Սա այդքան անհանգստացնող չէր լինի, եթե իրավիճակը երկու տարի չտեւեր բուհում»,- նշեց նա:
Նաեւ դժգոհեց, որ իր բառերով՝ օրինական մրցույթի արդյունքները չեն հաստատվում կառավարության կողմից, չի էլ պարզաբանվում հարցը՝ ինչու չի հաստատվում, արդյունքում. «Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվն այս քայլին գնացել է, որովհետեւ երկխոսության բոլոր մեթոդները սպառվել են»:
Կարդացեք նաև
Նա շեշտում է. «Նման վերաբերմունքը բուհի հանդեպ անընդունելի է, մեզ որոշակիություն է պետք,մեր շահառուները մեզանից պահանջում են կրթության որակ, նոր ուսումնական պլաններ, նոր գործընկերներ, ինչը տեսլականի բացակայության պարագայում չենք կարողանում իրականացնել»:
Դիանա Գալոյանը կարծում է, որ իրենց պայքարը նաեւ այլ հարթակներում եւ այլ ձեւաչափերով պետք է շարունակեն. «Այն, որ մեր ձայնը ի վերջո լսելի ենք դարձնելու, արդեն որոշել ենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Դիանա Գալոյանի ֆեյսբուքյան էջից