Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Եղիազարյան՝ երջանկության, գաստրոարվեստային համադրության ու ճակատագրական մարդկանց մասին

Սեպտեմբեր 24,2020 16:58

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրեն Նաիրա Եղիազարյանի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Եղիազարյանն ասում է, որ աննկարագրելի նոստալգիա է առաջացնում «մանկություն» բառը. «Աչքիս առջևով կինոժապավենի նման անցնում է անհոգ, ուրախ, վառ օրերի մի շարան, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ մի պատմություն է սիրո, ջերմության, բարության, նվիրումի, ընտանիքի, դպրոցի, դաստիարակության մասին։ Սա կյանքի մի շրջան էր, երբ ինձ հետ էին մայրս, հայրս, քույրերս, եղբայրս։ Մենք հինգ երեխա ենք։ Իմ հայրական տան մեծ, օվալաձև սեղանի շուրջ բոլորս մեր անփոփոխ ու անխախտ տեղն ունեինք։ Երեկոյան ճաշին պարտադիր միասին պիտի լինեինք։ Ուր էլ գնայինք` գիտեինք, որ երեկոյան ժամը յոթին սեղանի շուրջ, մեր տեղում նստած պիտի սպասեինք, որ մայրս յուրաքանչյուրիս ափսեն լցներ իր արտասովոր, աննկարագրելի համեղ ու բուրումնավետ ճաշը։

Մանկությունը ինձ համար բակային խաղերով լեցուն կյանքն էր։ Ընդ որում, բոլորը տղայական խաղեր էին` հեծանիվ քշելուց սկսած մինչև ֆուտբոլ։ Մազերս միշտ կարճ էին, միշտ տաբատով էի ու սպորտային կոշիկներով։ Որոշակի տարիքից սկսած՝ տղայական այդ ակտիվությունը վերափոխվեց միանգամայն այլ ձևի ու վիճակների։ Հանկարծ հասկացա, որ ուզում եմ գեղեցիկ զգեստներ հագնել, երկար մազեր ունենալ ու սիրուն լինել, որովհետև սկսել էի երազել դերասանուհի դառնալու մասին։ Հետո, երբ արդեն երազանքը իրականացնելու ժամանակը եկավ, ես խելամտորեն հաշվի առնելով իմ ունակություններն ու տաղանդը, ձևափոխեցի երազանքս` դերասանուհու փոխարեն, ընտրելով թատերագետի մասնագիտությունը։ Հետո չսահմանափակվեցի թատրոնով, ընդլայնվեցի ու տարածվեցի մշակույթի մեջ առհասարակ։ Հիմա ավելի շատ կենտրոնացած եմ կերպարվեստի վրա, տարված` արվեստի պատմությամբ ու արվեստաբանությամբ»։

Մարդկանց կամ դիպվածների մասին խոսելիս, որոնք ճակատագրական նշանակություն են ունեցել իր կյանքում՝ մեր զրուցակիցը նշում է. «Ճակատագրական մարդիկ իմ կյանքում առայժմ չորսն են։

Առաջինը քույրս էր, որն ինձ համար բացեց արվեստի ու մշակույթի աշխարհը։ Ինքն է ինձ առաջին անգամ թատրոն, կինո, օպերա, համերգ, թանգարան, սրճարան տարել։ Մանկության ու պատանեկության տարիներին բոլոր գրքերը կարդացել եմ իր խորհրդով ու իր ընտրած հերթականությամբ։ Մուտքը իմ մասնագիտական կյանք ապահովել ու նախապատրաստել է քույրս` Կիման։

Երկրորդ մարդը, որը ճակատագրական եղավ ինձ կրթելու, հայերենից հաճույք ստանալու, գրել սովորելու, հետաքրքիր մտածելու հարցում, դասախոսս էր` Լևոն Հախվերդյանը, որին պարտական եմ իմ մտածողության ու արվեստը տեսնելու կարողության համար։

Երրորդ ճակատագրականը` ամուսինս է, որի շնորհիվ իմ մասնագիտական կայացումը տեղի ունեցավ։ Ոչինչ չէր ստացվի, եթե նրա բարոյական, ֆինանսական աջակցությունը չլիներ։ Շատ հեշտ ու հաճելի է աշխատել, երբ քեզանից ու քո աշխատանքից գումար չեն ակնկալում, երբ քո յուրաքանչյուր արածով հիանում են, քեզ քաջալերում են։ Չեն նկատում, երբ աշխատանքի պատճառով տնային գործերում թերացել ես, երբեք պատմություն չեն սարքում, եթե հանկարծ չես հասցրել վերնաշապիկը լվանալ կամ արդուկել։ Ես սա համարում եմ ճակատագրական հանդիպում մի մարդու հետ, որը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին կաս, օգնում է` չխանգարելով, քեզ հետ նայում է նույն ուղղությամբ ու չի թողնում շեղվես, հոգնես, հիասթափվես այն ուղղուց ու նպատակից, որն ընտրել ես կյանքում։

Չորրորդ ճակատագրականը` աղջիկս է, Նռանեն, որի ծնվելը ճակատագրական դարձավ այնքանով, որ կարողացավ մտածողությունս, ապրելակերպս, զգացողություններս փոխել։ Իր ծնունդով աշխարհն այլ գույներով եմ տեսնում, այլ երանգներով, այլ փայլով»։

Սիրուն ապրելուն էլ անդրադարձ եղավ: Նաիրան ասում է, որ ապրելն, արդեն իսկ սիրուն է. «Ես աննկարագրելի սիրում եմ կյանքը` նույնիսկ, իր բոլոր դժվարություններով, խնդիրներով, բարդություններով, հոգսերով, վայելում եմ կյանքի յուրաքանչյուր մանրուքը։ Ափսոսում եմ ամեն մի րոպեն, որը վայելած չի, գնահատված ու կարևորված չի։ Հիմնականում մարդիկ անընդհատ պատրաստվում են ապրել։ Մտածում են` շուտով համալսարանը կավարտեմ, կաշխատեմ, որ ապրեմ։ Աշխատում են ու մտածում գումարը հավաքեն` տուն գնեն, հետո մեքենա, հետո երեխաներին` տուն, հետո թոռներին, հետո մի հատ էլ մեքենա ու այսպես շարունակ… իսկ, երբ արդեն հասցնում են ամեն ինչ ունենալ, էլ ո՛չ հավես ունեն, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ եռանդ` ապրելու համար։

Սիրուն ապրելու համար կարևորը պիտի նյութապաշտ չլինես։ Ես հիշում եմ մի ծանոթ ունեինք Գյումրիից։ Խորհրդային ժամանակ, ինչ տեսնում` խելակորույս առնում էր։ Դե այն ժամանակ խանութներում ոչինչ չկար, «տակից» էր առնում, կամ սպեկուլյանտներից։ Ամեն տարի գնում էր Մոսկվա, բայց ոչինչ չէր տեսել այդ քաղաքում ու ոչնչի տեղը չգիտեր, բացի ԳՈՒՄ-ից, ՑՈՒՄ-ից ու էլի մի շարք խանութներից։ Մոսկվայից տանջվելով սպասք էր շալակում` բերում, կահույք առավ այնտեղից։ Մի խոսքով, կյանքի նպատակն էր ամեն ինչ ունենալը։ Սարսափելին այն է, որ 1988-ին այդ ամենը մի վայրկյանում հավասարվեց հողին։ Ողջ կյանքում, զրկանքների գնով ձեռք բերածը փոշիացավ։ Ցավալին այն է, որ դա դաս չեղավ մարդկանց համար։ Այսօր էլ, իմ շուրջը շատ մարդիկ կան, որ մի տուն ունեն, մյուսը կառուցում են։ Երեք հոգանոց ընտանիք են չորս մեքենա ունեն, բայց Երևանից դուրս միայն Սևանում են եղել, լավագույն դեպքում Քոբուլեթիում։

Սիրուն ապրելը միայն նյութի, ապրանքի, տան, մեքենայի մեջ են տեսնում։ Իսկ իրականում, սիրուն ապրելը` սիրուն հայացքով նայելու մեջ է, շուրջդ գեղեցիկը որոնելու մեջ է, այդ գեղեցիկը գնահատելու ու կարևորելու մեջ է»։

Հարցրինք՝ որ դեպքերում կոմպրոմիսի չի գնա:

«Եթե սա հարցնեիք 10-15 տարի առաջ, ապա կասեի ոչ մի դեպքում։ Շատ անզիջումն եմ, սկզբունքային։ Ժամանակի հետ որոշ բաներ վերանայել եմ։ Կյանքի հանդեպ հայացքս ու մտածողությունս փոխվել է։ Շատ բաներ, որ նախկինում կարևոր էին, հիմա պակաս կարևոր են դարձել ու ըստ դրա փոխզիջումներ հնարավոր են շատ հարցերում։ Բայց մասնագիտական առումով շարունակում եմ մնալ սկզբունքային ու անզիջում։ Երբեք միջակ, թույլ որևէ բան չեմ գովի, որքան էլ սիրեմ ու մտերիմ լինեմ տվյալ մարդու հետ, միևնույնն է՝ սուտ գովեստի խոսքեր չեմ ասի։ Անտաղանդի ու ապաշնորհի հանդեպ անողոքության աստիճանի անզիջում եմ։ Դրանից միշտ տուժում եմ, բայց չեմ փոխվում»,-պատասխանեց Նաիրա Եղիազարյանը։

Իսկ ի՞նչ փոխեց կորոնավիրուսային համաճարակն իր կյանքում՝ վերաարժեւորումների ու այլնի առումով: «Կարծում եմ, որ կորոնավիրուսային համաճարակը սարսափելի էր նրանց համար, ովքեր հիվանդացան, մահեր ունեցան, աշխատանք կորցրեցին։ Ես տանը մնալուց չհոգնեցի ու չձանձրացա։ Ընդհակառակը, սա լավ հնարավորություն էր կարդալ բոլոր չկարդացված ու հերթի դրված գրքերը, նայել բոլոր ֆիլմերն ու հաղորդումները։ Ինքնակրթվելու, զարգանալու, աշխատանքից հանգստանալու, նոր մտքերով զինվելու շրջան էր։ Համաճարակի այս շրջանը ինձ հիշեցրեց ցուրտ ու մութ տարիները, երբ շատ դժվար էր, լույս, ջուր, գազ չկար, ոտքով էինք դասի գնում, սակայն հիմա հետ եմ նայում` այդ օրերից ինձ մնացել են իմ կարդացած գրքերը։ Ես հասկացել եմ, որ կյանքում ամենաշատ գրքերը կարդացել եմ այդ տարիներին։ Տանը բացակայող լույսը գրքերում էինք փնտրում ու հենց դա է երևի պատճառը, որ չարությամբ չեմ լցվում այդ շրջանի հանդեպ։ Նույնը համաճարակի չորս ամիսներն էին։ Այսօր մտածում եմ, որ հնարավորություն էր ընտանիքի հետ մշտապես լինելու, խելահեղ ռիթմով այս կյանքում` դադար առնելու, մտածելու, անշտապ ապրելու ու ամեն ինչ վերաարժևորելու համար»,-հնչում է պատասխանը։

Հայաստանի ազգային պատկերասրահի փոխտնօրենից հետաքրքրվեցինք՝ ըստ իրեն ինչ ասել է բարձր արվեստ: «Ամերիկացի արվեստագետ Արնհայմն ասում էր. «Իր շուրջ ծավալվող խոսակցությունների ծովում արվեստին սպառնում է ջրահեղձ լինելու վտանգը»։ Այնքան է գրվել ու այնքան խոսվել արվեստի մասին, որ շատ հաճախ չես ուզում որևէ սահմանում տալ ինչ-որ մեկին չկրկնելու համար կամ սահմանումը տալուց մի րոպե հետո ինքդ քեզ չհակասելու համար։

Ըստ իս, արվեստը կարգի է դնում կյանքը։ Արվեստի հիմքում ընկած է ներդաշնակությունը, չափը, հավասարակշռությունը։ Այն հավասարակշռությունը, որ դրված է խաչի հիմքում, նույն այդ հավասարակշռության օրենքով է առաջնորդվում լարախաղացը, երաժշտության մեջ չափն է, հարմոնիան, դերասանի խաղում էլ ամենակարևորը չափի զգացումն է, կտավում էլ կարևորը ճիշտ կառուցված կոմպոզիցիան է, գծային ստրուկտուրան, եթե դրանք թույլ են, ապա թույլ է նաև գործը։ Կարծում եմ, որ մենք արվեստը փնտրում ու արվեստին ձգտում ենք հենց այդ ներդաշնակության, չափի, հավասարակշռության պակասից։ Ես համոզված եմ, որ մեր կյանքը անկարգ է դառնում արվեստի բացակայությունից։ Իզուր չէ, որ հին հույների մոտ թատրոնը քաղաքացիական ակտ էր։ Պարտադիր էր բոլորի համար, նույնիսկ, բանտարկյալները պետք է ներկա լինեին թատրոնում։ Դա հաճույքի ու զվարճանքի վայր չէր, այլ հաղորդակցման։ Մարդիկ գալիս էին հաղորդակցվելու, հավասարակշռություն ու ներդաշնակություն ձեռք բերելու»,-պատասխանեց մեր զրուցակիցը։

Վերջերս ֆեյսբուքում հաճախ ենք տեսնում ենք նրա պատրաստած թխվածքները, որոնք այս կամ այն նկարչի գործից են ներշնչված, հետաքրքրվեցինք, թե ինչպես ծնվեց գաստրոարվեստային այդ շարքը:

«Խոհանոցը շատ եմ սիրում։ Ճիշտն ասած, միշտ չեմ հասկացել այն կանանց, որոնք ասում են, որ ես եփել, թխել չգիտեմ, դա իմը չի։ Չեմ պատկերացնում ընտանիք ունեցող կինը ինչպես կարող է չեփել, չթխել։ Դա սիրո արտահայտման ու սիրո փոխանցման մի ձև է։ Ինձ, երբ հարցնում են՝ ոնց ես եփում, որ էսքան համով է ստացվում, պատասխանում եմ՝ ընդամենը մի գաղտնիք կա. սիրով եմ անում։ Վերջին շրջանում շատ պատահական հասկացա, որ տվյալ օրը եթե որևէ նկարչի մասին եմ կարդացել, կամ գործերը նայել, ապա այդ օրվա ճաշի կամ խմորեղենի մեջ տվյալ նկարչի արվեստից տարրեր եմ «հայտնաբերում»։

Երբեք մտածված չեմ անում, պարզապես այնքան եմ տարվում արվեստով, որ դա ինքնաբերաբար արտահայտվում է խոհանոցում։ Այդպես Խուան Միրոյի մասին մի գիրք էր կարդում, հետո այդ օրը ֆոկաչա հաց թխեցի ու հասկացա, որ Միրոյի գործերին ինչ-որ նմանություն կա։ Նկարները տեղադրեցի Ֆեյսբուքում, բոլորը հիացական մեկնաբանություններ գրեցին։ Դրանից հետո Միկադո թխեցի, իր ձևի մեջ հիշեցրեց Աշոտ Զորյանի «Նեգրուհին» նկարը։ Հետո թզով չիզքեյք էի պատրաստել, ավատելուց հետո նայում եմ ու շատ նմանեցնում եմ օպ-արտի հիմնադիրներից Մայքլ Քիդների «Պտտվող շրջանները» աշխատանքին։

2018-ին, երբ լույս տեսավ իմ հեղինակած «Վերածննդից սթրիթ-արտ» գիրքը, ես այնքան էլ միահյուսվել ու միախառնվել արվեստի իզմերի ու նկարիչների հետ, որ դրանից հետո ամեն ինչի մեջ արվեստ եմ տեսնում ու արվեստ փնտրում։

Այս խմորեղենային պատմության դրական և օգտակար հանգուցալուծումն այն եղավ, որ մոսկովյան մի հրատարակչության պատվերով ես հիմա պատրաստում եմ գիրք, որտեղ կներկայացնեմ իմ կերակուրների ու խմորեղենի համադրությունները արվեստի հետ»,-ասաց Նաիրա Եղիազարյանը։

Գրականության մասին էլ խոսեցինք:

«Գիրք կարդալը ինձ համար ջուր խմելու պես մի բան է, այսինքն` անհրաժեշտություն։ Միշտ եմ կարդացել, սակայն իմ հեղինակած «Իմ գրադարանը» հաղորդման ընթացքում գիրք կարդալը վերածվել էր արդեն մրցաշարի, քանի որ հաղորդման հյուրերը եթե որևէ գրքի մասին խոսում էին ու ես կարդացած չէի լինում, դրանից հետո փնտրում ու անպայման կարդում էի տվյալ գիրքը։ Ճիշտն ասած, դա այնքան էլ լավ միտք չէր, քանի որ անիմաստ ժամանակ կորցնելով մի շարք ոչ այնքան հաջող գրքեր կարդացի։ Արդեն վաղուց գեղարվեստական գրքեր գրեթե չեմ կարդում, ավելի շատ մասնագիտական գրականություն, սիրում եմ հուշագրություններ ու նամակներ կարդալ։ Հիմա կարդում եմ «Պիկասոյի կենդանիները» գիրքը, որ արվեստաբանական վերլուծություն է Պիկասոյի անիմալիստական ժանրի աշխատանքների մասին»,-ասաց զրուցակիցս։

Պարզեցինք, որ իրեն հաջողակ մարդ է համարում ու միաժամանակ նշում է. «Բայց իմ հաջողությունը պատահականության կամ բախտի բան չէ, այլ աշխատասիրության, կարգապահության, նվիրումի, պատասխանատվության զգացումի, անընդհատ ինքնակրթվելու արդյունք։ Ես ինքս շատ դժվարությամբ ու նպատակաուղղված կերտում եմ իմ հաջողությունը»։

Ինչ վերաբերվում է երջանկությանը, այս մասին էլ ասում է. «Շատ սիրում եմ  Հովհաննես Գրիգորյանի բանաստեղծական տողը. «Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով, երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան»։

Սա երջանկության լավագույն բացատրությունն է։ Ինձ համար շատ պարզ ու մատչելի սահմանում ունի երջանկությունը։ Եթե աչքերս չոր են, ընտանիքիս անդամներն ու հարազատներս ողջ-առողջ են, ապա դա ինձ բավարար է երջանիկ լինելու համար»։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Նաիրա Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930