Այսօր կառավարության նիստում, երբ հաստատվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը. Փուլ I» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգում Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է, եւ շատ կարեւոր է արձանագրել, որ այդ գործընկերությունը շատ բնականոն ընթացքով առաջ է գնում։ Ապա` Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ից անցում կատարեց ՌԴ-ին. «Ուզում եմ ընդգծել հետեւյալը՝ 2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատությունը»:
ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հավելեց՝ աշխատությունը հրապարակել է ռուսական վերլուծական կենտրոններից մեկը՝ «ЦАСТ»-ը, այս հրապարակումը համապարփակ գնահատում է ՀԱՊԿ գործընկերների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ այդտեղ Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ դաշնակցային հարաբերությունների համատեքստում:
Հետո վարչապետը ՌԴ-ից անցում կատարեց ԱՄՆ-ին, նշելով՝ առաջիկայում ԱՄՆ-ի հետ Հայաստանն ունենալու է ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, նա հույս հայտնեց, որ այն Covid-ի պատճառով որեւէ սահմանափակում չի ունենա եւ ամբողջական կիրականացվի. «Եվ այդ առումով կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում։ Եվ մենք շարունակելու ենք այդ հարաբերությունները զարգացնել։ Արդեն ասացի, որ Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն մեզ համար շատ կարեւոր գործընկերներ են, եւ մենք բնականորեն զարգացնում ենք մեր հարաբերությունները գործընկերների հետ։ Նաեւ ԵԱՏՄ շրջանակներում է համագործակցությունը շարունակվում։ Առաջիկայում սպասվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երեւանում։ Նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ մենք շատ ինտենսիվ հարաբերություններ ունենք, Վրաստանի հետ, բնականաբար, մեր հարաբերություններն ավանդաբար ջերմ են։ Եվ մենք հետեւողական ենք, արտաքին քաղաքականության մասին մեր պատկերացումները, որտեղ, իհարկե, կան որոշակի «նյուանսներ», որոնք գուցե սովորական չեն, շարունակելու ենք մեր քաղաքական ուղեգիծը եւ մեր գործընկերների հետ հարաբերությունները խորացնելու ենք եւ դրանք պետք է ունենան եւ ունենում են կոնկրետ արտահայտություն»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ