Եվրամիությունը հրաժարվում է ճանաչել Ալեքսանդր Լուկաշենկոյին որպես Բելառուսի նախագահ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
«ԵՄ-ն նորից հայտարարում է, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունները չեն եղել ազատ և արդար։ Եվրոպական միությունը չի ընդունում դրանց կեղծված արդյունքները։ Դրանից ելնելով՝ 2020թ․ սեպտեմբերի 23-ին կայացած այսպես կոչված «երդմնակալության արարողությունը» և նոր մանդատը զուրկ են որևէ ժողովրդավարական լեգիտիմությունից»,- ասված է փաստաթղթում։
Բորելը նաև նշել է, որ երդմնակալության արարողությունը հակասում է բելառուս ժողովրդի մեծամասնության կամքին, որը դրսևորվում է բազմաթիվ աննախադեպ խաղաղ բողոքի ցույցերում և ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը։ ԵՄ-ն միանշանակ պաշտպանում է Բելառուս ժողովրդի իրավունքը՝ ներկայացված լինել այն մարդկանց կողմից, որոնց նրանք կընտրեն նոր, թափանցիկ և վստահության արժանի ընտրություններում։
Նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 23-ին, տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ օգոստոսին կայացած ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ընտրողների քվեների 80 տոկոսից ավելին։ Ընտրության արդյունքները, սակայն, ընդդիմությունը չի ընդունում, և երկրում շարունակվում են բողոքի ցույցերը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ