Այս տարվա օգոստոսին Հայաստանում ավելի շատ աշխատատեղեր են գրանցվել, քան նախորդ տարվա օգոստոսին: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայացմամբ՝ 2019 թվականի օգոստոսին ՀՀ-ում 13422-ով ավելի աշխատատեղեր են գրանցվել, քան 2019 թվականի օգոստոսին, իսկ օգոստոսին հուլիսի նկատմամբ գրանցվել է 4946 ավելի աշխատատեղ:
Վարչապետը վստահեցրեց՝ այս միտումը շարունակվում է նաեւ աշխատավարձերի ֆոնդերի հետ կապված. «2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի նկատմամբ երկրում բոլոր աշխատավարձերի աշխատավարձային ֆոնդն ավելի է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9,6%-ով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին այդ թիվը պակաս է եղել 2 մլրդ 663 մլն դրամով։ Իսկ մեկ մարդու միջին աշխատավարձը 2020 թվականի օգոստոսին 2019 թվականի օգոստոսի համեմատ ավելի է եղել 13671 դրամով կամ 7,3%-ով, սակայն 2020 թվականի հուլիսի համեմատ օգոստոսին պակաս է եղել 5973 դրամով կամ 2,9 տոկոսով: Սրանք թվեր են, որոնք պետք է վերլուծել եւ հասկանալ, բայց արձանագրումն այն է, որ աշխատատեղերի թիվն ավելանում է: Իհարկե, այս երեւույթը եւս պետք է վերլուծել, բայց այս ավելացումն ընդհանուր սոցիալական վիճակի գնահատման առումով, առնվազն վատ չէ»:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ վարչապետի դիտարկմանը, թե՝ օգոստոսին աշխատավարձի ընդհանուր բազան պակաս է եղել հուլիսի համեմատ, հավելեց՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հուլիսը արձակուրդային ամիս է եւ արձակուրդի ընթացքում հաշվարկվող եւ աշխատակիցներին վճարվող աշխատավարձի չափն ավելին է լինում. «Անցյալ տարի նույն համամասնությունը արտացոլված է անցյալ տարվա հուլիս-օգոստոսին, անցյալ տարի բացասական տարբերությունը կազմել է մոտ 4 միլիարդ, ի տարբերություն այս տարվա, որը 2.5 միլիարդի սահմաններում է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ