Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում. մասնագետները պատճառներն են քննարկում

Սեպտեմբեր 24,2020 13:42

Ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մանկատներից մեկում աշխատակիցները բռնության են ենթարկում սաներին, խոշտանգում, ծեծում եւ անարգում են: Հարուցվել է քրեական գործ:

Այդ թեմայով «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը նշեց, որ այս պահին ՀՀ-ում գործող հաստատություններում խնամք է ստանում 575 երեխա, որոնց զգալի մասը հաշմանդամություն ունի, իսկ մանկատները գործում են Գյումրիում, Երեւանում, Խարբերդում եւ Գավառում:

Նա տեղեկացրեց, որ պարբերաբար մոնիտորինգային այցեր են իրականացվում մանկատներ ու խնամքի հաստատություններ, ու այժմ՝ պայմանավորված COVID-19-ով այդ հաստատություններ այցերը ժամանակավորապես դադարեցրել են: Անահիտ Քալանթարյանը հավելեց, որ երբ բռնության որեւէ դեպք է արձանագրվում, ուսումնասիրության արդյունքները նման դեպքերում ուղարկվում են ոստիկանություն:

Դիտարկմանը, որ եթե պատահականության սկզբունքով հայտնի դեպքի մասին չբարձրաձայնվեր, հնարավոր էր՝ մարդիկ տեղյակ չլինեին մանկատներից մեկում երեխաների՝ բռնության ենթարկվելու մասին, Անահիտ Քալանթարյանը արձագանքեց, որ շատ խնդիրներ բարձրաձայնվում են հենց հաստատության ներսում, բայց միեւնույն ժամանակ չթաքցրեց. «Ցավոք սրտի, չենք կարող փաստել, որ սա եզակի դեպք է, այսպիսի դեպքեր փակ հաստատություններում կարող են լինել, և մեր խնդիրն է հայտնաբերել, ուսումնասիրել և նման դեպքերը ուղարկել պատկան մարմիններին»:

«Այն հաղորդագրությունը, որ տարածել է ոստիկանությունը եւ հրապարակել փաստերը, խոսում են այն մասին, որ չեմ կարող ասել, թե դա մեկ անգամ եղած դեպք է, բայց սպասենք իրավապահ մարմինների քննությանը»,-հավելեց նա:

ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Իվետա Շահբազյանը նշեց, որ 2019թ ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացվել է մոնիտորինգային այց, եւ այդ այցի ընթացքում բռնության դեպքերի վերաբերյալ տվյալներ չեն հայտնաբերվել, բայց միեւնույն ժամանակ փաստեց, որ հաստատությունում չկար կասկածելի եւ բռնության դեպքերի վարման մատյան. «Աշխատակիցները պարզաբանել են, որ նման մատյան վարելու կարիք չկա, քանի որ իրենց մոտ բռնության դեպքեր չեն լինում»:

Ըստ ՄԻՊ ներկայացուցչի, բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխաները բռնության են ենթարկվում հիմնականում այն անձանց կողմից, ում ամենաշատն են վստահում»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը չի պնդում, թե բռնությունները տեղի են ունենում միայն երեխաների՝ խոշոր խնամքի կենտրոններում. «Բռնությունը տեղի է ունենում ամենուրեք՝ լինեն դպրոցներ, թե կենսաբանական ընտանիքներ, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես…Կարեւորը մոնիտորինգի եւ այդ դեպքերի ուղղությամբ իրականացվող ջանքերն են: Երեւույթը թաքնված է, եւ շնորհակալություն եմ հայտնում նրանց, որոնք նպաստել են, որ այս դեպքը բացահայտվի: Մենք չգիտենք՝ երեխաները, ծնողները, թե այլ աշխատակիցներ են հայտնել այդ դեպքի մասին, ամեն դեպքում դրականն այն է, որ դեպքը բարձրաձայնվել է եւ չի քողարկվում»:

Հայկ Խեմչյանի խոսքով. «Ոչ միայն պետական պատասխանատու մարմինների կողմից, այլեւ ընդհանրապես մեր հասարակությունում ընդունված է հերքել բռնության դեպքերը, ասել, որ երեխաների հանդեպ բռնությունն իսպառ բացակայում է, ընդունված չէ մեր հասարակության մեջ»: Վկայակոչելով մի քանի տարի առաջ իրականացված հետազոտությունների արդյունքները՝ նա նշեց, որ ծնողների 69%-ը նորմալ է համարում դաստիարակության այն միջոցները, որոնք պարունակում են բռնության տարրեր, ընդ որում՝ խոսքը միայն ֆիզիկական բռնության, ծեծի եւ խոշտանգումների մասին չէ:

«Մեր բոլոր ջանքերը, թե հասարակական կազմակերպությունների, թե պետական մարմինների, պետք է ուղղված լինեն հետևյալին՝ հայտնաբերում, ուղղորդում և վերականգնում, նաև խնդիրն այն է, որ մենք չունենք ծառայությունների համակարգ, որպեսզի բռնության ենթարկված երեխան հայտնաբերումից հետո ստանա անհրաժեշտ ծառայություններ»,- կարծում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավարը: Հավելում է, որ հաճախ երկու ծայրահեղ հակառակ կարծիքներ են հնչում՝ հենց Խաշթառակի դեպքի հետ կապված. մի մասն ասում է, որ եթե երեխաները գտնվեին հաստատությունում, դեպքը տեղի չէր ունենար, մյուս մասը համամիտ չէ այդ մտքին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի Երեխայի պաշտպանության ծրագրի ղեկավարը ցավով փաստում է, որ բռնության որոշակի դեպքեր ընդունելի են անգամ ծնողների կողմից:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930