Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Հայաստանում համավարակի իրավիճակը կրկին սրվում է»

Սեպտեմբեր 24,2020 12:45

«Շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից»,- այսօր կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի իրավիճակին, նշելով՝ Հայաստանում կրկին իրավիճակի սրում է արձանագրվում:

«Երեկ գրանցվել է 374 նոր դեպք՝ 3913 հետազոտությունից։ Սա, իհարկե, կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ։ Եվ ինչպե՞ս ենք մենք այս իրավիճակին վերաբերվում. մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Այստեղ շատ բան կախված է մեզանից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, պետք է նաեւ շատ խստորեն վարչական մեթոդներ կիրառվեն, եւ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից՝ մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր։ Կարմիր գիծն այն է, երբ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն։ Այդ ժամանակ մենք պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հուլիսին ծավալել էին հիվանդանոցային շատ մեծ կարողություններ, հիմա դրանց մեծ մասը վերադարձել են իրենց նախկին բնականոն վիճակին, բայց նաեւ պատրաստ են ցանկացած պահի վերադառնալ կորոնավիրուսի սպասարկմանը։

Նա դիմելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ասաց՝ այս պահին դեռեւս նոր ծավալման կարիք չունենք: Նախարարը դրական պատասխան տվեց եւ ավելացրեց.«Այս պահին կորոնավիրուսով հիվանդների համար կա ծավալված մոտ 1230 սովորական մահճակալ եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30%-ը դեռ մնում է ազատ, այսինքն՝ ազատ մահճակալներ շատ կան եւ մոտավորապես 20 բժշկական հաստատություններից կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ այս պահին զբաղվում է 5 հիվանդանոց, եւս 3-ը նորածինների ու հղիների համար։ Սակայն, ինչպես դուք նշեցիք, ի սկզբանե էր դա ծրագրավորած՝ ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կրկին կտրուկ կսրվի, ամբողջ ռեսուրսը նորից կարող է գործի անցնել։ Հիշեցնեմ՝ խոսքը մոտավորապես 2700-2800 սովորական եւ 300 վերակենդանացման մահճակալների մասին է»:

Թորոսյանն ասաց, որ ավելի վաղ հայտնել էին, որ մեր երկրում կորոնավիրուսով հիվանդների ամենամեծ թիվը եղել է հուլիսի 6-ին, բայց հիմա այնպես է ստացվել, որ ամենացածր թիվն էլ մեզ մոտ եղել է սեպտեմբերի 11-ին. «Եվ սեպտեմբերի 11-ից մինչ օրս մենք աճում ենք արդեն։ Այսօրվա թիվն, իհարկե, կտրուկ տարբերվում է նախորդ օրերի աճից, սակայն միտումը սկսվել է սեպտեմբերի 11-ից, նոր չէ։ Եվ, այո, դա պայմանավորված է թե շարժունակության մեծացմամբ, թե համաճարակային կանոնների նկատմամբ մեր կարգապահությամբ, ինչպես մենք նշում ենք, որ միայն կանոնն ինքնին կարեւոր է, բայց կարգապահությունն առավել կարեւոր է: Հետեւաբար, մենք պետք է դիմակները կրենք ամենուր, բացառությամբ սնվելուց, պահել սոցիալական հեռավորություն»:

Նախարարն ասաց՝ իհարկե կան գործոններ,որոնք դժվար են վերահսկվում, օրինակ՝ հասարակական տրանսպորտը, խիտ երթեւեկությունը, որը ուղիղ գործոն է վարակի տարածման, դպրոցների բացվելը, բայց մենք դեռ չեն պայմանավորում այս թվերը դպրոցների բացվելու հետ. «Դպրոցները բացվել են տաս օր առաջ, բայց եթե մեկ շաբաթվա ընթացքում սրանից ավելի կտրուկ աճ լինի, արդեն դա կապելու ենք դպրոցների հետ։ Խոսքը միայն դպրոցի ներսում փոխանցման մասին չէ։ Դպրոցներն ինքնին եւ ուսումնական հաստատությունները մեր բնակչության զանգվածային շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են, որը փաստացի չկար երկար ժամանակ։ Եվ դա մենք ավելացրել ենք, իհարկե, գնահատելով ռիսկերը։ Եվ պետք է իրավիճակին հետեւելով՝ թույլ չտանք հասնել կարմիր գծերին»։

Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց՝ մնում է մնալ նույն տեսակետին.« Այս պատմության ավարտին բոլոր երկրներն էլ մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: Իհարկե, բացառությամբ այն երկրների, որոնք այնքան ռեսուրս կունենան, որ մինչեւ պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ պահելու ռեսուրս: Եվրոպայում 2-րդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Եվ կա մի գործոն՝ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է: Մենք որեւէ թիվ չենք փոխել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930