Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսային չեմպիոնը. Մինչեւ 2021-ի հունվարը աշխարհում միայն մեկ երկիր է կարանտին հայտարարել, եւ այդ երկիրը Հայաստանն է». Մոդեստ Կոլերով. «Հրապարակ»

Սեպտեմբեր 24,2020 11:52

Դեպի Ռուսաստան ձգտող հայ քաղաքացիներն արդեն հուսահատության եզրին են եւ անգամ հացադուլ են անում կառավարության շենքի դիմաց՝ երեխաներով, վերմակ-դոշակով, պաստառներով` хочу в Россию: Մեր հայրենակիցները հայտարարում են, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որի համար Ռուսաստանն իր սահմանները չի բացում։

Պատճառների ու պատճառահետեւանքային կապերի մասին զրուցել ենք ռուսաստանցի լրագրող եւ վերլուծաբան Վադիմ Դուբնովի հետ։ Նրա մեկնաբանությամբ՝ ՌԴ-ն մեկ բացառություն է արել՝ Բելառուսի համար։ «Շատ կարեւոր է, եւ կարծում եմ՝ անհատական բանակցություններ ընթանում են ոչ թե ԵԱՏՄ շրջանակներում, այլ՝ երկկողմ մակարդակով, կոնկրետ՝ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ նաեւ ինձ թվում է՝ ճիշտ չէ միանշանակ ասել, որ ԵԱՏՄ երկրների հետ բոլոր խնդիրները մինչեւ վերջ լուծված են»,- ասաց Վադիմ Դուբնովը։

Ամեն դեպքում, փաստ է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները երեկվանից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։ Նշված պետությունների քաղաքացիներին եւ նրանց, ովքեր այդ երկրներում կացության կարգավիճակ ունեն, թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան՝ օդային ճանապարհով։ Ռուսաստանցիներն իրենց հերթին կարող են անարգել թռչել այդ երկրներ։ Թռիչքները նախատեսված են շաբաթական մեկ անգամ։ Սեպտեմբերի 21-ից պետք է վերսկսվեր ավիահաղորդակցությունը Ղազախստանի (Նուր-Սուլթան), Ղրղզստանի (Բիշքեկ) եւ Բելառուսի (Մինսկ) հետ:

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեզ հետ զրույցում այս կապակցությամբ ասաց․ «Սա երկկողմ հարաբերությունների կարգավորման խնդիր է։ Եվ այդ հարցին պետք է պատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Նկատեցինք, որ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ հայտարարել են, թե իրենցից որեւէ բան կախված չէ, այլ ՌԴ-ից է կախված, ինչին ի պատասխան Կոլերովը բացականչեց․ «Այո, Ռուսաստանը վատն է, շա՜տ վատն է, բայց ո՞վ է կարանտինը երկարաձգել Հայաստանում մինչեւ 2021 թ․ հունվարը՝ Ռուսաստա՞նը։ Ղրղզստանը սա չի արել, Բելառուսը՝ նույնպես։ Առհասարակ, մինչեւ 2021-ի հունվարը աշխարհում միայն մեկ երկիր է կարանտին հայտարարել, եւ այդ երկիրը Հայաստանն է։ Կորոնավիրուսային չեմպիոնը․․․ ինչո՞ւ Եվրոպայի, աշխարհի…»։ Հիշեցնենք, որ օգոստոսը Հայաստանը փակեց կորոնավիրուսային հետեւյալ վիճակագրությամբ․ 100 հազար մարդուն ընկած դեպքերի թվով ՝1490․16, եւ մենք առաջինն էինք Եվրոպայում։ Երրորդ տեղում Իսպանիան է, իսկ 5-րդում՝ կարանտին առհասարակ չհայտարարած Շվեդիան։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930