Time ամսագիրը կազմել է 2020թ․ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակը։ Time-100-ը վարկանիշային աղյուսակ չէ, մարդկանց չեն դասակարգում ըստ ազդեցության աստիճանի, այլ ըստ անվանակարգերի՝ «Առաջնորդներ», «Տիտաններ», «Նորարարներ», «Մշակույթի գործիչներ», «Կուռքեր»։
«Առաջնորդներ» անվանակարգում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա ընտրություններում նրա մրցակից Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի առաջնորդ Սի Ձինպինը։
Ամսագրի ցուցակում այս տարի ռեկորդային շատ բժիշկներ, բուժքույրեր և գիտնականներ կան։
«Կուռքեր» անվանակարգում ամսագիրը ներառել է նյույորքցի բուժքույր Էմմի Օ‘Սալիվանին։ Նա աշխատում է հիվանդանոցում, որտեղ գրանցվել էր քաղաքում առաջին COVID-19-ի դեպքը։ Օ‘Սալիվանն ինքը վարակվել էր կորոնավիրուսով, նրան միացրել էին արհեստական շնչառության սարքին, իսկ 2 շաբաթ անց նորից վերադարձել էր աշխատանքի։
Կարդացեք նաև
ԱՄՆ ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Էնտոնի Ֆաուչին հայտնվել է «Առաջնորդներ» անվանակարգում։
Ինֆեկցիոն հիվանդությունների մյունխենցի մասնագետ Կամիլա Ռոտեն հայտնվել է «Նորարարներ» անվանակարգում այն բանի համար, որ հայտնաբերել էր՝ կորոնավիրուսը մարդուց մարդուն կարող է փոխանցվել անսիմպտոմ։
Ամսագիրը հավելել է, որ սովորաբար ցուցակը կազմելիս կենտրոնանում է ողջերի վրա, սակայն 2020թ․ այդ ցուցակում շատ են մահացածները, օրինակ, մարդիկ, որոնց սպանության մեջ մեղադրում են ոստիկանների։ Դրանց թվում է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը։
Black Lives Matter շարժման հիմնադիր Ալիսիա Գարզան, Օփալ Թոմեթին և Պատրիս Քալորսը հայտնվել են «Կուռքեր» անվանակարգում։ Այս շարժման մասին շատերը հիշեցին կամ լսեցին Ֆլոյդի սպանությունից հետո։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ