Այսօր Հայաստանում առկա կառավարումը համակարգային չէ: Այն ավելի իրավիճակային է՝ այսպես ասած, հրդեհ հանգցնելու տարբերակով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը: «Հաճախ սխալ է պլանավորվում, պլանավորվածը սխալ է կազմակերպվում, իսկ սխալ կազմակերպածը սխալ է իրականացվում: Մեծ հաշվով, կառավարման չորս հիմնական գործառույթների՝ պլանավորելու, կազմակերպելու, առաջնորդելու ու հսկելու օղակներում լուրջ թերություններ կարելի է նկատել: Առհասարակ, կառավարումով պետք է կառավարիչները զբաղվեն, ինչը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է ունենա և՛ համապատասխան կրթություն, և՛ անհրաժեշտ ներքին բնագծեր:
Կարծում եմ՝ մեր կառավարման համակարգում այս պահին քչերը կարող են համապատասխանել այդ չափանիշներին: Լուրջ խնդիրներ կան այդ առումով: Մակրոմակարդակի կառավարիչները, որոնք պետք է զբաղվեն կառավարմամբ, չեն համապատասխանում իրենց ստանձնած պաշտոնների իրական պահանջներին»,-ասաց նա: Մեր զրուցակիցը շեշտեց՝ քանի դեռ վերոնշյալ պահանջների նկատմամբ լուրջ վերաբերմունք չկա, որևէ բան չի փոխվելու. «Այստեղ տեղին է նշել մերիտոկրատիայի՝ արժանիների իշխանության մասին: Այս առումով հիմա լուրջ վակուում է առաջացել. պետական կառավարման համակարգում մարդիկ իրենց ունեցած փորձին, գիտելիքին և պոտենցիալին անհամապատասխան պաշտոններ են ստանձնել: Սա շատ օբյեկտիվ խնդիր է առաջացնում կառավարման իրենց գործառույթներում»:
Նրա խոսքով, կառավարության ղեկավարն էլ այն պրոֆեսիոնալ կառավարիչը չէ, որն անհրաժեշտ էր, ինչը ևս լուրջ հարց է. «Եթե կառավարիչը չունի հստակ կառավարման փորձ ու ունակություններ, իր համար շատ դժվար է նաև ճիշտ վերալիազորել, ճիշտ հանձնարարություններ տալ և պատշաճ հսկել դրանք: Սրանք հմտություններ են, որոնց պետք է տիրապետել: Ցավում եմ, բայց այս պահին մենք այդ ցանկալի իրավիճակը չունենք»: Անդրադառնալով ճգնաժամային իրավիճակում առկա կառավարման որակին՝ Բ. Մկրտչյանը նախ նկատեց, որ ցանկացած ճգնաժամի ընթացքում կարելի է ինչ-որ բաներ սովորել, հասկանալ, հետո սովորածի վրա ճիշտ որոշումներ կայացնել: «Բայց այս դեպքում մի փոքր այլ տեսանկյունից եմ դիտարկում հարցը: Covid-ի հետ կապված այս գլոբալ անհասկանալի իրավիճակն ամբողջովին այլ հարթությունից է:
Եվ այս պարագայում իրավիճակը կառավարելի պահելը շատ բարդ է, քանի որ տիրում է քաոս, և մենք պետք է մտածենք քաոսի կառավարման մասին: Խոսքը ոչ միայն Հայաստանի, այլ գլոբալ տիրույթում առկա քաոսի մասին է: Իսկ ՀՀ-ում, երբ մարդիկ պատրաստ չէին անգամ ոչ ճգնաժամային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնել, պլանավորել, առաջնորդել, հսկել, բնականաբար, ճգնաժամային իրավիճակներում այդ կառավարումը մի քանի անգամ ավելի դժվար կլիներ և սխալներն ավելի շատ կլինեին: Իրականում պետք չէ այս պահին ենթարկվել գլոբալ թելադրանքներին ու մասնակցել քաոսի ստեղծմանը»,-ընդգծեց նա: Փողոցում ու դպրոցներում դիմակներ կրելու պարտադրանքը, քաղաքացիներին տուգանելը, ըստ մեր զրուցակցի, ամենևին տեղին չեն. «Սա չի խոսում կառավարելիության մասին, սա վկայում է ճիշտ հակառակի՝ այդ քաոսի ստեղծմանը մասնակցելու մասին:
Պետք է դադարեցնել այդ ամենը: Բացի այդ, գլոբալ կենտրոններից կորոնավիրուսի հետ կապված կառավարելիությունը ապահովելու գրավոր կամ բանավոր որևէ հանձնարարություն պետք է վերլուծել ողջամտության սահմաններում և միանգամից չանել այն, ինչ ասվում է: Պետք է դադարեցնել մասնակցել գլոբալ քաոսի մաս կազմելուն՝ հանուն իշխանության պահպանման: Ես չեմ կարծում, որ այն, ինչ կատարվում է աշխարհում, բնական ընթացք ունի: Հստակ նպատակներ կան, աշխարհում շատ լուրջ ու վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: Մենք, մեծ հաշվով, չպետք է ենթարկվենք այդ քաոսին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։