Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնիկ Ալեքսանյան. Առանձին-առանձին վերցրած այդ ուժերը կարող են ավելի շատ գործ անել, քան երեքը միասին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 24,2020 10:39

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ նախկին անդամ Լեռնիկ Ալեքսանյանը։

– ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ առանց ՀՀԿ-ի որևէ ընդդիմադիր ձևաչափ հաջողության շանս չունի: Ձեր կարծիքով՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք» եռյակը որևէ շանս ունի՞ հանրային մոբիլիզացիա ապահովելու համար, թե՞ ոչ:

– ՀՀԿ-ն չի կարող ընդդիմադիր դառնալ այս կազմով: Այ, եթե ՀՀԿ-ն իր ներսում ներքաղաքական կյանքը վերափոխեր, եթե ՀՀԿ ղեկավարը հայտարարում էր, որ ինքը սխալվել է, այդ հայտարարելը արտահայտվեր նաև գործով, համագումար աներ, ղեկավար կազմը փոխվեր, օլիգարխներից ազատվեր, այսինքն՝ եթե վերակառուցվեր Հանրապետականը՝ սկսած մարդկանցով, վերջացրած վարած քաղաքականությամբ, այդ դեպքում կարող էր լինել ընդդիմություն: Բայց այս կազմով և այս գործունեությամբ ՀՀԿ-ն ուղղակի չի կարող լինել ընդդիմադիր: Իշխանություններին քննադատելը դեռևս ընդդիմադիր լինել չէ:

Ինչ վերաբերում է ձեր նշած երեք ուժերին, ապա առանձին-առանձին վերցրած այդ ուժերը կարող են ավելի շատ գործ անել, քան երեքը միասին: Որովհետև ամեն մեկն առանձին ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր, իսկ երեքը միասին վերցրած ավելի խոցելի են: Նրանց այս դեպքում ավելի հեշտ է քննադատել, որովհետև ամեն մեկի սխալները գումարվում են իրար ու ավելի խոցելի են դառնում: Ասենք, եթե Վանեցյանը չմիանար մյուս երկուսին, նա կարող էր ներկայանալ որպես նոր կուսակցություն, որը կհետաքրքրեր ժողովրդին: Բայց միանալով այդ ուժերին, այդ ուժերի բացասական վարկանիշը դառնում է նաև «Հայրենիքինը»: Նույն բանը կարելի է ասել նաև ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի մասին:

– Ինչպե՞ս եք գնահատում «Դոսյե» կենտրոնի զեկույցի հրապարակումը, որտեղ Վանեցյանի ու Ծառուկյանի անունները ևս շոշափվում են:

– Ես կարծում եմ՝ դժվար է գնահատականներ տալ: Այդ կեղծ կուսակցականությունը, կեղծ սև-սպիտակը որևէ լավ բանի չի բերի երկու կողմերից էլ: Ես կարծում եմ, որ այդ գույները շատ ավելի շատ են, ՀՀԿ-ի մեջ կան շատ կարգին, նորմալ մարդիկ, որոնք ժամանակին աշխատել են, նվիրվել են, հետո դուրս են մնացել: Նաև ՀՀՇ-ի մեջ են եղել շատ կարգին մարդիկ, որոնք լուսանցքից դուրս են մնացել: Հիմա խնդիրն այն է, որ այդ առողջ ուժերը, որ միշտ եղել են, որոնք շատ ավելի խոցելի են այն իմաստով, որ օլիգարխիկ ուժերն ավելի հեշտ ու արագ են միավորվում, որովհետև ավարի խնդիր կա, իսկ մնացածները, որոնք գաղափարական են, նրանք ավելի ուշ են միավորվում: Այդ խնդիրը եղել է նաև ՀՀՇ-ի ժամանակ, երբ շարժումը դարձրին նեղ կուսակցական ուժ: Այդ նույն սխալը կրկնվեց այս իշխանության ժամանակ: Վարչապետն արդեն ընտրվել էր, ինքն ու իր թիմը շատ լուրջ իմիջ ունեին, պետք է առողջ ուժերին՝ անկախ կուսակցականությունից, հավաքեին իրենց շուրջը, բայց էլի դարձրին նեղ կուսակցական: Գուցե դրան նպաստեց նաև ընդդիմությունը, որը ևս իր կողմից սև-սպիտակի հարց դրեց: Համենայնդեպս, այս խառը իրավիճակում այդ առողջ ուժերը պետք է փորձեն միավորվել, որովհետև մեզ մոտ չկա այդ կուսակցականությունը: Այսօր չկան գաղափարի վրա հենված կուսակցություններ: Կան մարդ-կուսակցություններ, փողով կուսակցություններ, կան քաղաքական դաշտը գրավելու, իշխանության գալու, դրա համար միավորվելու քայլեր, իսկ դրանք արդյունք չեն տվել ու չեն տա: Իրական կուսակցականությունը պետք է գաղափարի վրա հենված լինի, ժողովրդի ինչ-որ շահերի պաշտպանը պետք է դառնա: Հիմա աջ ու ձախ չկա, մեկ էլ տեսնում ես՝ ամենաձախերը աջերի հետ դաշինք են կնքել: Հայաստանում քաղաքական դաշտը ավերված է:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930