Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ահազանգ է: Մարդն իր մարդկային բոլոր հատկանիշներն աստիճանաբար կորցնում է, եւ դա է ամենամեծ վտանգը: Լեդի Գագան կարողացել է այդ ամենն արտահայտել». Կարինե Հակոբյան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 24,2020 10:26

Ամերիկյան հանրահայտ երգչուհի Լեդի Գագան իր նոր «911» տեսահոլովակում, որ նկարահանված է մտավոր խանգարման դեպքում անհրաժեշտ դեղերի մասին երգի հիման վրա, ներկայանում է փարաջանովյան խորհրդանիշներով: Հայկական խորհրդանիշներ կան տեսահոլովակի բոլոր դրվագներոում՝ առաջին կադրերից մինչեւ վերջինները․ ակնհայտ է, որ ռեժիսորը եւ կերպարների հեղինակը ներշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։

Այս փաստը մեծապես դուր է եկել մեր հայրենակիցներից շատերին: Համացանցում բազմաթիվ են ոգեւորված արձագանքները, սակայն, քննադատական դիտարկումները եւս քիչ չեն: Իրականում ի՞նչ ուղերձ ունի հոլովակն ու որքանո՞վ է դա առնչվում հայերին: Այս հարցերի մասին «Հայկական ժամանակի» հետ զրուցեց մշակութաբան, հրապարակախոս Կարինե Հակոբյանը: Նա վստահ է, որ հոլովակը լավն է նվազագույնն այն պատճառով, որ ստիպում է մտածել.

«Զարմանալի բան չէ, որ փարաջանովյան կադրեր կան հայտնի երգչուհու տեսահոլովակում: Փարաջանովն այնքան հայտնի է, որ նրա աշխատանքները շատ են օգտագործվում ամենուր: Դրա մեջ մեզ համար ոչ մի մտահոգիչ կամ հատուկ հպարտանալու բան չկա: Այդտեղ հայերին վերաբերող հատուկ խորհրդանիշ տեսնել չկարողացա: Եվ ցանկալի է, որ խուսափենք թե սնապարծությունից (թե, օ՜, հայի անունը կա այստեղ), եւ թե թերարժեքության բարդույթից: Իրականում, հպարտանալու շատ բաներ ունենք, բայց սնապարծությունից պետք է հեռու մնալ:

Ժամանակակից քաղաքակրթությունը տարբեր վտանգների առաջ է կանգնած, եւ այս երգն, ըստ իս, հետաքրքիր է, քանի որ ուրախ տոնայնությամբ, բայց դրամատիկ բովանդակությամբ է կառուցված, բայց ամենակարեւորը, վերջանում է փրկության տեսարանով»:

– Երգի տեքստն այն մասին է, որ հոգեմետ դեղերը չընդունելու հետեւանքով տեղի է ունեցել վթար, անգիտակից վիճակում մարդը ցնորք-մղձավանջի մեջ տեսնում է իրավիճակներ, կերպարներ, որոնցով տպավորվել է կյանքում, իսկ հոլովակի ավարտին ուշքի է գալիս: Ուշքի գալն, ըստ Ձեզ, փրկությո՞ւնն է։

– Այո, դա բավական տարածված խնդիր է. ծնված օրվանից նեյրոլեպիտկներ ենք ընդունում, փոխաբերական իմաստով, իհարկե, եւ հասնում է մի պահ, երբ այլեւս չենք կարողանում նույնիսկ լաց լինել: Այսինքն, մարդն իր մարդկային բոլոր հատկանիշներն աստիճանաբար կորցնում է, եւ դա է ամենամեծ վտանգը: Իսկ Լեդի Գագան այստեղ իր տաղանդով կարողացել է այդ ամենն արտահայտել: Սա ահազանգ է:

– Երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ այստեղ օգտագործվել է Փարաջանովի գաղափարը՝ հոգեւորականի պատկերը, որ կարծես ստատիկ նկար է, բայց նաեւ կենդանի է, հարաշարժ է, դարերի միջոցով գաղափար է տանում, սակայն դա այս հոլովակում դրվել է հակառակ նշանով: Այսինքն՝ կամ անփութորեն իմաստազրկվել է փարաջանովյան գաղափարը, կամ դիտավորությամբ այն ներկայացվել է ճիշտ հակառակ իմաստով: Իսկ պատանքը գրկած ողբացող հայուհու կերպարի համար ընդհանրապես որեւէ մեկնաբանություն ինձ չի հանդիպել:

– 21-րդ դարը նյութական արժեքների ժամանակաշրջան էր, բայց այս երգն ահազանգ է դրա դեմ: Սա բավական բարդ ստեղծագործություն է: Այո, ամեն ինչ հակաարժեքային է, սակայն քանի որ բովանդակությամբ երգը դրա դեմ է՝ ճիչ է, ահազանգ է, ապա այն այդ գաղափարախոսության դեմ է: Այո, այդ ամենը կա, դա ավտովթարի հետեւանքն է, բայց մարդը վերջում այդ դրությունից դուրս է գալիս: Սա հետաքրքիր է շատ, եւ լավ է, որ այս գործը մտածելու, վերլուծելու առիթ է տալիս, եւ շատ-շատ արդիական է: Ընդհանուր առմամբ, այս ստեղծագործությունից իմ տպավորությունը դրական է, քանի որ հոլովակը, որում ներկայացված է միջավայր, որ տանում է կործանման, վերջանում է նրանով, որ այս միջավայրից մարդը դուրս է գալիս: Փրկությամբ է ավարտվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930