Անկախության տոնի միջոցառման ծախսը, առանց մրցույթի գնումները, միջոցառման վարողի եւ իշխանությունների մտերիմ հարաբերությունները կասկածի տեղիք են տվել
Անկախության 29-ամյակի միջոցառումների համար ծախսվել էր 133 մլն դրամ ու այս ծախսը մամուլում դարձել էր քննարկման առարկա, թե այս համավարակի պայմաններում, ըհը, 10,8 մլն միայն հրավառության համար են ծախսել պետբյուջեից:
Եթե համեմատենք նախկին իշխանությունների հետ, ծախսը կրճատվել է, բայց գնումները կատարվել են մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթ հայտարարելու: Օրինակ, 2018թ. Սարդարապատի միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակում միայն հրապարակում տեղի ունեցած գալա համերգի համար պետական բյուջեից ծախսել էին 425 մլն դրամ, իսկ 2019-ին այս գալա բեմը նույն մարդիկ էին տեղադրել ու արժեցել էր 33 մլն դրամ: Նախորդ տարի անկախության տոնի միջոցառումների համար 220 մլն դրամ էին տրամադրել ու այս ֆոնի վրա 133 մլն-ը համեստ ծախս է: Թե ինչու են շարունակում նախկին իշխանությունների գործելաոճը ու առանց մրցույթի գնման ընթացակարգ կիրառում՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը բացատրել էր օրենքով, օրենքը դա թույլ է տալիս. «Օրենքի տեսանկյունից որեւէ ապօրինություն եւ օրենքի խախտման դրվագ հնարավոր չէ գտնել այդ գործընթացում, որովհետեւ օրենքով սահմանված է մեկ անձից գնման ընթացակարգ, որն էլ տեղի է ունեցել»:
«Առավոտի» հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք նշված հարցը բարձրացրել ենք՝ սկսած Երեւանի քաղաքապետարանից, հետո՝ կառավարությունում եւ ասել ենք՝ մենք հիմնավոր կասկած ունենք, որ կա հովանավորչություն եւ կոռուպցիա: Սրա մասին բազմիցս խոսակցություններ են եղել: Երեւանի քաղաքապետարանի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծումը էլի տրամադրության տակ էր, բայց տապալվեց իշխանությունների կողմից: Մենք շարունակում ենք պնդել, որ մեկ անձից գնումը կամ կասկածելի, մտերիմ անձից գնումը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Դուք երեկ տեսաք միջոցառման վարողն ով էր ու նաեւ վարողի հետ կապված կա հարց, որ նա էլի մեկ անձից գնումներով մեծ տենդերներ է շահում, հիմա էլ այդ միջոցառումն է վարում: Այդտեղ հարցեր են առաջանում ու պատասխան չի տրվում: Նաեւ ես զարմացած եմ, որ Հայաստանում ժամանակին եղած քաղհասարակության, կոռուպցիայի դեմ պայքարող իրավապաշտպան միջազգային եւ ոչ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները լռում են եւ աչք են փակում այսօրվա տեղի ունեցող այդ հովանավորչությանը»:
Կարդացեք նաև
Նշենք, որ Անկախության տոնի միջոցառման վարողը «Անտարեսի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էր, թե նրա հետ կապված ի՞նչ կասկածներ կան՝ Մարուքյանն ասաց. «Իրենք փողը փոխանցում են իրենց մտերիմներին: Այսինքն, իրենք անում են նույն բանը, ինչ արել է նախկին իշխանությունը: Ես որ շատ դեպքերում ասում եմ՝ իշխանությունը նույնն է, նախկինների նման է վարվում, նաեւ դա նկատի ունեմ: Եթե դուք անընդհատ քննադատել եք, որ նրանք մրցույթ չեն արել ու հետո դուք գաք, մրցույթ չանեք, մեկ անձից գնում անեք, ինչո՞վ եք լավը նույն ձեր քննադատած իշխանություններից: Նույն բաները, ինչ ժամանակին արվել է, շարունակում են անել»:
Այն, որ «Գնումների մասին» օրենքով ճիշտ են վարվում, Մարուքյանի համար արդարացում չէ. «Բերեք փոխեք, մեծամասնությունը ձերն է: Կամ շինարարության երաշխիքի հարցը մենք քանի անգամ բարձրացրել ենք, եւ Փաշինյանը, փոխանակ հարցիս պատասխանի, մեր պատգամավորին ասում է՝ աաաա՜, ատկատչիկների շահերն եք հա՞ պաշտպանում: Բայց պարզվում է ի՞նչ, այն ընկերությունները, որոնք ունեն 1 մլրդ դրամ երաշխիք բանկում, նրանք բոլոր տենդերները շահում են մարզ առ մարզ եւ որպես ենթակապալառու տալիս են փոքր ընկերություններին, ովքեր չունեն այդ երաշխիքի փողը: Այսինքն, փոքրը գործն անում է, մի հատ խոշորը փող է առնում՝ այսօրվա Փաշինյանի դրած երաշխիքի համակարգով: Երբ որ հարց ենք տալիս, ասում է՝ աաա՜, կոռումպացվածներին եք դուք պաշտպանում»:
Մարուքյանի խոսքով՝ ժուժկալության կոչ անող իշխանությունը ինքն էլ պետք է ժուժկալ լինի. «Ասենք, ինքնաթիռ ներկելուց առաջ ինքը պետք է մտածի՝ ինչ կոչեր է արել, հետո ինքնաթիռ ներկի»: ԼՀԿ ղեկավարը դեմ չէ, որ Անկախության տոնը նշվի, իսկ թե որքանով է շատ կամ քիչ ծախսվում, պետք է, ըստ նրա, դիտարկել համեմատության մեջ. «Եթե տենդենցը կրճատվող է, ուրեմն լավ տենդենց է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2020