Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը հատեց կարմիր գիծը

Սեպտեմբեր 24,2020 14:30

Ղարաբաղյան խնդրի գոյության ամբողջ ընթացքում կողմերի առաջին դեմքերը հնարավորինս պահպանել են կոռեկտությունը եւ միմյանց անձնական վիրավորանք չեն հասցրել:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի նախագահը հատեց այդ կարմիր գիծը եւ տեղական հեռուստատեսություններից մեկի եթերում վիրավորեց Հայաստանի վարչապետին. «Դու ո՞վ ես, որ մեզ հետ նախապայմաններով խոսես»:

Ճիշտ չէր լինի ասել, թե նա հոգեխանգարմունքի մեջ է կամ չի տիրապետում դիվանագիտական լեզվի նրբություններին: Այդ քայլին Ալիեւը գնացել է գիտակցված: Իհարկե, կարելի է ասել, որ տավուշյան եռօրյա մարտերը ծանր տպավորություն են թողել, եւ Ալիեւը, հրապարակավ Հայաստանի վարչապետին վիրավորելով, լուծում է ներքին վստահության վերականգնման խնդիր:

Բայց չէ՞ որ նրան լսում են ոչ միայն Ադրբեջանում, այլեւ Հայաստանում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մայրաքաղաքներում:

Մանավանդ որ միջնորդներն Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ հանդիպելու նախաձեռնությամբ են հանդես եկել եւ բանակցությունների վերսկսման են ձգտում: Ի՞նչ հանդիպում կարող է կազմակերպվել, եթե Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի վիրավորում է Հայաստանի վարչապետին: Ընդ որում, նրա խոսքի ենթատեքստն այն է, որ Հայաստանը չի կարող նախապայմաններ առաջադրել: Այսինքն՝ ԼՂ կարգավորումը «պետք է տեղի ունենա բացառապես Ադրբեջանի պայմաններով»:

Բացառված չէ, որ դա հոգեբանական ճնշման փորձ է: Բայց որ մթնոլորտն ակնհայտորեն ավելի է լարվում՝ անառարկելի է:

Ի՞նչ է սպասվում: Ենթադրություններ անելիս, հավանաբար, պետք է հաշվի առնել նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ազդեցության մասին պատկերացումները չափազանցված են, եւ մի պահի նրանք, հնարավոր է, չկարողանան կառավարել իրավիճակը: Կամ՝ այլեւս չցանկանան: Ալիեւը վերջին շառլատանը չէ եւ եթե գնում է նման սրացման, ապա ինչ-որ հաշվարկներ, ամենայն հավանականությամբ, ունի:

Այս պահին կարելի է մի կանխատեսում անել. սեպտեմբերի 22-ին ծրագրված է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հանդիպումը ՌԴ արտգործնախարարի հետ:

Դա, ըստ երեւույթին, Ալիեւին մոսկովյան ուղերձ հղելու համար է կազմակերպվում: Ի՞նչ ազդակ է հղելու Ռուսաստանը: Հայաստանի վարչապետին հասցված վիրավորանքն Ալիեւի ուղերձն է նաեւ Մոսկվայի՞ն:

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930