Արդի պայմաններում ողջ աշխարհն է գիտակցում մոլորակի էկոլոգիային պլաստիկ տոպրակների հասցվող վնասը: Աշխարհի շատ երկրներում պոլիէթիլենի օգտագործման պակասեցման ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում:
Էկո Ցայինոն (իտ. Zaino) Արցախում կտորե պայուսակների արտադրությամբ զբաղվող սոցիալական ձեռնարկատիրություն է, որի արտադրած պայուսակները թրենդային լինելուց բացի, ունեն նաեւ բնապահպանական եւ սոցիալական ուղղվածություն: Գաղափարը Զինա Գասյանի մոտ առաջացել էր վաղուց, սակայն, ըստ նրա` ցանկացած քայլ կատարելիս, անհրաժեշտ է գրագետ մոտեցում ցուցաբերել:
«Որդիս եղավ այն շարժիչ ուժը, ում լույս աշխարհ գալը լրիվությամբ փոխեց իմ աշխարհընկալումը: Սկսեցի մտածել, թե ինչ միջավայրում ենք ապրում մենք, եւ ինչ միջավայր ենք մեր սերունդներին ժառանգություն թողնելու: Այս հանգամանքն էլ խթան հանգիսացավ Արցախում սկսել ընդգծված նախաձեռնություն՝ ընդդեմ պոլիէթիլենի»,-ինձ հետ զրույցում ասել է Զ. Գասյանը։
Պլաստիկ տոպրակները, որոնք մենք սովոր ենք օգտագործել առօրյա կյանքում, պատրաստվում են պոլիէթիլենից, ապրում են ավելի երկար, քան մենք ինքներս եւ քայքայվում են հարյուրավոր տարիների ընթացքում: Հենց այդ ուշ քայքայման պատճառով տեղի է ունենում շրջակա միջավայրի աղտոտումը:
Կարդացեք նաև
«Eco Zaino-ն իր առջեւ խնդիր է դրել Արցախում պայքարել պոլիէթիլենային տոպրակների դեմ: Վերջիններս, ի տարբերություն պլաստիկ շշերի, նույնիսկ չեն վերամշակվում: Լուծումը մեկն է. պետք է հրաժարվել պլաստիկ տոպրակներից՝ հօգուտ էկո պայուսակների: Ելնելով եվրոպական փորձից եւ դիտարկելով կտորե պայուսակների կիրառելիությունը տեղական շուկայում՝ Eco Zaino-ի թիմը որոշել է Արցախի հանրությանը առաջարկել կտորե պայուսակների նոր շարք, որոնք բազմաֆունկցիոնալ են, բազմակի օգտագործվող, ինքնատիպ, էկոլոգիապես անվտանգ, մատչելի»,-ասել է Զինա Գասյանը, ավելացնելով, որ գաղափարը կյանքի կոչելու ժամանակահատվածը համապատասխանեց Սոցիալական Ձեռներեցների դպրոց ընդունվելու հետ։ Զինան որոշեց ծրագրին տալ նաեւ սոցիալական ուղղվածություն:
Աշխատողները հաշմանդամություն ունեցող երեխաների մայրիկներ են, ովքեր գումար վաստակելու հնարավորություն են ստացել՝ համատեղելով երկուսը մեկում: Աշխատում են տանը՝ միաժամանակ խնամելով իրենց երեխաներին: Ծրագրում Զինան ընդգրկել է նաեւ ուսանողների, ովքեր համաձայնել են միանալ էկո համակարգի ձեւավորման ուղղությամբ տարվող այս նախաձեռնությանը: Աշխատանքը կազմակերպվում է ապակենտրոնացված տարբերակով: Ինչքան մեծանա հաճախորդների շրջանակը, այնքան ավելի շատ շահառուների կկարողանան ապահովել աշխատանքով:
Ինձ հետաքրքրեց, թե ի՞նչ առավելություն ունի այս սոցիալական ձեռնարկատիրությունը, որովհետեւ Արցախում նմանօրինակ էկո պայուսակներ արտադրողներ կան։ Հարցիս զրուցակիցս այսպես պատասխանեց. «Արցախում կտորե պայուսակ արտադրող անհատները գործում են թրենդի շրջանակներում եւ գործողներից ոչ մեկը չունի սոցիալական ուղղվածություն»:
Eco Zaino-ն թրենդից բացի, առաջարկում է կտորե պայուսակների տարբեր տեսականիներ՝ տարիքային առանձնահատկություններից եւ քաղաքացիների պահանջմունքներից ելնելով: Eco Zaino-ի ամենամեծ նորարարությունը հայտնի Զվարճախոսների շարքն է, որը ոչ միայն առաջինն է Արցախում, այլ նաեւ ամբողջ Հայաստանում, եւ որոնց պահանջարկը գնալով մեծանում է: Նախատեսում են ներքին շուկայից բացի, դուրս գալ նաեւ արտաքին շուկա: Այս պահին դրան խանգարող հանգամանքը բռնկված համաճարակային իրավիճակն է:
Գաղափարն իրագործողն ասում է, որ վաճառքն իրականացվում է օնլայն, փոխանցումով, փոստով։ Eco Zaino տեսականին տարբերվում է իր բազմազանությամբ: Թիմը նախապատրաստում է արցախյան կոլորիտային թեմաներով եւ իլյուստրացիոն, մինիմալիստական նկարներով պայուսակներ, որոնք համալրելու են տեսականու շարքը:
Եկեք ո՛չ ասենք պլաստիկին…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2020