Ապրիլի 9-ին Վճռաբեկ դատարանը բավարարել էր 80-ամյա Սմովիկ Ասլիկյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Վիրաբյանի բողոքը, սակայն ծերունին չտեսավ իր հաղթանակը, քանի որ նա մահացել էր:
Վճռաբեկ դատարանի որոշումից դժգոհ մնացած կողմը՝ Սուսաննա Մուրադյանի, նոր երեւան եկած հանգամանքի ուժով մտադիր է դիմել Վճռաբեկ դատարան, զուգահեռ դիմել է ԱԱԾ պետին՝ Ա. Քյարամյանին:
2020թ.-ին «80-ամյա ծերունու վտարելու պահանջ ներկայացնողն ո՞վ է» հունվարի 16-ի հրապարակմամբ, ապա ապրիլի 23-ին «Առավոտն» անդրադարձել է այս գործին, որոշ հանգամանքներին:
Հիշեցնեմ, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի 2014թ. հուլիսի 27-ի որոշմամբ վարույթ է ընդունվել Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` Երեւան քաղաքի Չայկինայի փողոց, տուն 74 հասցեի անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին: Ըստ դատարան ներկայացրած գործի նյութերի, Նաթելլա Մուրադյանի կողմից տրված պարտավորագրի համաձայն, որը ստորագրել է նաեւ Վաչագան Մուրադյանը, վերջինս Սմովիկ Ասլիկյանից վերցրել է 5.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվել է վերադարձնել մինչեւ 2000 թվականի դեկտեմբերի 30-ը: Չվերադարձնելու դեպքում պարտավորվել է իր երեք սենյականոց բնակարանը ընդմիշտ հատկացնել Սմովիկ Ասլիկյանին: Դատարանի գնահատմամբ, ծերունին մինչ օրս տիրապետել էր տունը, որպես սեփականի: Փաստաբան Լ.Վիրաբյանը հայտնել էր, որ պատասխանող կողմը եւ վերջինիս իրավանախորդը երբեւէ չեն հետաքրքրվել իրենց գույքի ճակատագրով, չեն իրականացրել գույքի սեփականատիրոջ պարտականությունները, հետեւաբար, իրենց վարքագծով հրաժարվել են վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից: Նաթելլան հակընդդեմ հայց ներկայացրած Սուսաննայի քույրն է եւ հայրը՝ Վաչագանը, ովքեր նույնպես մահացել են: Սուսաննան որպես 2-ի ժառանգ է հանդես գալիս: Պատասխանող Սուսաննա Մուրադյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի փոխարեն Վճռաբեկ դատարանից հետո այս ընտանիքի շահերը ներկայացնում է փաստաբան Էդիկ Չինարյանը, իսկ լիազորված անձը՝ Սուսաննայի փեսան՝ Աշոտ Ավետիսյանն է, ով դիմել է ԱԱԾ:
Կարդացեք նաև
Հայցվոր կողմը պնդել էր, որ վեճի առարկա անշարժ գույքը տիրապետվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի պահանջներին համապատասխան եւ փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում:
Դատական գործընթացի ժամանակ Սուսաննա Մուրադյանի ներկայացուցիչը ներկայացրել էր հակընդդեմ հայցադիմում, որով դատարանին հայտնել էր. «Երեւան քաղաքի Չայկինայի թիվ 74 տունը սկսած 1998թ. Սմովիկ Ասլիկյանի եւ նրա ընտանիքի անդամների կողմից բարեխճորեն, բացահայտ եւ անընդմեջ չի տիրապետվել եւ չի օգտագործվել որպես սեփական գույք: Նա նշել էր, որ էլեկտրաէներգիայի, գազի, հեռախոսի եւ խմելու ջրի վճարումների կատարումը չի կարող հիմնավորել վիճելի գույքի` հայցվորի կողմից որպես սեփականը տնօրինելու փաստը, քանի որ նախ վերոնշյալ վճարումները կատարվել են իրենց կողմից սպառվածի դիմաց եւ եթե դրանք չվճարվեին, ապա կզրկվեին համապատասխան կոմունալ ծառայություններից»: Հիշեցնեմ, որ դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 3-ին վարույթ էր ընդունել Սուսաննա Մուրադյանի հակընդդեմ հայցադիմումը՝ Սմովիկ Ասլիկյանին տվյալ հասցեից վտարելու պահանջի մասին: Դատարանը 2017թ. հուլիսի 6-ին վճռել է հայցը բավարարել եւ Սմովիկ Ասլիկյանի հայցն ընդդեմ Սուսաննա Մուրադյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բավարարել էր, եւ մերժել էր Սուսաննա Մուրադյանի հայցը՝ վտարելու պահանջի մասին:
Նշեմ, որ Վճռաբեկ դատարանում Լ.Վիրաբյանը հայտնել էր. «Գործով բացակայում է որեւէ ապացույց առ այն, որ 1998-2008 թվականների ընթացքում Չայկինայի փողոց 74 հասցեի սեփականատիրոջ կամ վերջինիս ժառանգներից որեւէ մեկի կողմից կատարվել են գործողություններ, որոնք կարող էին դիտարկվել որպես սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացում: Դատարանը հաշվի չի առել, որ Սուսաննա Մուրադյանը չի հանդիսանում սեփականատեր, բնականաբար, չէր կարող նրա կողմից վտարման պահանջ ներկայացվեր»:
Աշոտ Ավետիսյանը «Առավոտին» տրամադրեց ԱԱԾ-ի բողոքը, մի շարք փաստաթղթեր, Վաչագան Մուրադյանի անձնագրի պատճենը, նշելով, որ անարդար վճիռ է կայացվել. «Վաչագան Մուրադյանի անձնագրի պատճենը հիմնավորում է, որ նա մինչեւ 1999թ. դեկտեմբերի 30-ը բնակվել է իր տանը եւ տիրապետել է իր գույքը: Անձնագրի վիզաների բաժնի շտամպի համաձայն՝ նա Ուկրաինա է մեկնել 1999թ. դեկտեմբերի 30-ին: Այն, որ հանգուցյալ Սմովիկ Ասլիկյանի ընտանիքը մինչեւ 1999թ. դեկտեմբերի 30-ը չի բնակվել վիճելի տանը, հաստատվում է Ասլիկյանի կնոջ՝ Դոնարա Մեխակի Մակարյանի՝ 07.03.2000թ. ոստիկանության Մալաթիայի բաժնում տրված բացատրությամբ, որում նա նշել է, որ նշված հասցեում բնակվում են 1999թ. դեկտեմբերից: Հետեւաբար, 1998-1999 թվականներին չէին կարող տիրապետել Վաչագան Մուրադյանի գույքը ոչ օրինական, ոչ էլ ապօրինի եղանակով»:
Ըստ Աշոտ Ավետիսյանի, դատարանը հենվել է Կենտրոն համայնքի թիվ 1 տեղամասի տեղեկանքի վրա, «առանց պարզելու տեղեկանքի հիմնավորվածությունը, հանգելով սխալ եզրակացության»: Համաձայն այդ տեղեկանքի՝ Ասլիկյանը 1998-1999թթ.-ին տիրապետել է վիճելի գույքը:
Աշոտ Ավետիսյանն ասում է, որ դեռ չորս տարի առաջ նոյեմբերի 29-ին դատավոր Ա. Սուքոյանը տեղատեսություն է կատարել նշված հասցեում, արձանագրել, որ հայցվոր Սմովիկ Ասլիկյանի ընտանիքը բնակվում է վերոնշյալ հասցեի շինություններից մեկում, որը պատասխանող կողմի պնդմամբ իրենից ներկայացնում է ինքնակամ կառույց. «Պատասխանող Մուրադյանի կողմից ես եմ բացել դուռը, բանալին ինձ մոտ էր, եւ որ դատավորը փաստեց, որ նշված տանը որ ոք չի բնակվում, անգամ տարածքը չէր մաքրվել»:
Ըստ էության, Ասլիկյանների կողմից զբաղեցրած շինությունն իրենից ներկայացնում է ոչ բարվոք վիճակում գտնվող 80 քմ սենյակներ եւ ըստ Աշոտ Ավետիսյանի. «Այս տեղատեսությունից հետո Ասլիկյանը չի հայտարարել եւ երբեւիցե չի հայտնել, որ ինքը բնակվում է կամ տիրապետում է Վաչագան Մուրադյանին պատկանող օրինական գույքին՝ տանը»:
ԱԱԾ պետին ուղղված բողոքում կողմը նշել է. «Դատարանը չի պարզել այն հանգամանքը, թե Սմովիկ Ասլիկյանը Չայկինայի փողոցի 74 հասցեի որ մասում ինչ հիմքով է բնակվել: Ըստ 2005թ. Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումի՝ գործարքը վավերական ճանաչելու պահանջի մասին, նշվել է, որ բնակվում են Չայկինայի 74 տան ինքնակամ կառույցում, որտեղ եւ բնակվում են մինչ օրս: Դատարան ներկայացրած վիճելի հասցեի՝ Ասլիկյանի զբաղեցրած տան հատակագծով փաստվում է, որ այն անօրինական կառույց է»:
Անդրադառնալով Սմովիկ Ասլիկյանի հայտարարությանը, թե քսան տարի առաջ Ուկրաինա է մեկնել Վաչագան Մուրադյանը, ով չի հետաքրքրվել իր գույքով, զրուցակիցս՝ Աշոտ Ավետիսյանն ասում է. «Դատարանը չի պարզել, թե ինչու Վաչագան Մուրադյանը չի վերադարձել, ինչից է մահացել, այս փաստերը հիմնավորելու համար հայցվորը որեւէ ապացույց չի ներկայացրել, իսկ դատարանն էլ չի պարզել, թե որն էր նրա՝ դատարանից բացակայելու պատճառը, կայացրել է չհիմնավորված եզրակացություն: Վաչագան Մուրադյանը մահացել է միզապարկի ադենոմիայով, հնարավորություն չի ունեցել միայնակ բուժումը կազմակերպելու, բնակվել է դստեր՝ Սուսաննա Մուրադյանի տանը, գտնվել նրա խնամքի տակ, եւ մահացել է 2005թ.-ին, ինչին տեղյակ էր Ասլիկյանը, ով չի հայտնել դատարանին»: Ի դեպ, բողոքին կցված էր մահվան տեղեկանքը, թարգմանված եւ հաստատված Ուկրաինայի ԱՆ Կիրովգրադի ՔԿԱԳ-ի կողմից:
Ըստ զրուցակցիս, Ասլիկյանը վճարել է միայն իր կողմից ծախսված հոսանքի, ջրի, գազի համար, եւ երբեք տան, հողի գույքահարկ չի վճարել, այդ հասցեում Վաչագան Մուրադյանի թույլտվությամբ հաշվառված են եղել երեք տարի ժամկետով:
Բողոքաբեր Ավետիսյանի գնահատմամբ, գրավոր ընթացակարգի ժամանակ Վճռաբեկ դատարանի դատավոր Մ. Դրմեյանը «կողմնակալ վերաբերմունք է դրսեւորել գործի նկատմամբ, եւ դատական ակտով զրկել է Վաչագան Մուրադյանի իրավահաջորդին՝ Սուսաննա Մուրադյանին ժառանգության, եւ սեփականության իրավունքով իր հորը պատկանող Սիսվանի՝ նախկին Չայկինայի 74 հասցեում գտնվող անշարժ գույքը տնօրինելու իրավունքից եւ հնարավորությունից»:
Այս տարվա հունիսի 9-ին նոտարի մոտ հայտարարությամբ հանդես եկած Խանում Մկրտչյանը հայտնել է, որ իր ազգականի՝ Վաչագանի մահվանից հետո Սուսաննա Մուրադյանը բնակվել է իր տանը, մի քանի անգամ միասին են գնացել նրա հայրական տուն, մաքրել են, որից հետո մնացել է հայրական տանը՝ սեփականատիրոջ իրավունքով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2020