Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ»

Սեպտեմբեր 24,2020 13:00

Հարցազրույց  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կամո Հովհաննիսյանի հետ

– Պարոն Հովհաննիսյան, տարին հոբելյանական է ձեզ համար. լրանում է ձեր ծննդյան 75 եւ աշխատանքային-ստեղծագործական գործունեության 55-ամյակները, ինչի առիթով շնորհավորում ենք։ Աշխատանքային գործունեությունը սկսել եք  Դիլիջանի երաժշտական դպրոցում որպես ջութակի դասատու, ապա մանկավարժական գործունեություն ծավալել Երեւանում, երկար տարիներ եղել եք Ավետ Գաբրիելյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենը… բոլորը  չես թվարկի։ Տարբեր տարիների ընտրվել եք ժողովրդական պատգամավորների Երեւանի Մաշտոցի շրջանային խորհրդի պատգամավոր, Երեւանի ավագանու անդամ։ Հնարավոր չէ թվարկել նաեւ բազմաթիվ պարգեւները, այդ թվում՝ «Մովսես Խորենացի», ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ, «Գրիգոր Նարեկացի» եւ այլն։ Մեզ հետաքրքրում է Ազգային օպերային թատրոնում որպես տնօրեն ձեր պաշտոնավարած 15 տարիները (1999-2014թթ.), ընդ որում՝ դուք օպերային թատրոնի ամենաերկարակյաց տնօրենն եք նախկին 20 ձեր պաշտոնակիցների թվում։ Իսկ ինչո՞ւ է հետաքրքրում հատկապես այդ շրջանը, որովհետեւ ցանկացած քաղաքակիրթ եւ հարուստ երկրի համար օպերային թատրոն ունենալը թանկ հաճույք է։ Օպերային թատրոնում ձեր օրոք էր, որ բեմադրվեցին «Արշակ Երկրորդը», «Սայաթ-Նովան», «Աիդան», «Նորման», «Ռոմեո եւ Ջուլիետը» եւ այլ ներկայացումներ, որոնց բեմադրություններն ակնկալում են «ճոխ» ֆինանսներ։ Անմշակույթ 1990-ականների վերջերին որտեղի՞ց էիք հայթայթում նման գումարներ։ Ավելին, առաջինն էիք, որ  «Զվարթնոց» տաճարի տարածքում ներկայացրիք «Պողիկտոս» ու «Անուշ» օպերաները:

– Հարցին ընդամենը մեկ նախադասությամբ կարող եմ պատասխանել։ Պատահում է, երբ կառավարության, պետական այրերի եւ ստեղծագործ անհատի ցանկությունները համընկնում են։ Ընդամենը սա էր պատճառը, որ ես հասնում էի գաղափարի իրականացմանը։

– Կարելի՞ է ենթադրել, որ ձեր կառավարման տարիներին մեր պետական այրերը օպերային արվեստի ֆանատներ էին։

– Ճիշտն ասած, չգիտեմ՝ ֆանատներ էին, թե ոչ, բայց հաճախ էին այցելում թատրոն, մանավանդ՝ պրեմիերաներին։ Թող ամպագոռգոռ չհնչի, բայց իսկապես ինձ հետ հաշվի էին նստում։

– Հիշում ենք ժամանակին հատկապես «Աիդա» եւ «Սպարտակ» բեմադրությունների շուրջ բարձրացած աղմուկը հոնորարների մասով։

– Մեր զրույցի սկզբում դուք նշեցիք, որ օպերային թատրոնը թանկ հաճույք է։ Եղել են բեմադրություններ, որոնք իրականացրել են իսկապես աշխարհահռչակ արվեստագետներ,  օրինակ՝ «Աիդայի» ռեժիսորը՝ Մարիո Կորրադին, հրավիրված էր Իտալիայից, իսկ «Սպարտակը» իրականացրեց Յուրի Գրիգորովիչը։ Նման  արվեստագետների հրավիրելը ակնկալում է բարձր հոնորարներ։ Եվ ոչ միայն այս բեմադրությունները, օպերային եւ բալետային ցանկացած բեմադրություն մեծ գումարներ է պահանջում։ Իհարկե, թատրոնը կամ ես չէի հոգում ծախսերը, բայց պետք է կրկնվեմ, որ չեմ հիշում մի դեպք, երբ իմ վերադասը խնդրանքս կամ առաջարկս մերժած լինի։

– Տարածված կարծիք կա, թե 1933-ից գործող Երեւանի օպերային թատրոնում հատկապես բեղմնավոր են եղել այն տարիները, երբ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը ներկայացել են մեկ երաժշտի դեմքով։ Այդ առիթով նշվում է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի, դիրիժորներ Հովհաննես Չեքիջյանի, Հակոբ Ոսկանյանի պաշտոնավարման շրջանները։ Սա իրականության հետ աղերս ունի՞։

– Աշխատել եմ Տիգրան Լեւոնյանի, այնուհետեւ Գեղամ Գրիգորյանի հետ, եւ նրանց հետ անլուծելի ոչ մի խնդիր չի եղել, հակառակը՝ մեր համատեղ աշխատանքը արդյունավետ էր։ Գուցե դրան նպաստել է այն հանգամանքը, որ ես էլ եմ երաժիշտ եւ օպերային թատրոնի ողջ մեխանիզմը լավ եմ պատկերացրել։ Նշեցիք անմշակույթ 1990-ականների մասին, հեշտ չէր նաեւ 2000-ականների սկիզբը, բայց  այդ թվերին օպերային թատրոնը ներկայացումներով մեկնել է հյուրախաղերի ԱՊՀ երկրներ, Լիբանան, ԱՄԷ, Սիրիա, Բահրեին, Գերմանիա, Թուրքիայում էլ ներկայացրինք «Գայանե» բալետը։ Հիշում եմ՝ ներկայացումից հետո 20 րոպե պարզապես վարագույրը չէր փակվում։ Իսկ ներկայացմանը ներկա էին Թուրքիայի մշակույթի եւ արտաքին գործերի փոխնախարարները, … երջանկահիշատակ Աթեշչյանը։ Ականջիս դեռ հնչում են նրա խոսքերը՝ գիտեք, չէ՞, ինչ արեցիք տեղի հայերի համար, մեզ բարձրացրիք յոթերորդ երկինք, որովհետեւ տեղացիները հայերիս ճանաչում են հիմնականում որպես արհեստավորների ու առեւտրականների, հպարտությունից սիրտս պայթում է։

– Պարոն Հովհաննիսյան, հիշում ենք նաեւ այն  տարիները, երբ թատրոնում ջեռուցում չկար, հանդիսատեսն էլ ստիպված վերարկուով էր դիտում ներկայացումը…

– Մինչեւ 2002թ., այո, օպերայի շենքը չէր ջեռուցվում։ Հետո, գիտեք, «Լինսի» հիմնադրամի միջոցներով ոչ միայն ջեռուցման հարցը լուծվեց, այլ նաեւ թատրոնը վերանորոգվեց։ Տարեկան աշխատում էինք ընդամենը 4-5 ամիս։ Ուշանում էր աշխատավարձը, երաժիշտները գալիս էին, ճիշտ է, անհարմար զգալով, դիմում էին ինձ՝ ախր, պարոն Հովհաննիսյան, հարյուր դրամ տվել եկել ենք, բա ո՞նց տուն հասնենք… Բարդ էր, բայց կարողացանք պահել թատրոնը, ավելին՝ 2000-ականների սկիզբն էր, կոնկրետ՝ 2003թ., Բելինիի «Նորման» ներկայացրինք «Բոլշոյ» թատրոնում, փոխադարձ այցով էլ նրանք երկու տարի անց հանդես եկան Երեւանում։ Իսկ երբ Գեղամ Գրիգորյանը սկսել էր Վերդիի «Տրավիատա» օպերայի բեմադրական աշխատանքները, ես եւ թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բերբերյանը  մեկնեցինք Սանկտ Պետերբուրգ եւ Մարիինյան թատրոնում երեւանյան «Տրավիատայի» մասով սկսվեցին քննարկումները Վալերի Գերգիեւի հետ։

– Բոլոր ժամանակներում ինչ-ինչ պատճառներով գլխավոր բալետմայստերի, երգչախմբի ղեկավարի, գլխավոր դիրիժորի փոփոխությունները մեծ արձագանք են ստանում…

– Ձեր նշած գլխավորները թատրոնի հիմնասյուներն են։ Հենց գլխավոր դիրիժորի գլխավորությամբ է, որ աշխատում է թատրոնը իր բոլոր «ցեխերով»։ Գիտե՞ք երբ են սկսվում տարաբնույթ խոսակցությունները…այն ժամանակ, երբ այդ գլխավորներից որեւէ մեկը ավելի է կարեւորում իրեն։ Հենց այդտեղ էլ խախտվում է բալանսը։

– Բայց գոյություն ունի թատրոնի գեղարվեստական ղեկավար…

– Անշուշտ, նա պատասխանատու է գեղարվեստական որակի համար։

– Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնում ձեր երկարակեցությունը ինչո՞վ կբացատրեք։

– Ուղղակի չեմ տառապել մեծամտությամբ, շուրջ 600 հոգանոց կոլեկտիվում տիրել է համերաշխության մթնոլորտ։ Տասնհինգ տարիների ընթացքում ընդամենը մեկ անգամ եմ օգտվել հասանելիք արձակուրդից։ Մի ասացվածք կա. երջանիկ է այն մարդը, ով իր սիրած գործով է զբաղվում։ Ես այդպիսի մարդ եմ։ Չեմ հիշում մի օր, որ շտապեի տուն։ Ինձ համար նաեւ հանգստյան օրեր գոյություն չեն ունեցել։ Հիմա էլ շուրջ 5 տարի է՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոխտնօրենն եմ։ Հրաշալի կոլեկտիվ է, խոսքս ոչ միայն արտիստների մասին է։ Ինձ համար պատիվ է, որ այստեղ ունեմ Կարո Շահբազյանի  նման տնօրեն, Հակոբ Ղազանչյանի նման գլխավոր ռեժիսոր եւ, իհարկե, բախտավորություն էր աշխատել  երջանկահիշատակ Երվանդ Ղազանչյանի հետ։ Ես ձեզ մի բան ասեմ. բոլոր թատրոններն ունեն նույն խնդիրները, մեկը մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս։ Ուղղակի անհրաժեշտ է նվիրում ու աշխատանք։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930