Լրահոս
Օրվա լրահոսը

Անկախութեան պայքարի հիմնադիրը՝ Հայկազ Խաչատրեան

Սեպտեմբեր 24,2020 12:30

Նուիրուում է Հայկազ Խաչատրեանի 100-ամեակին

Այս օրերին Հայ ժողովուրդը նշում է մեր ինքնորոշման հանրաքուէի արդիւնքում անկախ պետականութեան վերականգնման տոնը: Կարելի է ասել, որ սա մեր վերջին 29 տարուայ ամենամեծ եւ նշանակալի ձեռքբերումն է:

Անկախութեան վերականգնումն ունի երկար մաքառումների պատմութիւն: Այն մի խումբ գործիչների հայրենասիրութեան, քաղաքակիրթ գաղափարների, յանուն դրանց մղած անձնազոհ տեւական պայքարի եւ պատմական յաջող հանգամանքների արդիւնք է: Սկսելով իրենց պայքարը, նրանք կարողացան երկու տասնամեակ անց իրենց շուրջ համախմբել Հայ ժողովրդի մեծամասնութեանը: Այդ ամբողջ պայքարի հիմքը 1966թ. Ապրիլի 24 -ին Երեւանի կենտրոնական բանտում դրեց մտաւորական Հայկազ Խաչատրեանը, ստեղծելով Ազգային միացեալ կուսակցութիւնը՝ ԱՄԿ-ն:

Այդ օրը նա այցելել էր Կոմիտասի ան. Պանթեոն՝ մեծ Հայի շիրիմին ծաղիկներ խոնարհելու եւ հենց տեղում ձերբակալուեց: Մի քանի ժամ անց Հայկազն արդէն վճռել էր պայքար սկսել Հայաստանի ազատագրութեան համար:

Հայկազը ծնուել է 1919 թ. դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գիւղում: Այսօր այդ գիւղի դպրոցը պատուով կրում է իր անունը:

Յօդուածի հեղինակ Դաւիթ Աղաջանեանը՝ Հայկազ Խաչատրեանի եւ Ստեփան Զատիկեանի դիմանկարների մօտ (հեղ՝. Սուսան Աւանեսեան)

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական բանակի կազմում եղել է հետախոյզ սպայ եւ առանձնացել առաջատարի իր յատկանիշներով: Մինչ պատերազմը Հայկազը սովորել է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում, իսկ պատերազմից յետոյ ընդունուել եւ աւարտել է Երեւանի գեղարուեստի պետական ինստիտուտի գեղանկարչութեան ֆակուլտետը: Դրանից յետոյ մօտ 10 տարի ապրել եւ աշխատել է Ռուսաստանում, մասնակցելով Էրմիտաժի վնասուած կտաւների վերականգնմանը: Տարիներ շարունակ տեսնելով, որ Հայկական պահանջատիրութիւնը եւ ազգային գաղափարախօսութիւնը արգելուած են, իսկ բոլոր նրանք, ովքեր յանդուրժում են այդ մասին խօսել, ենթարկուում են բռնաճնշումների, նրա մօտ աւելի են զարգանում անկախութեան հետ կապուած գաղափարները: Նա համոզուում է, որ Հայաստանը պէտք է լինի անկախ, որպէսզի իրականացնի մեր ազգի շահերից բխող քաղաքականութիւն:

Հայկազի գաղափարական հասունութիւնը, կեանքի փորձն ու նուիրուածութիւնը վստահութիւն են ներշնչում իր սկսած պայքարին զինուորագրուած երիտասարդներին: Նրանց մէջ էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին՝ Ստեփան Զատիկեանը, Շահէն Յարութիւնեանը, Պարոյր Հայրիկեանը (1969 -ից ԱՄԿ հրամանատար), Ազատ Արշակեանը, Ռազմիկ Մարկոսեանը, Աշոտ Նաւասարդեանը, Անդրանիկ Մարգարեանը, Վարդան Յարութիւնեանը, ազգային հերոս Մովսես Գորգիսեանը:

Բանտի դաժան պայմանները խարխլել էին Հայկազ Խաչատրեանի առողջութիւնը: Նա ողջունեց ԱՄԿ-ի ընդհատակից դուրս գալը ԱԻՄ-ի տեսքով, հասցրեց տեսնել 1988 -ի Մայիսի 28-ի պատմական ցոյցը, որտեղ առաջին անգամ ծածանուեց մեր եռագույնը եւ կնքեց իր մահկանացուն 1989թ. սեպտեմբերի 27-ին Երեւանի իր տանը:

Հայկազի հայացքները կիսել են այդ ժամանակի մեր ազգի ամենամեծ նուիրեալները: Միաժամանակ բազմաթիւ արուեստագէտներ խուսափում էին նրա հետ հանդիպումներից, իրեն անուանելով խենթ, բացառութեամբ Մինաս Աւետիսեանի ու Պարոյր Սեւակի: Երկուսն էլ Հայկազի գաղափարակից ընկերներն էին: Վերջիններս դաւադրաբար սպանուեցին (մեքենայի վրայերթից եւ աւտովթարից):

Այդ բոլոր զոհողութիւնների արդիւնքն է մեր անկախութիւնը: Առողջ ազգայնական ուժերը պիտի հետեւողականօրէն տարածեն մեր անկախութեան հռչակագրում ամրագրուած սկզբունքները եւ պատմեն մեր հասարակութեանը այդ ճանապարհն անցած հերոսների մասին:

Յ.Գ. Ամեն ազգային տոն ունի իր կերտողները: Ցաւալի է տեսնել, թէ ինչպէս տարիներ շարունակ Անկախութեան հետ կապուած օրերին պետական մակարդակով լռում են եւ դրանով թաքցնում մեր ազգից իրական պատմութիւնը: Ինչպէ՞ս կարելի է գեղեցիկ գունեղ միջոցառումներով նշել յաղթանակը եւ չշնորհաւորել այդ պայքարին մասնակցած զինուոր վետերաններին ու նրանց հրամանատարներին: Ինչքան շեղուենք ճշմարտութիւնից, այնքան երկար ենք յետոյ վերադառնալու դրան:

Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ

Տիր հայագիտական կենտրոն

«Առավոտ» օրաթերթ
23.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930