Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչի մասին է ակնարկում Թրամփը՝ առաջիկա տարվա մասով

Սեպտեմբեր 24,2020 12:00

Հայ-ամերիկյան հետաքրքիր ու հրապուրիչ օրակարգ է անհրաժեշտ

«Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առեւտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության եւ Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում», Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված շնորհավորական ուղերձում նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Նա հավելել է. «Այսօրվա մարտահրավերները մեկ անգամ եւս վերահաստատում են մեր գործընկերության կարեւորությունը: Հայ եւ ամերիկացի ժողովուրդների միջեւ կապերն անհերքելիորեն ամուր են ու տեւական՝ լինի դա միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս: Այս առանձնահատուկ օրվա առթիվ Ձեզ մաղթում ենք ամենայն բարիք եւ անհամբերությամբ սպասում մեր բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում»։

Իսկ Փաշինյանին ուղղված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շնորհավորական ուղերձում ասվում էր. «Միացյալ Նահանգները հանձնառու է զարգացնել մեր երկկողմ գործընկերությունը՝ դրանով իսկ ամրապնդելով մեր երկու ժողովուրդների կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ խաղաղության ու բարգավաճման ցանկության վրա: Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական համակարգի ստեղծման եւ տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի հետեւողականությունը»:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է նաեւ` ԱՄՆ-ն ողջունում է թափանցիկության, օրենքի գերակայության եւ քաղաքացիների առջեւ հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի գործադրած շարունակական ջանքերը եւ կշարունակի աջակցել այդ հարցում: «Մենք նաեւ կշարունակենք նպաստել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել առարկայական բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

Փորձենք հասկանալ, առաջիկա տարում, որի մասին ակնարկում է ԱՄՆ նախագահը, հայ-ամերիկյան հարաբերություններում ի՞նչ տեղաշարժեր կարող են արձանագրվել:

Հոկտեմբերին ակնկալվում է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք տեղի կունենա նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի հետ։ Շուտով ԱՄՆ-ում ընտրություններ են կայանալու, իսկ Փաշինյանի իշխանությանը Թրամփի վարչակազմի հետ բարձր մակարդակի հանդիպումներ մինչ այժմ չի հաջողվել կազմակերպել: Եթե Թրամփը շարունակի իշխանավարել եւս 4 տարի, ուրեմն ակտուալ է դառնում հարցը, թե ՀՀ եւ ԱՄՆ իշխանություններն ունե՞ն հետաքրքիր օրակարգ:

Հայ-ամերիկյան նախաձեռնողական քաղաքականության, լուրջ օրակարգ ձեւավորելու անհրաժեշտության մասին այս ընթացքում բազմիցս խոսվել է: Առայժմ գործնականում, կարծես, չի հաջողվում դա կյանքի կոչել: Մինչդեռ հետխորհրդային այլ երկրների իշխանություններին հաջողվում է Թրամփի վարչակազմի հետ հետաքրքիր օրակարգեր ձեւավորել:

Հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները սպասում են ամերիկյան ընտրությունների արդյունքներին: Սակայն, անկախ նրանից, թե կայանալիք ընտրությունները հանրապետականնե՞րը կհաղթեն, թե՞ դեմոկրատները՝ ՀՀ իշխանությունները պետք է ունենան տեսլական ու օրակարգ՝ ինչ են ցանկանում փոխել, կամ առաջարկել ամերիկյան կողմին:

Օրինակ, մենք երկար քննարկում էինք 2018թ. հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցը, որի ընթացքում խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ նա ասել էր. «Մենք պարզապես այն տպավորությունն ունեինք, որ վարչապետը հիանալի դիրքերում է Հայաստանում առաջնորդություն դրսեւորելու համար»: Բոլթոնի այս հայտարարությունը Հայաստանում բավական շատ քննարկվեց, նշվում էր, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության նպատակը Արցախի հարցի կարգավորումն է, ընդ որում, ոչ հայկական շահերին համահունչ:

Վերջերս Բոլթոնը պարզաբանել էր, թե ինչ էր նկատի ունեցել երկու տարի առաջ. «Ես ժողովրդավարական հասարակությունում ապրելու փաստն էի արձանագրում, երբ նոր նախագահը, երկրի նոր ղեկավարն է պաշտոն ստանձնում, դա մի ժամանակահատված է տեսնելու, թե միջազգային հակամարտությունները, հատկապես նրանք, որոնք փակուղում են, արդյոք ինչ-որ հնարավորություն ունե՞ն իրավիճակից դուրս գալու: Կարծում եմ, որ նախնական հանդիպումների ժամանակ հուսադրող նշաններ եղան: Կարող եք տեսնել, որ իմ այցից հետո, մեկ տարվա ընթացքում, դա այդպես չաշխատեց եւ հակամարտության մակարդակն իրականում աճել է՝ շատ առումներով»:

Բոլթոնը հավելել էր, որ Կովկասը համարում է առանցքային, ոչ միայն այնտեղ ապրողների անվտանգության համար, որը չնայած ակնհայտորեն ճիշտ է համարում, բայց նաեւ ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի համար. «Սա, իրականում, շատ վտանգավոր շրջակայք է՝ ձեր մի քանի հարեւանների պատճառով, սա իրականում մի հարց է, որին կցանկանայի, որ ԱՄՆ-ն ավելի շատ ուշադրություն դարձներ: Ես կցանկանայի, որ մենք ավելի օգտակար լինեինք, բայց այնտեղ երեք փոքր երկրներ են՝ շրջապատված մեկ մեծ երկրով եւ երկու խնդրահարույց երկրներով՝ հարավից: Այսպիսով, կարծում եմ, որ ԱՄՆ-ի դրսից ներկայությունն ավելացնում է անվտանգությունը՝ տարածաշրջանային առումով, քանի որ մենք սահմանափակված չենք աշխարհագրական առումով: Կարծում եմ, որ մենք կարող ենք օգնել եւ ինչպես ասացի՝ կցանկանայի, որ մենք ավելին անելու հնարավորություն ունենայինք: Դա պահանջում է, որ տարածաշրջանի կառավարությունները նույնպես ցանկանան դա անել»:

Այս տարի հուլիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ էր հղել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, որում կրկին խոսել էր Հայաստանի ժողովրդավարական ուղուց. «Երկու տարուց ի վեր Հայաստանի իշխանությունները շարժվում են համապարփակ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ճանապարհով: Այն պետք է հանգեցնի ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վերջնական հաստատմանն ու անշրջելիությանը մեր երկրում: Կոռուպցիայի դեմ պայքարն ու դատաիրավական համակարգի բարեփոխումներն այս առումով առաջնային տեղ են զբաղեցնում մեր այսօրվա օրակարգում: Մենք երախտապարտ ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատմամբ ԱՄՆ ցուցաբերած զորակցության եւ ֆինանսական ու տեխնիկական աջակցության համար»: Նա վստահեցրել էր, որ Հայաստանը մեծապես արժեւորում է ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը՝ «մեկ տարի առաջ հաստատված ռազմավարական երկխոսության շրջանակում»:

Այնուհետեւ Փաշինյանը հավելել էր. «Կարեւոր ենք համարում ուժերի ներածի չափով մեր շարունակական մասնակցությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ նախաձեռնություններին։ Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավվածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում»:

Առայժմ հայ-ամերիկյան հայտարարությունների ուղերձներում մենք առավելապես ուշադրություն ենք դարձնում թե ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, ինչ շեշտադրումներ է անում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Կամ՝ Հայաստանին հատկացվող ֆինանսական աջակցությունը որքան է ավելանում կամ պակասում:

Հայ-ամերիկյան հետաքրքիր ու հրապուրիչ օրակարգի ձեւավորման անհրաժեշտություն կա: Այդ օրակարգը պետք է լինի հստակ, առաջիկա մի քանի տարիների համար առարկայական:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930