Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար խաղեր

Սեպտեմբեր 24,2020 10:00

«Դուք ծառայում եք օտար ուժերին»՝ սա Հայաստանի քաղաքական դիսկուրսում ամենատարածված մեղադրանքն է, որն արդեն 30 տարի է՝ քաղաքական ուժերը շպրտում են իրար երեսի: Օրինակ, 90-ականների սկզբին ընդդիմության մի մասը «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին մեղադրում էր «Կագեբեի գործակալներ» լինելու մեջ: Նույն ժամանակահատվածում իշխանությունը մեղադրում էր Դաշնակցությանը, որ այն «ղեկավարվում է դրսից»՝ ենթադրաբար Աթենքից, որտեղ այն ժամանակ տեղակայված էր այդ կուսակցության ղեկավար կորիզը:

Բայց դասական սխեման մինչեւ 2018 թվականը հետեւյալն էր. իշխանությունն իր ընդդիմախոսներին մեղադրում էր Արեւմտյան որոշակի շրջանակների կողմից հովանավորվելու մեջ, եւ, մասնավորապես, պնդում էր, որ այդ շրջանակները 95 թվականից սկսած ամեն ինչ անում են մեր «հրաշալի» ընտրությունները վարկաբեկելու համար: Իսկ ընդդիմությունը, հակառակը, մեղադրում էր իշխանությանը Կրեմլի բոլոր հրահանգները կատարելու եւ այդ գնով իր աթոռները պահպանելու մեջ: Ինչ մնում է ընտրություններին, ապա իսկապես, եթե հիշում եք, ԱՊՀ դիտորդները ռազմավարական գործընկերության «բարձր գրադուսի» տակ մշտապես գովերգում էին դրանք, իսկ արեւմտյան գնահատականները տարբեր աստիճանի «կիսաքաղցր» բնույթ էին կրում: Ես հիշում եմ, որ տարիներ առաջ պաշտոնյաներից մեկն ինձ ասում էր, որ ընտրությունները լուսաբանող արեւմտյան լրատվամիջոցների մեծ մասը «ցեռեու»-ի հաստիքային գործակալներ են:

Իրավիճակը 180 աստիճանով փոխվեց «թավշյա հեղափոխությունից» հետո: Հիմա արդեն իշխանություններն են ներկայացվում որպես արեւմտամետ, սորոսական, եւ, ըստ այդմ, ապազգային, մեր դարավոր ավանդույթներին դեմ գնացող եւ այլն: Իսկ իշխանությունն իր քարոզչական ապարատի միջոցով հասարակությանը համոզում է, որ ընդդիմադիրներն են ծառայում «օտար ուժերին»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Ռուսաստանը: Իրավիճակի նրբությունը նրանում է, որ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա իշխանությունը հնարավորություն չունի ուղիղ տեքստով արտաբերելու այդ «օտար ուժերի» հասցեն (իշխանական քարոզիչներն, իհարկե, դա անում են բացահայտ կերպով): Բանն այն է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն շահագրգռված չէ հարաբերությունները փչացնել ո՛չ Արեւմուտքի, ո՛չ էլ առավել եւս Ռուսաստանի հետ: Եվ հենց այդ պատճառով է, որ, օրինակ, հիմա իշխանական պատգամավորները, խարազանելով իրենց ընդդիմախոսներին «օտարներին ծառայելու» մեջ, երբեք Ռուսաստանի անունը չեն տալիս:

Իրականում այդ օրակարգն, իմ կարծիքով, կեղծ է. «դրսի ուժերի» ազդեցությունը Հայաստանի ներքին կյանքի վրա ակնհայտորեն չափազանցված է: Իսկ թե ինչու են 30 տարի շարունակ մեր քաղաքական ուժերը ներգրավված այդ «օտար խաղերի» մեջ, հավանաբար, կարելի է գուշակել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Բոլոր ՀՀ քաղաքական կազմակերպությունները «դե ֆակտո» և «դե յուրե» կատարում են օտարերկրյա պետությունների քաղաքական ղեկավարության մանիպուլյատիվ կամքը: Լեւոն Տեր Պետրոսյանի օրոք ստեղծված քաղաքական կուսակցությունները Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդներն են: 30 տարեկան ՀՀ-ն 1918 թ. Մայիսի 28-ի հայկական պետության իրավահաջորդը չէ, որը ճանաչվել է Անտանտի Գերագույն խորհրդի (Ազգերի լիգա) 1920 թ . հունվարի 19-ին:
    30 տարի շարունակ բոլորն էլ ճիշտ են, որ միմյանց անվանում են օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ: Որովհետեւ նորածին հանրապետությունում այդպես էլ չստեղծվեցին պետության հիմնասյուն հանդիսացող սեփական, պետական, ազգային հատուկ ծառայությունները:
    Չկա «հիմնասյուն»` չկա պետականություն/պետություն:
    Յան-եր կան, որ աշխարհը չունի, բայց գալիս են ու յանը տված յան տալիս…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930