Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը որեւէ հակահայկական քայլ չի տեսնում Վրաստանի կողմից, երբ վերջինս, ըստ լրատվամիջոցների, արգելել է Վրաստանի տարածքով դեպի ՀՀ եկող զենքի մատակարարումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել այն հանգամանքը, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տվել Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Սերբիայից ռազմական բեռների տարանցումը Հայաստան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը։
Ըստ թուրքագետի՝ խոսքը վերաբերում է այս տարվա հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան ՌԴ ԶՈւ 76 բեռնատար ինքնաթիռների թռիչքի արգելմանը, ինչը ադրբեջանական կողմը ներկայացրեց որպես սպառազինության տեղափոխում ՀՀ համար, մինչդեռ ՌԴ ՊՆ հայտարարել էր , որ ընդամենը ռուս զինծառայողների ռոտացիա է եղել, նորակոչիկներ են բերել Գյումրու ռուսական ռազմաբազա, եղել են նաեւ շինարարական նյութեր ռազմաբազայի համար:
«Ինչ վերաբերում է երթուղուն, ապա այդ ինքնաթիռները պտտվել էին կենտրոնական Ասիայի եւ Իրանի տարածքով, եկել Հայաստան, առհասարակ, այստեղ Վրաստանի կողմից որեւէ հակահայկական քայլի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Վրաստանը, անկախ նրանից, թե Հայաստան է գալիս, թե՝ այլ տեղ, ՌԴ-ին թույլ չի տալիս զինտեխնիկայի տեղափոխումը, սա կապված է ռուս-վրացական հարաբերությունների հետ: Դրանից առաջ էլ ադրբեջանական կողմը Վրաստանին մեղադրում էր, որ Սերբիայից եկած զենքը Վրաստանի տարածքով է տեղափոխվել: Այնպես չէ, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենք չի գալիս»,- ասաց Տարոն Հովհաննիսյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարություններին՝ թուրքագետը նկատեց, որ ինչ-որ առումով կարելի է այդ հայտարարությունները համարել պատերազմ նախապատրաստելու ուղերձ. «Այո՛, կարելի է համարել, հայտարարություններ, որոնք իրականացվում են ռազմական սադրանքներ իրականացնելու շրջանակներում, որպես տեղեկատվական բաղադրիչ որեւէ ռազմական սադրանք նախապատրաստելու համար: Հուլիսյան իրադարձություններից հետո կրելով լուրջ ձախողում, նաեւ հեռացնելով Մամեդյարովին՝ Ադրբեջանը դուրս հանեց բանակցային գործընթացից եւ իր հեղինակությունը փրկելու համար անընդհատ ավելի է կոշտացնում է իր հռետորաբանությունը… երբ կլինեն ռազմական գործողություններ, ինչ մասշտաբի, կլինի՞ մոտ ժամանակներս, թե՝ ոչ, կանխագուշակել հնարավոր չէ» :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ