Մեր զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար խորհրդի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը
Այս շաբաթ կայացավ ձեր կուսակցության հիմնադիր համագումարը։ Քաղաքական դաշտի ո՞ր սեգմենտում է գործելու ձեր քաղաքական ուժը, հատկապես եթե հաշվի առնենք, որ քաղաքական կյանքն այսօր խիստ բևեռացված է։ Ո՞ր բևեռում ենք տեսնելու «Հանուն Հանրապետության» կուսակցությանը։
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունը միանշանակ գործելու է ընդդիմադիր դաշտում, բայց ոչ ձեր նշած բևեռներից որևէ մեկում, քանի որ Հայաստանում քաղաքական կյանքն այնքան է աղճատվել ու դեֆորմացվել, որ կոտրվել են քաղաքականն ու քաղաքագիտական բոլոր նորմերը։ Այդ իմաստով, թող շատ բարձրագոչ չհնի, բայց մենք լինելու ենք ոչ թե որևէ բևեռում, այլ հավակնում ենք դառնալ առանձին բևեռ, բևեռ, որը կներկայացնի Հայաստանում իրական, արմատական բարեփոխումների օրակարգը։ Ընդհանրապես, Հայաստանի քաղաքական դաշտը ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա գտնվում է չկայացած, հեղհեղուկ վիճակում, քանի որ քաղաքական դաշտում գերիշխում են ոչ թե գաղափարներն ու ծրագրերը, այլ այս կամ այն անձի, նրա անձնական հավակնությունների հիման վրա գոյացած ինչ-որ ուժեր կամ խմբակներ, որոնք նոմինալ առումով լցրել են քաղաքական դաշտը։ Բովանդակային իմաստով, սակայն, քաղաքական դաշտը զգալիորեն դատարկ է, գտնվում է վակուումային վիճակում։ Մի կողմից կա իշխանություն՝ իր բոլոր առավելություններով ու թերություններով հանդերձ, մյուս կողմից՝ կան առավելապես նախկինների հետ ասոցացվող մարգինալ խմբեր, որոնք այսօր անվանապես հանդես են գալիս ընդդիմության անունից։ Բայց նրանք ընդդիմություն չեն կարող լինել նոր Հայաստանում, քանի որ նոր Հայաստանը ձևավորվել է նրանց, նրանց քաղաքական հայրերի ու նրանց դավանած բարքերի մերժման արդյունքում։ Հետևաբար` քաղաքական դաշտում կա զգալի վակուում՝ իշխանության ու այդ մարգինալ խմբերի միջև, որը վաղ թե ուշ լցվելու է։ Եվ մեր՝ նոր Հայաստանի ճակատագրով ու ապագայով մտահոգ գործիչներիս, խնդիրն ու պարտքն է այդ վակուումը լցնել բովանդակությամբ, քաղաքական բովանդակությամբ ու ծրագրերով, գաղափարներով, այլապես այդ բացը կարող է լրացվել ռևանշի կամ որ նույնն է՝ հակապետական օրակարգեր ունեցող խմբակներով։
Մեր խնդիրն է բոլոր հնարավոր միջոցներով կանխել, թույլ չտալ, որ այդ ուժերը դուրս գան քաղաքական լուսանցքից ու գործառութային նշանակություն ստանան։ Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը գալիս է լցնելու այդ վակուումը, նաև իրենով ձևավորելու այն ընդդիմադիր քաղաքական բևեռը, որի օրակարգերը կբխեն երկրի ու հասարակության իրական շահերից ու մարտահրավերներից, որոնք, ինչպես նշեցի, ամբողջանում են արմատական բարեփոխումների անհրաժեշտությամբ։ Մենք ազատական ու մեր հետապնդած նպատակներով՝ բարեփոխական ուժ ենք և անելու ենք հնարավորը՝ բարեփոխումների օրակարգն ու պահանջարկը քաղաքականության մեյնսթրիմ, գլխավոր ուղղություն դարձնելու համար։ Ընդհանուր առմամբ, մենք մեր անելիքը համարում ենք՝ թավշյա հեղափոխության՝ դեռևս իրականություն չդարձած խոստումների կյանքի կոչմանը հասնելը, այդ ճանապարհին առկա խոչընդոտների հաղթահարումը և որպես ինտեգրալ նպատակ՝ հեղափոխությունն անշրջելի դարձնելը։ Դժբախտաբար, իշխանությունները, եթե ոչ ամբողջությամբ, ապա զգալիորեն հեռացել են իրենց իսկ տված հեղափոխական խոստումներից, իշխանության ֆորմալիզմը կարծես նրանց մեջ սպանել է հեղափոխականությունը, նախկին իդեալներն ու երազանքները վերածվել են բյուրոկրատական գորշության, որոնք ամբողջության մեջ վտանգում են հեղափոխության հռչակումների ու խոստումների իրականացումը։ Այս իրավիճակը, ի թիվս այլ գործոնների, հետևանքն է նաև այն իրողության, որ թավշյա հեղափոխությունից հետո ընդդիմադիր դաշտում չձևավորեց իշխանությանը բարեփոխումների օրակարգ պարտադրող բևեռ, որովհետև նույն հեղափոխության ալիքի վրա խորհրդարանում հայտնված ուժերը սկսեցին սպասարկել միանգամայն այլ, Հայաստանի ներկայի ու ապագայի հետ կապ չունեցող օրակարգեր, նրանք քաղաքականությունը փողոցից խորհրդարան բերելու փոխարեն, Ազգային ժողովի իրենց առաքելությունն ու գործառույթը տարան դեպի փողոց։
Կարդացեք նաև
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունն այսպիսով ստանձնելու է հենց այն գործառույթն ու առաքելությունը, որը պետք է իրականացնեին, սակայն տապալեցին գործող խորհրդարանական ընդդիմադիր ուժերը։ Երկրում բարեփոխումների իրականացումը կենսական անհրաժեշտություն է։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, բայց այս փուլում շատ սուր է արտահայտված հատկապես դատաիրավական համակարգի բարեփոխումների խնդիրը։ Քանի որ հեղափոխության հարթակներից տրված խոստումները՝ վեթինգի, անցումային արդարադատության իրականացման վերաբերյալ ի դերև եղան, դատաիրավական համակարգը ոչ միայն զարգացում չապրեց, այլ ավելի խորացավ իր ճահճացած վիճակում, ինչն ուղղակի անթույլատրելի է և հասնում է ընդհուպ ազգային անվտանգության սպառնալիքի աստիճանի։ Եվ մենք՝ որպես նորաստեղծ ու հեղափոխության արժեքները դավանող ուժ, չենք հաշտվել իշխանության այդ անգործության հետ և մեր քայլերով, մեր գործողություններով ստիպելու ենք ի վերջո գնալ վեթինգի, իրականացնել անցումային արդարադատություն։ Այդ բարեփոխումները պետք է ընդգրկեն ինչպես դատական իշխանությունը, դատախազական, քննչական մարմինները, այնպես էլ նախ և առաջ՝ Սահմանադրական դատարանը, որի շուրջ ստեղծված ճգնաժամը հաղթահարելու փոխարեն, իշխանությունը գնաց նոր ճգնաժամ հարուցելու ճանապարհով՝ ի դեմս նոր ձևավորված Սահմանադրական դատարանի խայտառակ կազմի։
Բայց մենք չենք համակերպվելու այդ իրողության հետ և մեր նախաձեռնողականությամբ, գործնական քայլերով փորձելու ենք իրական փոփոխությունների հասնել։ Օրինակ՝ Սահմանադրական դատարանում որակական փոփոխությունների հասնելու նպատակով մենք նախատեսում ենք առաջիկայում նախաձեռնել «Սահմանադրական դատարանի» մասին օրենքում փոփոխությունների գործընթաց, որը կզուգակցվի նաև «Դատական օրենսգրքում» համապատասխան փոփոխություններով։ Զուգահեռաբար մենք ակտիվորեն աշխատում ենք Մարտի 1-ի, ինչպես նաև քաղաքացիներին սեփականության իրավունքից զրկելու գործերով ապօրինի դատական վճիռներ կայացրած դատավորների հետաքննության ուղղությամբ։ Իշխանությունների խոստացած, բայց տապալած վեթինգն իրականացնելու ենք մենք, քանի որ, առանց դրա, դատաիրավական համակարգը չի կարող առողջանալ։ Այս և բազմաթիվ այլ ուղղություններով մեր կուսակցությունն արդեն իսկ գործնական քայլեր է կատարել։
Մենք գիտենք ոչ միայն «ի՞նչ անել», այլ նաև «ինչպե՞ս անել» հարցերի պատասխանները։ Մեր գաղափարական, ծրագրային նպատակադրումները գործնականում կյանքի կոչելու համար կուսակցության կազմում արդեն իսկ ստեղծել ենք կառուցվածքային միավորները՝ աշխատանքային խմբեր՝ պետաիրավական, արտաքին քաղաքականության և անվտանգության, սոցիալ-տնտեսական հարցերի, կրթության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև սփյուռքի հետ աշխատանքների ուղղություններով։ Այս բոլոր ուղղություններով մենք զգալի աշխատանք ունենք կատարած նախորդիվ՝ «Հանուն Հանրապետության» նախաձեռնության ձևավորման առաջին իսկ օրից, հիմա այդ աշխատանքն ավելի արդյունավետ ու արգասաբեր է դառնալու արդեն կուսակցության կառուցվածքում։ Նշված բոլոր ուղղություններով մեր աշխատանքային խմբերը կատարելու են և շարունակելու են կատարել վերլուծական, հետազոտական աշխատանք, որի հիման վրա մշակվելու են երաշխավորություններ ու առաջարկություններ, ծրագրեր ու հայեցակարգեր, որոնք մենք ներկայացնելու ենք ինչպես Ազգային ժողովում, այնպես էլ արտախորհրդարանական տիրույթում։
Դուք, ըստ էության, խոսում եք այն օրակարգի, այն հարցերի մասին, որը գործող իշխանության օրակարգն է, համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության են եկել հենց համանման խոստումներով։ Արդյոք այս հանգամանքը ձեզ չի՞ նույնացնում գործող իշխանության հետ։ Ինչպե՞ս է հնարավոր հանդես գալ գրեթե նույնական օրակարգով և հայտարարել, որ գործում եք ընդդիմադիր դաշտում, չկա՞ արդյոք այդ հարցում հակասություն։
Շատ կարևոր հարց եք բարձրացնում, որը սկզբունքային, հայեցակարգային պարզաբանման կարիք ունի։ 2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանին տվել է իրապես զարգացած ու ժողովրդավարական երկիր դառնալու հնարավորություն, եզակի հնարավորություն։ Դա վերաբերում է նաև, իսկ գուցե՝ առաջին հերթին քաղաքական գործունեությամբ զբաղվելու ազատությանը։ Նախկինում, անցյալի Հայաստանում քաղաքականությունն ուներ առավելապես վիտրաժային բնույթ, քաղաքական գործունեության ֆունկցիոնալ նշանակությունը զրոյական էր, ինչի պատճառով շատ շատերը, այդ թվում՝ նաև ես, նախկին Հայաստանում չէինք զբաղվում քաղաքական գործունեությամբ։ Հեղափոխությունը Հայաստանին ազատել է այդ կապանքներից, ստեղծել է իրական քաղաքականությամբ զբաղվելու բոլոր նախադրյալները։ Խոսքս այնպիսի քաղաքականության մասին է, որը կարող է արդյունք տալ և երկարաժամկետ հեռանկարում դառնալ ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության, իշխանության խաղաղ հերթագայության գրավական։ Սա է պատճառը, որ ես և իմ համախոհները որոշել ենք զբաղվել քաղաքական գործունեությամբ։
Այսինքն՝ դրան մեզ դրդել է նաև ու առաջին հերթին հեղափոխությունը։ Եվ մենք բոլորս մեզ համարում ենք հեղափոխության արժեքների ու սկզբունքների պաշտպաններ, անգամ եթե ֆիզիկապես չենք մասնակցել հեղափոխությանը։ Որովհետև հեղափոխությունը որևէ մեկի, անգամ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ, այն իրականացրել է Հայաստանի հասարակությունը, և բոլորս դրա ինչպես շահառուներն ենք, այնպես էլ պաշտպանները։ Հետևաբար, ես ու իմ համախոհները, մեզ համարելով հեղափոխության շահառուներ, հեղափոխությամբ ստեղծված հնարավորությունից օգտվողներ, միևնույն ժամանակ մեզ պատասխանատու ենք համարում հեղափոխության, նրա արժեքների ու հռչակումների պաշտպանության հարցում։ Ընդ որում, կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ արժեքներն ու սկզբունքները առաջին հերթին հենց հեղափոխականներից պաշտպանելու անհրաժեշտություն է առաջանում։ Հետևաբար` մենք ոչ թե իշխանության տիրույթում ենք, ինչպես դուք եք նշում, այլ հեղափոխության, դրա շնորհիվ Հայաստանին տրված հնարավորության հարթությունում, որը ոչ միայն նույնական չէ իշխանության հետ, այլև շատ հաճախ հակոտնյա է իշխանությունից կուրացած շատ հեղափոխականների այսօրվա վարքագծին ու քայլերին։
Ընդդիմադիր դաշտի սահմաններն այսօր շատ լղոզված են։ Գոնե առերևույթ ընդդիմադիր դաշտում ակտիվ են հիմնականում նախկին իշխանության հետ ասոցացվող ուժերը։ Այս պայմաններում ինչպե՞ս եք դուք պատկերացնում ձեր գործունեությունը, եթե ընդդիմադիր ուղղվածությունը, ըստ էության զբաղեցված է այդ ուժերով։
Այո, իրավացի եք, քաղաքական դաշտը շատ լղոզված է, և ես արդեն խոսեցի դրա խորքային պատճառների մասին։ Հայեցակարգային առումով չափազանց կարևոր է քաղաքականություն երևույթը դիտարկելիս տարանջատել ձևը և բովանդակությունը։ Ձևի, ֆորմաների առումով կան բազմաթիվ ուժեր, դրանց միավորումներ, որոնք, սակայն, մերկ ու տկար են բովանդակային հարթությունում։ Այսինքն՝ քաղաքականության ձևը գերհագեցած է ամենատարբեր ուժերով, սակայն բովանդակությունը գրեթե դատարկ է։ Մենք գալիս ենք լցնելու հենց այդ բովանդակությունը՝ տուրք չտալով ձևին։ Եվ մենք մեր ամենօրյա, անդադար աշխատանքով պետք է հասարակությանը ապացուցենք, որ հենց մենք, այլ ոչ թե նախկինների հետ փոխկապակցված հին ու նոր ուժերն են այս իշխանության իրական՝ գաղափարական, ծրագրային այլընտրանքը։ Ես գիտակցում եմ, որ դա շատ բարդ աշխատանք է հատկապես այսօրվա տեղեկատվական ու քարոզչական աղմուկի մեջ, որն, ի դեպ, սնուցվում է հսկայական ֆինանսների և մեդիառեսուրսի տիրապետող նախկինների կողմից։ Բայց մենք, գիտակցելով բոլոր դժվարությունները, ստանձնում ենք այդ աշխատանքը կատարելու պատասխանատվությունը, քանի որ դա չանելը նշանակում է պետության ու հասարակության ապագան թողնել մի կողմից ոչ կոմպետենտ, շատ հարցերում ձախողած, անփորձ իշխանությանը, մյուս կողմից՝ առավելապես ռևանշի նպատակ հետապնդող, երկու տասնամյակ շարունակ Հայաստանը կեղեքած ուժերին։ Հայաստանն ու հայ ժողովուրդը, սակայն, արժանի են ավելի լավ ու լուսավոր այլընտրանքի, որն էլ ներկայացնելու ենք մենք։
Այդ նույն ընդդիմադիր ուժերի մի մասը՝ «Բարգավաճ Հայաստան», Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները, հայտարարել են հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք հրավիրելու մասին՝ նշելով, որ գործող իշխանությունները երկրի կառավարումը հասցրել են անթույլատրելի մակարդակի։ Հնարավո՞ր է դուք ևս որևէ կերպ մասնակցեք այդ հանրահավաքին, կամ եթե ոչ այդ հանրահավաքի, այլ ուրիշ հարցերում ունենաք շփման եզրեր այդ ուժերի հետ։
Միանշանակ պատասխանեմ՝ ոչ, բացառված է այդ ուժերի հետ որևէ ձևաչափով, որևէ նպատակի շուրջ որևէ համագործակցություն, այդ թվում ու առավել ևս՝ նրանց կազմակերպած միջոցառումներին մասնակցությունը։ Եվ դա պայմանավորված է այն սկզբունքային, հայեցակարգային պատճառներով ու տարբերություններով, որոնց մասին ես արդեն խոսեցի. «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հեղափոխության արժեքներով ու սկզբունքներով տոգորված քաղաքական ուժ է, որն իր առաքելություններից մեկն է համարում հեղափոխությամբ Հայաստանին տրված բացառիկ հնարավորության պաշտպանությունն ու իրացումը, այն դեպքում, երբ ձեր նշած ուժերն իրենց ծագումնաբանությամբ, էությամբ ու նպատակներով հակահեղափոխական միավորներ են, ծառայում են հակահեղափոխությանը, այդ թվում՝ ռևանշի օրակարգերին։
Բացի դրանից՝ նրանք քաղաքական դաշտը լցնում են կեղծ, արհեստական օրակարգով, որևէ հանրային աջակցություն չունեցող հրաժարականների, արտահերթ ընտրությունների պահանջներով, որոնք ինքին անգամ ուշադրության արժանի չեն, սակայն քաղաքական, հանրային էներգիան ու էներգետիկան շեղում են երկրի իրական օրակարգերից, իմ նշած արմատական բարեփոխումների իրականացման օրակարգերից։ Նրանց արածը ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքականության իմիտացիա, որին մենք բնականաբար չենք պատրաստվում մասնակից լինել։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև այն, որ ձեր նշած ուժերի թվում են նրանք, որոնց առաջնորդների մասին ոչ պատվաբեր հիշատակումներ կային տակավին վերջերս բացահայտված «Դոսյե» կենտրոնի սկանդալային հրապարակումներում, պատկերն ավելի ամբողջական ու ողբերգական կդառնա։ Ի՞նչ է ստացվում, Հայաստանը փորձում են «փրկել» մարդիկ, որոնք իշխանության գալու իրենց նպատակին հասնելու համար պատրաստ են համագործակցել անգամ սատանայի, տվյալ դեպքում՝ օտար երկրի հատուկ ծառայությունների հետ։ Իրականում Հայաստանն ու հայ ժողովրդին է պետք փրկել այդ կեղծ «փրկիչներից», որոնք փաստորեն պատրաստ են դավաճանել իրենց ճառերում որպես սրբություն սրբոց ներկայացվող հայրենիքին։ Մի՞թե Հայաստանն ու հայ ժողովուրդը արժանի են նման խարանի, նման «փրկիչներ» ունենալու դատապարտվածության։ Խորապես համոզված եմ՝ ոչ։ Եվ մենք՝ «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը, երկրի ապագայով իրապես մտահոգ ուժերի ու անհատների հետ համագործակցությամբ կապացուցենք դա։