Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական բազայի հրամանատարն է փորձում թելադրել, թե ինչ կարգով քննել Ա. Ռագիլդեևի գործով դատական նիստերը. ՀՔԱՎ

Սեպտեմբեր 23,2020 21:44

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2019 թ.-ի օգոստոսի 16-ից մինչ օրս ռուս զինծառայող  Ա. Ռագիլդեևի գործով դատական նիստեր չեն կայանում՝ պայմանավորված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կալանքը կրելու հանգամանքով:

Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարն  ակնհայտ անհիմն պատճառաբանություններով հրաժարվում է դատարան ներկայացնել Ա. Ռազգիլդեևին` խոչընդոտելով արդարադատության իրականացմանը:

Հիշեցնենք՝ 2018 թ.-ի դեկտեմբերի 2-ին Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ալկոհոլի ազդեցության տակ դաժան ծեծի էր ենթարկել գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանին, դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցրել կնոջ գլխին ու մարմնի տարբեր մասերին, ապա՝ դիմել փախուստի: Ստացած վնասվածքներից Ջ. Ղուկասյանը նույն օրը մահացել էր Գյումրու բժշկական կենտրոնում:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրվող Ա. Ռազգիլդեևի խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Այդ մասին որոշումն ընդունելու պահից՝ նա պատիժը կրում է ռազմաբազայի տարածքում։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների՝ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի և փաստաբաններ Ա. Զալյանի ու Հ. Հակոբյանի միջնորդությունը՝ նրան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան ՀՀ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ, մերժվել է վարույթն իրականացնող մարմնի ու հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Դատական կարգով վիճարկման արդյունքում ևս՝ որոշումն անփոփոխ է թողնվել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Սեպտեմբերի 24-ի նիստին ընդառաջ՝ ռուսական ռազմաբազայի հրամանատար Ն. Մարտինյուկը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանին՝ առաջարկելով դատական նիստերն անցկացնել ռուսական բազայի տարածքում՝ տեսակապի միջոցով՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

 Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել