Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ

Սեպտեմբեր 23,2020 19:01

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների բաց նամակի հետ կապված

Սեպտեմբերի 21-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ նախագահ Սարգսյանն իր խոսքում նշել էր. «Ես մաղթում եմ, որ մեր բոլոր բժիշկները, բժշկական սպասարկման աշխատողները՝ շտապօգնության վարորդներից սկսած մինչև բժիշկներ, գլխավոր բժիշկներ, իրենց արժանին և գնահատականը ստանան մոտ ապագայում, որովհետև նրանք բոլորը հսկայական ներդրում ունեն կորոնավիրուսի դեմ պայքարում»:

Հանրապետության նախագահը չի կարող պետական պարգևներով պարգևատրել կամ պատվավոր կոչումներ շնորհել իր հայեցողությամբ: Համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի՝ Հանրապետության նախագահը պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա: Հանրապետության նախագահին միջնորդությամբ դիմելու իրավասություն ունեն ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները:

Ինչ վերաբերում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների նամակին, այդ կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը կապ է հաստատել նրանց ներկայացուցչի հետ և հրավիրել հանդիպման Հանրապետության նախագահի նստավայր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ». Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել էր, որ հարյուր և ավելի բուժաշխատողներ մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով, պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները:

Գևորգյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունից վարչապետի աշխատակազմը ստացել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրած ջանքերի համար մի շարք բուժաշխատողների պարգեւատրման առաջարկություն. «12 բուժաշխատողներ ներկայացվել են պետական պարգեւի սեպտեմբերի 21-ին, իսկ 100 եւ ավելի բուժաշխատողները մոտ օրերս կպարգեւատրվեն վարչապետի հուշամեդալով եւ շնորհակալագրով։ Նշեմ, որ պարգեւատրվող բուժաշխատողների թվում են նաեւ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի ներկայացուցիչները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930