Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ պատկեր․ Շիրակի մարզի վեց գյուղ առաջին դասարան չունի

Սեպտեմբեր 23,2020 17:56

Այս տարի Շիրակի մարզի 6 դպրոցներ չունեն առաջին դասարանցիներ։ Խոսքը Հայկասար, Սալուտ, Կաքավասար, Շաղիկ, Զարիշատ, Լեռնուտ, Նոր Ախուրյան գյուղական համայնքների մասին է։

Այս մասին Aravot.am-ի զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։

Հրայր Կարապետյանի լուսանկարը՝ նրա ՖԲ էջից

Թե ո՞րն է պատճառը, Շիրակի մարզպետարանի պաշտոնյան նշում է․ «Այս բնակավայրերում խնդիրը միայն առաջին դասարանցիներ չունենալը չէ, նախորդ տարի էլ կային դպրոցներ նշված ցանկից, որոնք դարձյալ առաջին դասարան չունեին։ Մտահոգված ենք, որ հաջորդ տարի ևս կունենանք դպրոցներ, որոնք այս ցանկում են գտնվում և չեն ունենա առաջին դասարանցիներ։ Դա պայմանավորված է տվյալ բնակավայրի ծնելիության մակարդակի, ինչպես և արտագաղթի, ոչ բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ։ Դրանք բարենպաստ չեն կյանքի բնականոն հունը շարունակելու, մարդիկ տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր կամ հարակից բնակավայրեր»։

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանն էլ մեր զրույցում ասաց, որ թվարկված գյուղական համայնքները սոցիալապես խիստ արտահայտված վատ վիճակում չեն գտնվում, քանի որ այդ տարածքները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ։ Օրինակ՝ Հայկասարը, որը Արթիկի նախկին տարածաշրջանում է գտնվում, պաշտոնյայի բնութագրմամբ՝ փոքր գյուղ է, բայց ոչ աղքատ։ Այնտեղ բավական մեծ զարգացում ունի հողագործությունն ու անասնապահությունը, այնտեղից, ըստ Արամ Անտոնյանի, արտագաղթը փոքր չափերի է։

Ըստ մեր զրուցակցի, Սարապատ և Արփի միավորված համայնքների տարածքներում գտնվող գյուղական գրեթե բոլոր բնակավայրերում էլ զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, այնպես չէ, որ մարդիկ չեն կարողանում իրենց օրվա հացը վաստակել։ Ավելին, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հիմնականում Արփիի և Աշոցքի, Սարապատի գյուղական բնակավայրերից են կաթ գնում։

Համայնքների միավորումից հետո էլ որոշակի ծրագրեր են իրականացվել, ենթակառուցվածքներն են զարգանում, որը և Արամ Անտոնյանի ասելով՝ նպաստող հանգամանք է, որ բնակիչները մնան և ապրեն իրենց բնակավայրերում։

Այնտեղ, ըստ պաշտոնյայի, նույնիսկ այսօր ազատ գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողատարածքներ ձեռք բերելն է դժվար․ մրցակցություն կա, հետաքրքրությունն ավելի մեծ է, տեղանքները բիզնես հետաքրքրություն են ներկայացնում, մարդիկ հողատարածքներ են վերցնում, մշակում, բայց մշտական բնակիչ չեն դառնում, նաև զբոսաշրջային առումով է հեռանկարային։

Նշենք, որ Սալուտը, Կաքավասարը Սարապատ խոշորացված համայնքի տարածքում են, իսկ Շաղիկն ու Զարիշատը Արփի խոշորացված համայնքի տարածքում են՝ սահմանամերձ գյուղեր են։ Լեռնուտը Մարմաշեն խոշորացված համայնքի մեջ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930