Գերմանիան չի ճանաչում Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ որպես Բելառուսի լեգիտիմ նախագահի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը։
«Միայն այն հանգամանքը, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը պատրաստվել է գաղտնիության պայմաններում և ընթացել առանց հանրության ներկայության, շատ խոսուն է»,- ասել է նա։
Զայբերթը հիշեցրել է, որ դեռևս օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո՝ պաշտոնական Բեռլինը հայտարարել էր, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների նվազագույն պահանջներին, ազատ և արդար չեն եղել, ուստի Բեռլինը չի ճանաչում ընտրության արդյունքները։
«Իսկ դա նշանակում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօրվա արարողությունից հետո էլ չի կարող ժողովրդավար լեգիտիմ նախագահ լինել»,- ասել է կառավարության ներկայացուցիչը։
Կարդացեք նաև
Գերմանիան Բելառուսից պահանջում է դադարեցնել խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը, ազատ արձակել քաղբանտարկյալներին և երկրում ազատ երկխոսություն սկսել։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ օգոստոսին կայացած ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ընտրողների քվեների 80 տոկոսից ավելին։ Ընտրության արդյունքները, սակայն, ընդդիմությունը չի ընդունում, և երկրում շարունակվում են բողոքի ցույցերը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ