Նոր Նորք վարչական շրջանում կուսակիցների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանրությանը հորդորեց, որ ինչ ասում է՝ ուշադիր լսեն:
«Հունիսի 5-ին երբ ելույթ ունեցա, ասացի, որ մեր տնտեսության, մեր ժողովրդի վիճակը ծանր է, որ հարկավոր է քայլեր կատարել, ժողովրդի կողքին կանգնել, աջակցել՝ ինչպես ամբողջ աշխարհում են պետությունները կանգնած ժողովրդի կողքին: Ինչ-որ անհրաժեշտ է քաղաքացուն, պետությունը պետք է ձեռք մեկնի, որպեսզի քաղաքացին ունեցվածքը չկորցնի, անգործ չմնա, չաղքատանա:
Մինչեւ այսօր ոչ մի քայլ չեն կատարել, կառավարիչներն անփորձ են: Ժողովուրդն այսօր շատ բան չի ուզում: Ուզում է, որ իր մասին մտածեն, ինքը այս վիճակից դուրս գա, որ չկորցնի ոչ տունը, ոչ գործը»,- հայտարարեց նա:
Գործող իշխանությունների մասին խոսելով՝ ԲՀԿ առաջնորդը հիշեցրեց. «Ինչ ասում եմ, թող ցանկացած տնտեսագետ, ցանկացած կառավարիչ հայտարարի, որ Ծառուկյանը ճիշտ չի ասում: Ոչ մի բան չեն հակադարձում, միայն ֆեյքերով, դատարկ-դատարկ խոսելով՝ անպատվում են: Այս երկրի ծոցից ելած մա՞րդ եք: Հեղափոխության ժամանակ ժողովրդի հետեւից ման էիք գալիս՝ խնդրելով, թե ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, մեր կողքին կանգնեք, իշխանությունը դուք եք: Այսօր առավոտից՝ երեկո ժողովուրդը դրսում կանգնած՝ որ տունն է կորցնում, գործն է կորցնում, մնում է աղքատ ու անգործ, որեւէ մեկը չի լսում», -ասաց Գագիկ Ծառուկյանը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հոկտեմբերի 8-ին կայանալիք համապետական հանրահավաքին՝ Ծառուկյանն անհրաժեշտ համարեց, որ մարդիկ գան Ազատության հրապարակ եւ իրենց ձայնը բարձրացնեն իրենց իսկ խնդիրների լուծման համար: «Մենք անելու ենք հանրահավաք: Հանրահավաքը պատերազմ չէ, մարդիկ պետք է գան, իրենց ձայնը բարձրացնեն, ասեն՝ այո, այս խնդիրները լուծել անհրաժեշտ է մեր ժողովրդի համար»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ