Քիչ առաջ խմբագրություն ահազանգեց երեկվանից «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ում (Նուբարաշենի հոգեբուժարան) գտնվող Ա․Ղ․-ն (անձնական տվյալները չենք նշում. խմբ)։ Վերջինիս պատմելով՝ առիթ կար, մի քիչ գինովցած էր, մի պահ ջղայնացել է ու դուրս եկել վերահսկողությունից։ «Աղի հանքում բուժում ստացող ինչ որ մեկի ահազանգով են ինձ՝ շտապ օգնության մեքենայով տեղափոխել են էստեղ։ Ես ոչ մի խնդիր չունեմ։ Զոռով հոգեմետ դեղեր են սրսկում։ Ասում եմ՝ ես հիվանդ չեմ, մի սրսկեք, ասում են՝ մարդիկ խնդրում են, ուրիշները նույնիսկ փող են տալիս, որ դիազեպամ սրսկենք, իսկ դու չես ուզում»,- պատմեց Ա-ն։
Նա փորձել է զանգահարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, արգելել են՝ պատճառաբանելով չի թույլատրվում։
Ա․Ղ․-ն հունիսին է ազատվել ՔԿՀ–ից, հիվանդացել ու բուժում էր ստացել «Էրեբունի բժշկական կենտրոնում»։ «Դեռ լավ չեմ կազդուրվել, ասում եմ՝ բորբոքում է սկսվել, ուրոլոգի կոնսուլտացիա է պետք՝ չեն կանչում», –ասաց Ա-ն։ Նրա խոսքով, մարմնի վրա բռնության հետքեր, կապտուկներ կան, բայց կենտրոնում չեն արձանագրել դրանք։ Ահազանգողի խոսքով, ինքը ոստիկանությունում է բռնության ենթարկվել։ «Ստեղի գլխավոր բժիշկը ասաց, որ ինքը հիվանդ չի, բերել են հոգեբուժարան՝ ո՞ր ինչ անեն։ Ասում են՝ վաղը դուրս կգրեն, բայց չեմ հավատում, դրա համար ահազանգում եմ՝ փրկեք ինձ»,- ասաց Ա-ն։
Ի դեպ, նա նաեւ լուսանկարներ է ուղարկել՝ նշելով, որ չեն պահվում հակահամաճարակային կանոնները՝ առանց դիմակների, առանց ձեռնոցների ու չկա ոչ մի ախտահանիչ հեղուկ։
Կարդացեք նաև
Նախկին դատապարտյալը խնդրի մասին տեղյակ է պահել «Հանուն ազատության» նախաձեռնող խմբին, որը զբաղվում է ինչպես դատապարտյալների ու կալանավորված անձանց խնդիրներով, այլ նաեւ՝ նախկին դատապարտյալների ինտեգրման հարցերով։
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը մեր հեռախոսազրույցում ասաց, որ բուժառուին կենտրոն են բերել ոստիկանները ու կենտրոնի հերթապահ բժշկին նա ասել է, որ ուզում է հոժարակամ բուժվել ու ստորագրել է համապատասխան փաստաթղթերը։ «Միայն այսօր առավոտյան է ասել, որ հրաժարվում է բուժումից, բայց ասեմ, որ ինքը ունի ագրեսիվ վարքագիծ, ու ըստ հարազատների՝ ալկոհոլ օգտագործած վիճակում լրիվ անկառավարելի է դառնում»,–ասաց Ս․ Խաչատրյանը։
Նրա խոսքով, հինգշաբթի կենտրոնի հոգեբուժական հանձնաժողովը կհետազոտի պացիենտին, ու եթե բուժման կարիք չլինի՝ անհապաղ դուրս կգրվի։ «Իսկ եթե պարզվի՝ ունի շեղումներ ու բուժման կարիք, ապա գործը կուղարկվի դատարան ու դատարանը կորոշի՝ հարկադիր բուժե՞լ նրան, թե՞ ոչ»,-նշեց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է առկա բռնության հետքերին, ապա ըստ գլխավոր բժշկի՝ անգամ մի թեթեւ քերծվածք արձանագրվում է։ Կենտրոնում, տնօրենի խոսքով, կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվում են, ու գուցե պահի տակ՝ դիմակ չեն դրել։
Ինչպես Ա․Ղ–ն, այնպես էլ կենտրոնում բոլոր բուժում ստացողներին թույլատրվում է հեռախոս պահել, բացի գիշերային ժամերից ու կարող են ամեն տեղ զանգահարել։ «Ինչպես զանգահարել է Ձեզ, այնպես էլ կարող է ՄԻՊ զանգել։ Բացի անձնական հեռախոսներից, կենտրոնում կա նաեւ տեղադրված հեռախոս, որով կարող են անվճար զանգահարել պատկան թեժ հեռախոսագծերին կամ նրանց՝ ում անհրաժեշտ են գտնում»,–ասաց կենտրոնի տնօրենը:
Ի դեպ, Սերգեյ Խաչատրյանը մեզ հրավիրեց կենտրոն՝ անձամբ ծանոթանալու պայմաններին։ Նշենք, որ առաջիկայում կայցելենք «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ