Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է, որ հանրապետությունում գունավոր հեղափոխությունը տապալվել է, թեպետ պետականությանն աննախադեպ մարտահրավեր էր նետված։
«Մեր պետականությանն աննախադեպ մարտահրավեր էր նետված, անկախ պետություններին ոչնչացնելու բազմիցս փորձված, անխափան գործող տեխնոլոգիաների մարտահրավեր։ Բայց մենք այն քիչ պետություններից ենք, եթե ոչ միակը, որտեղ «գունավոր հեղափոխությունը» չստացվեց։ Եվ դա բելառուսների ընտրությունն է, որոնք ոչ մի դեպքում չեն ուզում կորցնել երկիրը»,- հայտարարել է Լուկաշենկոն և հավելել, որ չնայած դրսից հրահրումներին՝ իրենք պահպանել են հարգանքը միմյանց նկատմամբ։
Նշենք, որ այսօր տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը։ Լուկաշենկոն 6-րդ անգամ անընդմեջ ստանձնում է Բելառուսի նախագահի պաշտոնը։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ օգոստոսին կայացած ընտրություններում Լուկաշենկոն հավաքել էր ընտրողների քվեների 80 տոկոսից ավելին։ Ընտրության արդյունքները, սակայն, ընդդիմությունը չի ընդունում, և երկրում շարունակվում են բողոքի ցույցերը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ