Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Հովհաննիսյանը` ընդդիմադիր ուժերին. «Ողբամ զձեզ, ձեր ողորմելի նպատակը»

Սեպտեմբեր 23,2020 15:13

«Ես հեղափոխությամբ ներշնչվածներից եմ, մասնակիցը չեմ եղել, բայց չունենալով քաղաքական լավատեսություն՝ ես այս հեղափոխությամբ լավատես դարձա քաղաքականապես եւ հիմա էլ եմ լավատես»,-«Արարատ» մամուլի ակումբում ասաց արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանը։

«Ես կարող եմ վեճ ունենալ, վերապահություններ, քաղաքական համակրանքներ ու հակակրանքներ՝ ինչպես ամեն մտածող մարդ, բայց ես հիմա քաղաքականապես լավատես եմ…Ընդունված չէ անկեղծ խոսելը, մարդիկ իրենց համար մի կերպ են խոսում, միկրոֆոնի եւ կամերայի առաջ` ուրիշ կերպ, ես հիմա անկեղծ եմ եւ նույն կերպ եմ խոսում…Սկզբից մտածել եւ բարձրաձայն ասել եմ, նույնիսկ վարչապետի հետ անձնական զրույցում ասել եմ, որ մեծ բաների չեմ սպասում, ես լավ բաների եմ սպասում:

Մեծ բաների չի կարելի սպասել…մեր հնարավորություններին նայենք, մեր դրությանը նայենք, կողոպտված երկրին նայենք: Եվ ի՞նչ` կախարդական փայտիկով հեղափոխությունը եղավ, ուրեմն վաղը չէ մյուս օրը կամ երկու տարի հետո պետք է աշխատավարձերը բարձրանա՞ն…Այսպես չի կարելի մտածել, այսինքն`քաղքենին մնում է քաղքենի»:

Հենրիկ Հովհաննիսյանն ընդգծեց, որ ինքն ամենից շատ վախենում է քաղքենուց. «Քաղքենին դատում է իր բարեկեցության դիրքից…Եվ զարմանալի է, որ այդպես կարող են դատել նաեւ մտավորական միջավայրի մարդիկ, իրենց մտավորական համարողները…Ասում են` ի՞նչ փոխվեց մեր կյանքում… Ներեցեք` իսկ ի՞նչ էիր ուզում, որ այդքան արագ փոխվեր: Օրինակ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել, իմ կյանքը նույնն է եղել` եւ սովետական, եւ հետսովետական ժամանակ, եւ հիմա…Գիտաշխատողի վիճակը նույնն է, եւ դրա դեմ բողոք բարձրացնելը ես համարում եմ շատ անխոհեմ ու նույնիսկ տգեղ բան: Ես այդ բողոքը չեմ բարձրացնում»:

Արվեստագիտության դոկտորն ասում է, որ ինքը սոցիալական սանդուղքի վերին աստիճանին չի կանգնած, բայց չի դժգոհում, միաժամանակ տխրությամբ եւ վախով նկատում է, որ իր խոսքով` մեր իրականության մեջ քաղաքացիական գիտակցություն չկար եւ հիմա էլ չկա:

Անդրադառնալով մի քանի ընդդիմադիր ուժերի հանրահավաքին, Հենրիկ Հովհաննիսյանը կարծիք է հայտնում, որ չկան գաղափարներ եւ չկա գաղափարախոսություն, որ նրանց միավորի. «Հայտարարեցին մի բան, որ իրենց նպատակն է շուտափույթ ազատվել Նիկոլ Փաշինյանից, ողբամ զձեզ, եթե դա է ձեր ողորմելի նպատակը, ուրիշ նպատակ չունե՞ք…Ես կուզենամ տեսնել, թող հրապարակեն իրենց գաղափարախոսությունը, ծրագիրը, անելիքները, որտե՞ղ են նրանց առաջարկները, եթե իմ առաջ դրական ծրագիր լինի, առաջարկեր, որ մարդկանց մտածել կտան, ես կանցնեմ նրանց կողմը, ամբողջ ձայնով կսկսեմ նրանց կողմից խոսել…Իրականում այդ ուժերն իրար հետ համաձայնության գալ չեն կարող, որովհետեւ ամեն մեկն իրեն թագավոր է պատկերացնում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930